ՀՀԿ խմբակցության ղեկավարը Վանաձորում ստեղծված իրավիճակի մասին

    • Հարցազրույց - 06 Հոկտեմբերի 2016, 10:51
Վանաձորում ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել ենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ

Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում Վանաձորում ստեղծված իրավիճակը, որտեղ «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ծեծի է ենթարկել Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդին։ Հիմա էլ վարզ դարձավ, որ վերջինս կների Փելեշյանին։

Ես մամուլից եմ տեղեկացել դեպքի մասին։ Միայն կարող եմ ասել, որ հոգևորականը՝ Ռաֆայել Գրիգորյանը, վերին աստիճանի պարկեշտ անձնավորություն է, ու ես զարմանում եմ, որ մամուլում գրում են կաշառք բաժանելու վարկածի մասին։ Դա բացարձակապես հեռու է նման ինտելեկտուալ կարողություններ, նման կենսագրություն, նման հավատք ունեցող մարդու համար։ Այսքան տարիների ընթացքում, բացի Աստծո հանդեպ նվիրվածությունից, որևէ այլ բան ես չեմ տեսել։

Իսկ ի՞նչ կարծիք ունեք Արկադի Փելեշյանի մասին, ճանաչո՞ւմ եք նրան։ Ասում են՝ նա թաղային հեղինակություն է, Վանաձորում վախի մթնոլորտ է ստեղծում։

Այո՛, ճանաչում եմ։ Չեմ կարծում, որ վախի մթնոլորտ է ստեղծում, համենայն դեպս մեր  մեծերի հանդեպ իրեն միշտ պարկեշտ է պահել։ Բայց եթե նման երևույթներ տեղի են ունենում, դա արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս, և իրավապահները զբաղվում են դրանով։ Ընդհանուր առմամբ, տհաճ միջադեպ է։ Ընտրություններից հետո միշտ կրքերի բորբոքումներ են լինում, բայց մենք բազմիցս հորդորել ենք, որ ընտրություններից հետո կան մարդկային հարաբերություններ, որոնք պետք է պահպանվեն բարձր մակարդակի վրա։ Մենք դատապարտում ենք նման երևույթները, և չէի ցանկանա, որ այդ երիտասարդը, որ իր առաջին մանկական քայլերն է կատարում քաղաքականության մեջ, նման ռեյտինգ ունենար, նման բնութագիր գրեր իր կենսագրության մեջ։ Ցավով եմ սա ասում, որովհետև նա իմ համաքաղաքացին է, ես տարբերակում չեմ դնում, թե որ կուսակցությունից է կամ անկուսակցական է, նրանք բոլորն իմ համաքաղաքացիներն են։

Վանաձորում ու Գյումրիում հետընտրական թեժությունը պահպանվում է՝ հաշվի առնլով, որ Գյումրիում էլ ԲՀԿ-ն է հայտարարում, որ ՀՀԿ-ն ստացել է ոչ թե 17, այլ 14 մանդատ, որ իրենք դեռ կարող են ընդդիմադիր ուժերով միավորվել ու քաղաքապետ նշանակել։

Ասեք՝ բավարարվեք ձեր հավաքած ձայներով և նման հեքիաթների մի հավատացեք։ Պարզ թվաբանություն է։ Ես մաթեմատիկոս եմ, համբերատար բացատրում եմ թվաբանությունը նոր սովորողների համար, բայց չէի ցանկանա այդ թեմային անդրադառնալ, որովհետև այստեղ պարզ թվաբանություն է, կարող են իրենց մաթեմատիկական հակում ունեցող ներկայացուցիչներին ուղարկել այնտեղ, և միասին այդ հաշվարկը կատարեն։

Կարծիք կա, որ եթե Արկադի Փելեշյանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվեր, ապա Վանաձորում միանշանակ կհաղթանակեր՝ հաշվի առնելով նաև ՀՀԿ-ի աջակցությունը, նաև մերձավոր կապերը ՀՀԿ-ի հետ։

Հանրապետականից ով էլ որ առաջադրվեր, տոկոսային հարաբերությամբ շատ չնչին տարբերություն կարող էր լինել։ Իսկ մեր թեկնածուն ապացուցեց, որ ինքը թաղային հեղինակություն չէ, որովհետև երբ նայում ենք նրա հավաքած ձայներին, նա համատարած հարգանք է վայելել ամբողջ քաղաքով մեկ։

Բայց նրան չհաջողվեց հավաքել 40 տոկոս, որպեսզի կարողանա քաղաքապետ ընտրվել։

Մենք որևէ անգամ նման խնդիր չենք դրել։ 8 կուսակցությունների մեջ պետք է մյուսներին անտեսեինք ու մրցակից չհամարեի՞նք։ Մեր նախնական տվյալներով, մոնիտորինգի արդյունքներով 35-37 տոկոսի սահմանագիծն ենք ունեցել։

Փաստորեն այս դեպքում ՀՀԿ-ն որոշեց առաջադրել մեկին, որ վարկաբեկված չէ, քաղաքի նոտարն է։

Եթե մենք ընտրեինք դասախոսի կամ մանկավարժի, պիտի ասեիք՝ ընտրեցիք դասախոսի կամ մանկավարժի՞։ Նա կայացած իրավաբան է, նաև եղել է նոտարների միության նախագահը, բավական լուրջ հարգանք է վայելու քաղաքում։ Ճիշտ է, քաղաքականության մեջ շատ թրծված չէ, բայց քաղաքականության բոլոր էլեմենտներին տիրապետող անձնավորություն է։ Նա բոլոր թոհուբոհերին հետևողական է եղել։ Մենք ընտրել ենք շատ ճիշտ թեկնածուի և համոզված ենք, որ մեր բոլորի, այդ թվում՝ մեր ընդդիմադիր գործընկերների աջակցությամբ շատ լավ կաշխատի։

Իսկ հնարավոր չե՞ք համարում, որ նա կարող է ուղղակի քաղաքապետ չդառնալ՝ հաշվի առնելով «Լուսավոր Հայաստանի» առաջարկը «Հայկական վերածնունդին» և ԲՀԿ-ին՝ միավորվել ու ընդդիմադիր քաղաքապետ ընտրել։ ՀՀԿ-ն «Հայկական վերածնունդի» հետ բանակցո՞ւմ է։

Մի շտապեք, սպասեք, երկուշաբթի օրը պարզ կլինի։ Քաղաքական ուժեր են, բա իհարկե, պետք է բոլորի հետ էլ բանակցել։ «Հայկական վերածնունդի» հետ մենք որևէ անգամ չենք բանակցել։ Առայժմ իրենք են իրար հետ բանակցում, ինչո՞ւ խանգարենք այդ մարդկանց բանակցություններին։

Այսինքն՝ չեք բացառո՞ւմ, որ Մամիկոն Ասլանյանը հնարավոր է չդառնա քաղաքապետ։

Անկեղծ ասած, արդեն 13 տեղ ունենալու պարագայում շնորհավորել եմ Մամիկոն Ասլանյանին հաջողության համար, իսկ մնացածը ցույց կտան Վանաձորի ավագանիում քաղաքապետի ընտրությունները։