Հայաստանը եվրոռեմոնտի կարիք ունի. Տիգրան Խզմալյանը կուսակցություն է հիմնում

    • Հարցազրույց - 06 Հոկտեմբերի 2016, 08:58
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը մի խումբ համախոհների հետ կստեղծի եվրոպական ուղղվածության կուսակցություն՝ «Եվրոպական ընտրություն» անվանումով

Պարոն Խզմալյան, նոր կուսակցություն եք որոշել հիմնել՝ Եվրոպական ընտրություն անվանումով։ Նշում եք, որ Հայաստանը եվրոռեմոնտի կարիք ունի։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ այն կարող է հաջողել ոչ սակավ կուսակցությունների ֆոնին։

Կարծում եմ՝ վերջին տարիներին, իսկ հատկապես վերջին օրերին արևմտյան և ռուսական նախագծերը, որոնք իրարամերժ են դարձել, միանգամայն փոխել են դինամիկան և հակակշիռը։ Եվ վերջին տարիներին ստեղծված իրավիճակը կտրուկ փոխվել է՝ հօգուտ արևմտյան նախագծի։ Ինչ վերաբերում է Հայաստանին, նշանակում է, որ մենք ոչ թե կարող ենք, այլ պարտավոր ենք կատարել քաղաքակրթական ընտրություն, և այս առումով ուշացումը մեզ համար շատ ծանր քաղաքական, տնտեսական և այլ հետևանքներ է ունենալու։ Այնպես որ, իմ գաղափարը բոլորովին նոր կամ անսովոր չէ, այդ գաղափարը օդում կախված է, և դա վաղուց էր պետք իրականացնել։ Ինչ-ինչ պատճառներով դա չեն անում ուրիշները, մի խումբ համախոհներով որոշեցինք մենք անել։ Հայաստանը պետք է միանա Եվրոպային, պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին և վերադառնա եվրոպական ընտանիք՝ միանալով համամարդկային արժեքներին, որը մեր մշակույթի և մեր քաղաքակրթության ոգուն է պետք։

Վերջին տարիներին եվրոպական ուղղությունը որդեգրած կուսակցությունները չեն հաջողել։ Ի՞նչն է եղել պատճառը, և արդյոք այս ամենը դուք հաշվարկել եք, թե որքանով է դա հնարավոր։

Որքանով է դա հնարավոր՝ ինձ համար հարցադրում չէ, ես այսպես կասեի՝ որքանո՞վ է դա անհրաժեշտ։ Ըստ իս՝ սա կենսական անհրաժեշտություն ունի։ Ինչ վերաբերում է ձեր նշած փորձերին, ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ նման փորձերը եղել են գոնե անկեղծ։ Մեծ մասամբ նման փորձերը եղել են իմիտացիոն, կրել են միանգամայն կոնյունկտուրային բնույթ, և բացառությունները շատ քիչ են։ Կա երկու կուսակցություն՝ ԱԻՄ և Ազատ դեմոկրատներ, որոնք հետևողականորեն իրականացնում են այդ սկզբունքները, կան առանձին գործիչներ, որոշակի խմբեր, ՀԿ-ներ, որոնք դավանում են արևմտամետ կոչվող արժեքներին, որոնք համամարդկային են՝ դա ազատականացումն է, օրենքի առաջնահերթությունն է, ժողովրդավարությունն է։ Ընդհանուր առմամբ, այդ ամենը կա մեր սահմանադրության մեջ, բայց բոլորս լավ գիտենք, որ սահմանադրությունը չի գործում։ Ուստի բոլորիս խնդիրն է աշխատեցնել սահմանադրությունը, այն իրական դարձնել։

Կհասցնե՞ք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնել։

Բնականաբար հայտ ներկայացնել կհասցնենք, մասնակցել՝ չգիտեմ, որքան է տևելու արդարադատության նախարարության կողմից գրանցման գործընթացը։ Փորձելու ենք հասցնել, դա գերխնդիր չէ, որովհետև պատմության ընթացքը, ինչպես ասում է մեր երկրում մի հայտնի քաղաքական գործիչ, անշրջելի է։ Տվյալ դեպքում անշրջելի է հակառակ ուղղությամբ, այն ուղղությամբ, որը նա էր նշում։ Հիշո՞ւմ ենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ասում էր, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանն անշրջելի է։ Պատմությունը և վերջին տարիները ապացուցեցին, որ ճիշտ էին հենց այն այսպես կոչված 20-30 ջղաձգվածները, որոնք պնդում էին ճիշտ հակառակը։ Անշրջելի է Հայաստանի ընթացքը ԵՏՄ-ից և այդ բոլոր կայսերական ցնորքներից դուրս։ Դա ոչ թե միայն անշրջելի է, այլ կենսական անհրաժեշտություն է մեր երկրի համար։ Դա մեր ազգային անվտանգության հարցն է, ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը, դա մեր քաղաքական կայունության խնդիրն է, ինչպես ցույց տվեց այս տարվա հուլիսը, դա մեր քաղաքակրթական գոյության խնդիրն է, ինչպես ցույց տվեց 20-րդ դարը։ 21-րդ դարում մենք պետք է վերադառնանք Եվրոպա, որը սկսվել էր մեր տարածաշրջանում նաև հայերի ջանքերով, նաև հայերի քաղաքակրթական ներդրումով։ Այնպես որ, այստեղ որևէ նոր բան չկա, մենք ընդամենը պետք է շրջենք այդ խայտառակ էջը կամ միգուցե էջերը, չպետք է հակադրվենք աշխարհին և Եվրոպային, ինչպես անում է Ռուսաստանը։ Դա քաղաքական և քաղաքակրթական փակուղի է, մենք չպետք է թույլ տանք, որ մեզ ներքաշեն այս ծուղակը։

Պարոն Խզմալյան, նոր կառավարությունը ձևավորվեց, բայց ԱԳ նախարարը, որից տևական ժամանակ դժգոհ են, վերանշանակվեց։ Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ վերջին տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ խախտված բալանսը չի հավասարակշռվելու։

Կարծում եմ, որ ներկայիս իշխանությունները գտնվում են շատ ծանր և դաժան ճնշման տակ։ Մենք դա տեսել ենք 2013-ի սեպտեմբերի 3-ին, երբ տեղի ունեցավ Հայաստանի պետական կապիտուլյացիա Պուտինի ճնշման տակ։ Պետք չէ մտածել, որ այդ երեք տարվա մեջ ինչ-որ բան փոխվել է դեպի լավը։ Դրանից հետո եղել է Ուկրաինա, և այս օրերին Պուտինը հակադրում է իրեն ողջ աշխարհը և արդեն խոսքը հասցնում է միջուկային շանտաժի։ Այնպես որ, բնականաբար պաշտոնական Երևանը, գիտակցելով իրավիճակը, ստիպված է խուսանավել։ Եվ վստահ եմ, որ այս նշանակումները՝ վարչապետից մինչև ԱԳ նախարար, հենց այդ խուսանավելու հետևանքներն են։ Արվում է այն, ինչ հնարավոր է այս վարչախմբի համար։ Ավելին անել նրանք չեն կարող։ Կարծում եմ, որ նրանք քաջ գիտակցում են իրավիճակը, նրանք կորցնում են մեր պատմական ժամանակը՝ ի շահ իրենց իշխանությունը պահպանելուն։ Եվ սա մեր մեղքն է, հասարակությունը այս տարիներին չկարողացավ իրական այլընտրանք առաջարկել՝ մնալով այս ծեծված և ճղճիմ քաղաքական ռեպերտուարի մեջ։ Նույն կուսակցությունները, նույն դեմքերը։ Ահա ինչու եմ ես այդքան կարևորում նոր սերնդի մուտքը քաղաքականություն, և հենց այդ նոր սերնդի համար է ստեղծվում Եվրոպական ընտրություն կուսակցությունը։ Դա պետք է լինի, պայմանական ասած, ոչ թե 88-ի, այլ ապրիլյան պատերազմի սերնդի կուսակցություն, 2015-ի հուլիսյան սերնդի, այն երիտասարդների, ովքեր ջրցանների, գնդացիրների տակ չեն ընկճվել, չեն նահանջել և որոնք ուզում են ապրել քաղաքակիրթ երկրում՝ իրենց հայրենիքում։