Վանաձորցիները կտեսնեն՝ որ ուժը վերացրեց ՀՀԿ-ին ընդդիմադիր դարձնելու հնարավորությունը

    • Հարցազրույց - 05 Հոկտեմբերի 2016, 15:53
Մեր զրուցակին է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը

Մանե, Վանաձորի  ՏԻՄ ընտրությունների արդյունքներից հետո Էդմոն Մարուքյանը ԲՀԿ-ին և Հայկական վերածնունդին միանալու առաջարկությամբ հանդես եկավ, բայց ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն չեն շտապում որոշում կայացնել, թեև նշում են, որ կոալիցիա չեն կազմի ՀՀԿ-ի հետ։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ են նրանք հապաղում։

Բնականաբար այդ հարցի պատասխանը ճշգրիտ գիտեն միայն իրենք: Ես կարող եմ ենթադրել, որ նրանք քննարկումների մեջ են` հաշվի առնելով, որ մեր առաջարկը անսպասելի էր իրենց համար: Ինչևէ, պետք է հաշվի առնել, որ ՀՎԿ-ի առաջարկը ի պատասխան մեր առաջարկի որևէ աղերս չունի այն իրողության հետ, ինչ որ արձանագրվել է Վանաձորի ՏԻՄ ընտրությունների արդյունքում: Կա նաև տեղեկություն, որ ԲՀԿ-ն կմիանա այս առաջարկին՝ առանց նախապայմանների:

Պարզ է, որ մեր առաջարկը բխում է վանաձորցու կայացրած որոշումից և մեր առաջարկը նպատակ ունի իրողություն դարձնել վանաձորցու կամքը՝ ՀՀԿ-ին չհանձնել քաղաքի կառավարումը: Մեր առաջարկը սրա մասին է: Իսկ հապաղելը կամ մեր թեկնածուին չպաշտպանելը արձանագրվելու է որպես ՀՀԿ-ին ընդդիմություն դարձնելու իրական շանսը այդ ուժերի կողմից կողմից ձախողելու փաստ: Հետևությունները կթողնենք հանրությանը:

Ըստ Ձեզ՝ ո՞րն էր մյուս համայնքներում Լուսավոր Հայաստանի պարտության պատճառը։

Հստակ է ու ակնհայտ, որ բավարար չէ ունենալ արժանի, խարիզմատիկ և պոտենցիալ հաղթող թեկնածու: Սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Պետք է ունենալ նաև թիմ բաղկացած տվյալ համայնքի շահագրգիռ և գաղափարակից անդամներից, ովքեր ոչ միայն սատարում են թեկնածուին, այլև փաստացի աշխատանք են կատարում հաջողության հասնելու համար: Եվ երրորդ՝ պետք է աշխատել ոչ միայն քարոզարշավի ժամանակ, այլև դրանից շատ առաջ, եթե կուզեք՝ տարիներ, և ապա նաև՝ ընտրություններից հետո: Աշխատանքը պետք է լինի շարունակական, եթե ունես հեռահար նպատակներ: Նորաստեղծ կուսակցությունները, հատկապես Լուսավորի նման, որտեղ չկան քաղաքական ժառանգություն ունեցող անդամներ, ունենալով նաև սահմանափակ ֆինանսական ռեսուրս, փոխարինում են վերջին երկու կոմպոնենտը ամենօրյա և ամենժամյա դժվարին և հետևողական աշխատանքով: Բայց մի բան փաստ է. եթե Լուսավորը ավելի վաղ գոյություն ունենար, շատ ավելի զգալի արդյունքներ կգրանցեր, քանզի թիմի և համակիրների պոտենցիալը զգալի է: Ամեն բան դեռ առջևում է:

Ինչո՞վ եք բացատրում հանրության պասիվ մասնակցությունը Վանաձորի և Գյումրիի ընտրություններին: Չի՞ ստացվում արդյոք, որ հանրության մի մեծ հատված որևէ քաղաքական ուժի չի հավատում և որևէ մեկի հետ հույսեր չի կապում։

Եթե հաշվի առնենք, որ հանրապետության մակարդակով արտագաղթը չտեսնված չափերի է հասնում, ես այս մասնակցությունը չէի անվանի պասիվ: Հատկապես դա ճիշտ է Վանաձորի համար, որը համարվում է ամենաարտագաղթած քաղաքը: Չկար մի տուն, որտեղից ընտանիքի մի մասը արտագաղթած չլիներ: Իսկ բազմաթիվ բազմաբնակարան բարձրահարկ շենքերում առհասարակ ընդամենը մի քանի ընտանիք էր բնակվում, այն էլ՝ ոչ ամբողջական: Այնպես որ ընտրության իրավունք ունեցողների զգալի մաս Հայաստանում չի բնակվում: Սրան գումարվում է նաև ընտրությունները բոյկոտելու տարված քարոզը, որը ձեռնտու է բացառապես իշխանություններին, քանզի նրանք, ովքեր ի վերջո այդ քարոզի ներքո չեն գնում ընտրության, ընդդիմադիր հայացքներ ունեն: Դեր է խաղում նաև այն քարոզը, որ ընտրությունները ի սկզբանե կանխորոշված են և անպայման կեղծվելու է: Այս ամենը թույլ է տալիս, որ մեր երկրի ճակատագիրը որոշեն երկրում ապրող այն մարդիկ, ովքեր ենթարկվում են ճնշումների, ահաբեկված են, որոնց վրա կան վարչական լծակներ, կամ ունեն նյութական կախվածություն մի քանի օլիգարխից, կամ տարեց մարդիկ, որոնց համար իսկական ճակատամարտ է մղվում, թե ում տատին կամ պապին է ու բոլորն էլ անպայման ունեն օգնության կարիք: Սա է իրական պատկերը:

Եվ եթե չընդունեն առաջարկները, ի՞նչ քայլեր կձեռնարկեք:

Մեր առաջարկը ողջամտության ժամկետ ունի: Այս առաջարկը արվել է այն 63% վանաձորցիների շահերից ելնելով, ովքեր դեմ են քվեարկել ՀՀԿ-ին և չեն ուզեցել նրանց տեսնել որպես Վանաձոր քաղաքի իշխանություն: Եվ ինչու՞ պետք է 37%-ի որոշումով ընտրվի քաղաքի իշխանություն: Հաշվի առնելով, որ Լուսավորը 2-րդ ամենամեծ խմբակցությունն է ավագանու, մենք մի կողմ ենք դրել նեղ կուսակցական շահերը և իրատեսական առաջարկ արել ընդդիամդիր դիրքավորված կուսակցություններին: 

ՀՎԿ-ի առաջարկը միանալու իրենց ոչ միայն համահունչ չէ տեղական իրողության, որից որ բխել է մեր առաջարկը, այլև հաշվի առնելով վերջին իրադարձությունները, մեզ մնում է ավագանու նիստին առաջադրել մեր թեկնածուին և հնարավորություն տալ այլևս վանաձորցիներին հետևելու, թե ինչպես են քվեարկում իրենց ընտրած ուժերը, և որ ուժը վերացրեց ՀՀԿ-ին ընդդիմադիր դարձնելու իրական հնարավորությունը: Պետք է ավելացնեմ, որ բոյկոտելը կամ ձեռնպահ դիրքավորվելը միանշանակորեն սատարում է նշանակում իշխանություններին:

Ամենաընթերցվածը