ՀՀԿ-ին հաղթելու մեր բանաձևը չի փոխվել

    • Հարցազրույց - 05 Հոկտեմբերի 2016, 12:22
Հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններին գրանցած արդյունքներից հետո ՔՊ վարչությունը հրաժարական է տվել: Մեր զրուցակիցն է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախկին անդամ Մարինե Մանուչարյանը

Մարինե, ինչո՞ւ ՔՊԿ վարչությունը հրաժարական տվեց։ Կարծում եք ընտրություններում ձախողումը վարչության մեղքո՞վ էր:

Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը ստեղծման օրվանից միշտ կարևորել է ներքին ժողովրդավարությունը, և ՔՊԿ վարչության հրաժարականը դրա դրսևորումներից է։ ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունն ունի ներկուսակցական և արտակուսակցական պատճառներ։ Վարչությունը հրաժարական է տվել և վերցրել է իր վրա քաղաքական պատասխանատվություն ամբողջ ՔՊ թիմի առջև։ Այնպես, ինչպես մենք՝ ՀՀ քաղաքացիներս, երկրում տեղ գտած մեծ ձախողումներից հետո ակնկալում ենք նախագահի, ոստիկանապետի, վարչապետի, այս կամ այն նախարարների պաշտոնը զբաղեցնող մարդկանց հրաժարականը, նույն ակնկալիքները կիրառում ենք նաև այն թիմից ներս, որը հայտ է ներկայացրել Հայաստանում բոլորովին նոր իրականություն ստեղծելու և իրական փոփոխությունների բերելու գործի համար։

Հնարավո՞ր է առհասարակ վաչրության հրաժարականից հետո դուրս գաք կուսակցությունից:

Ոչ, այնպես, ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա ես շարունակելու եմ աշխատել Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունում։ Ես ՔՊԿ հիմնադիր անդամ եմ, ինձ համար կուսակցական դառնալը շատ երկար մտածված և կշռադատված քայլ է եղել, և քանի որ բնույթով դժվարություններից խուսափող մարդ չեմ, չեմ պատրաստվում առաջին իսկ անհաջողությունից հետո լքել իմ թիմակիցներին և կուսակցությունը։

Ի մի բերելով արդյունքները՝ այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում, Նոր կյանքից հետո ինչու ձախողում գրանցեց ՔՊ-ն, պատճառները վերլուծե՞լ եք ինքներդ ձեզ համար։

Որպես կուսակցություն՝ մենք դեռ շարունակում ենք վերլուծել, քանի որ ընտրություններից դեռ մեկ օր էլ չի անցել։ Անձամբ ես կարծում եմ, որ կան կուսակցությունից ներս և կուսակցությունից դուրս գտնվող հանգամանքներ, որոնք բերեցին մեր պարտությանը քաղաքներում։ Ես նախընտրում եմ կենտրոնանալ ներքին բացթողումերի վրա, քանի որ արտաքին հանգամանքների մասին շատ է խոսվում, չնայած չեմ կարող չթաքցնել, որ ապշած եմ այն փաստի վրա, որ Հայաստանում ՕԵԿ-ին («Հայկական Վերածնունդ») դեռ քվեարկողներ կան։ Ինչ վերաբերում է ներքին պատճառներին, ապա դրանք տարբեր են, և կարծում եմ որոշ առումներով կապված է այն հանգամանքի հետ, որ կուսակցությունը ներառում է տարբեր կարողություններով ու հմտություններով օժտված երիտասարդների մի ստվար զանգված, որոնց համախմբում է մի մեծ բարի նպատակ, այն է՝ Հայաստանում ստեղծել ուժեղ ինստիտուցիոնալ ընդդիմություն, հասնել իշխանափոխության և Հայաստանը վերադարձնել բնականոն զարգացման ուղի։ Ես կարծում, որ բնական է, երբ լինում են ձախողումներ, բնական է, երբ այդ ձախողումներից դասեր են քաղվում և բնական է, երբ այդ կուսակցության վարչությունը որպես կուսակցությունը կառավարող մարմին հրաժարական է տալիս։ Հակառակը կնշանակեր, որ մենք բռնում ենք Հայաստանում լայն տարածում գտած հավերժ նույն լիդերները ունեցող կուսակցությունների ուղին։

Ըստ Ձեզ՝ ինչպես է հնարավոր հաղթել ՀՀԿ-ին, ինչ մեխանիզմներ պետք է կիրառել հաջողության հասնելու համար: Խնդիրը միայն նյութականն ու վարչական ռեսուրսների առկայությո՞ւնն է, որ ՀՀԿ-ն հաղթում է:

ՀՀԿ-ին հաղթելու մեր բանաձևը չի փոխվել՝ թիմ-ծրագիր- ինստիտուտ։ Դրանք միմյանց կապող օղակներն են, և հմտությունների այն փաթեթը, որ մեր թիմը պետք է դրսևորի, որպեսզի կարողանա հաղթել ՀՀԿ-ին և ստեղծել իրական այլընտրանք գործող համակարգին։ Եվ այո, դրա համար անհրաժեշտ է այն քաղաքացիների աջակցությունը, ովքեր կիսում են մեր Հայաստանի մեր տեսլականը։

Ամենաընթերցվածը