Սա 2017-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների հայելին է

    • Հարցազրույց - 04 Հոկտեմբերի 2016, 14:05
Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության  ղեկավար Վահրամ Բաղդասարյանը

Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում ՏԻՄ ընտրությունները՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն մի դեպքում՝ Գյումրիում, առաջադրել էր ոչ ՀՀԿ-ական թեկնածուի, Վանաձորում էլ հանրության աչքին չվարկաբեկված, նոր մարդ էր առաջադրել։ Ի՞նչ խնդիր էր իր առջև դրել իշխանությունը և արդյոք այդ խնդիրը լուծված է։

Իսկ դուք սպասում էիք, որ մենք վարկաբեկված կերպարնե՞ր պետք է առաջադրենք։ Ոչ միայն ՏԻՄ ընտրությունների հետ կապված, այլ ընդհանրապես մեր մոտեցումներն ու ծրագիրը եղել են այնպիսին, որ բարեփոխումների ընթացքում պետք է հիմնվենք մարդկանց կարողությունների ու պրոֆեսիոնալիզմի վրա, իսկ կուսակցական պատկանելությունը թողնում ենք երկրորդ փուլ։ Մենք դնում ենք թիմի գաղափարը, թե ով ցանկություն ունի թիմի հետ աշխատել։ Իմ կարծիքով, կադրային ճիշտ ընտրություն է կատարվել, որի վառ վկայությունն ընտրությունների արդյունքներն են։ Երևի մոտ օրերս ընտրությունների վերաբերյալ կլինեն արձագանքները և միջազգային կառույցների, և քաղաքական ուժերի, և ՀԿ-ների կողմից։ Բավական առաջընթաց է եղել ընտրությունների որակի առումով։ Առավել ևս այն պիլոտային ծրագրերը, որոնք սահմանադրական փոփոխություններից հետո իրականացվեցին Վանաձորում և Գյումրիում. Սա 2017-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների հայելին է։

Դուք տեսաք, թե որքան մրցակցային էին ընտրությունները։ Նախկինում մենք ընդդիմությանը քննադատում էինք, որ ՏԻՄ ընտրություններին թեկնածուներ չեն առաջադրում, որովհետև չունեն ռեսուրսներ, անգամ հանձնաժողովներում չունեին մարդիկ, բայց նրանք իրենց ուժերն ի մի բերեցին և կարողացան առաջադրումներ անել և Գյումրիում, և Վանաձորում։ Արդյունքում ընտրություններն ավելի մրցակցային դարձան։

Կարելի է ասել՝ անխոցելի ընտրություններ անցկացվեցին։ Ընտրական գործընթացի ժամանակ բոլոր ընդդիմադիր գործիչները հիացմունք էին հայտնում, բայց հանկարծ նյարդերը տեղի տվեցին, և արդյունքները հրապարակելուց հետո որոշ մարդիկ, որոշ ուժեր սկսեցին նորից մրոտել ընտրությունները՝ ասելով, որ խախտումներ են եղել, վարչական ռեսուրսներ են օգտագործվել։ Բայց ընդամենը 1-2 օրինակ են կարողանում բերել։ Պատկերացնում եք՝ Վանաձորում 40-42 հազար մարդ է մասնակցել ընտրություններին, յուրաքանչյուր քաղաքում 300-400 թեկնածուներ են եղել, այդքան ընտրողների պարագայում եթե բացասական երևույթներ լինում են, դրանից չպետք է խուսափել, ընդհանուր պատկերն ու գնահատականն է կարևոր, որն իմ կարծիքով բավական առաջընթաց էր դեպի ժողովրդավարություն։ Դա հույս է ներշնչում, որ առաջիկա ԱԺ ընտրությունները նույն կամ ավելի բարձր մակարդակով պետք է անցկացնենք։

Ի՞նչ խնդիր էր իր առջև դրել իշխանությունը այս ընտրություններում։ Թաղային հեղինակությունների ու կրիմինալ տարրեի ներգրավվածություն եղա՞վ, թե ոչ։

Ես ընտրություններին նախորդող օրերին և հենց ընտրության օրը եղել եմ Վանաձորում, և մարզային իշխանությունները, և ոստիկանությունը ունեցել են հանձնարարություն, որ բոլոր անօրինական գործողությունները պետք է կանխարգելվեն, որովհետև մենք առաջին հերթին մտածում էինք ոչ թե հաղթանակների մասին, այլ ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու, ինչը հաջողվեց։

Ոչ Վանաձորում, ոչ Գյումրիում ՀՀԿ-ն չստացավ 40 տոկոս գումարած մեկ ձայն։

Մենք այդ խնդիրը չէինք դրել և դրա ակնկալիքը չունեինք։ Ընդ որում, ես պետք է անկեղծորեն ասեմ, որ, օրինակ, Վանաձորում մեր հաշվարկներով 35 տոկոսը բավարար է, նաև հաշվարկում էինք, որ 42-44 հազար ընտրողներ կմասնակցեն ընտրություններին։ Մասնակցությունը եղավ 41 հազարից մի փոքր ավելի, և ՀՀԿ-ն ստացավ 37,7 տոկոս ձայն։ Այսինքն՝ մեր կանխատեսումներն իրականացան, նույնը եղավ Գյումրիում։ Որևէ մեկը՝ և վստահված անձեր, և հանձնաժողովի անդամներ, նշում էին՝ նման տիպի հանգիստ ընտրություններ իրենք չեն հիշում, որ եղած լինի։

Պարոն Բաղդասարյան, ապրիլյան պատերազմից ու Երևանում հուլիսյան դեպքերից հետո իշխանությունների կողմից փոփոխությունների անհրաժեշտությո՞ւն առաջացավ, թե սրանք նախընտրական PR ակցիաներ են։

Դեռևս այս տարվա փետրվարի 12-ին ՀՀ նախագահի հայտնի ելույթից հետո մենք որդեգրեցինք այս քաղաքականությունը։ Թող որևէ մեկը չմտածի, որ ՀՀԿ-ն մինչև 2017 թվականի ընտրությունների կուսակցություն է։ ՀՀԿ-ն ապագայի կուսակցություն է և միտված է, որպեսզի սերունդների համար կարողանա թողնել այնպիսի ժառանգություն, որ նրանք կարողանան դա օգտագործել երկրի կայացման համար։ Մենք սրանով լուծում ենք ապագայի խնդիր։ Մենք չենք ասում, որ մինչև ընտրություններ պիտի սարեր շրջենք, ասում ենք, որ սա երկարաժամկետ ծրագիր է, բայց հիմքերը պետք է տեսնենք և ապագայի նկատմամբ հույսը պետք է կարողանանք ավելացնել հանրության մոտ։

Դուք այս պահից աշխատում եք 2017-ի ընտրություններում հաղթանակ ապահովելու համա՞ր և արդյոք տեսնում եք ձեզ մրցակից ուժեր՝ հաշվի առնելով ընդդիմության հավաքած ձայները։

Ես չեմ պատկերացնում մի քաղաքական ուժ, որը չմտածի հաջորդ ընտրությունների մասին։ Ես խելացի եմ համարում այն ուժին, որն ընտրությունների հենց հաջորդ օրը մտածում է հաջորդ ընտրությունների մասին։ Եթե մենք ապագայի մասին ենք մտածում, բնական է, որ մոտակա ընտրություններում հաղթանակի մասին ևս մտածենք։ Եթե չենք հաղթելու, ինչպես կարող ենք մեր նպատակներն իրականացնել։ Մեզ հաճախ հարցնում են՝ այս կառավարությունը 2017-ի ընտրություններից հետո կշարունակի՞ աշխատել, թե ոչ։ Եթե դուք համոզված եք, որ մենք ենք հաղթելու, իհարկե, պետք է աշխատի։ Եթե կասկածներ կան մեր հաղթանակի հարցում, իհարկե չպետք է աշխատի։ Ինչ վերաբերում է մրցակիցներին, մենք որևէ մեկին որևէ անգամ չենք թերագնահատում, բոլորին համարում ենք մրցակից։ Այս անգամ էլ, եթե հետևել եք մեր հարցազրույցներին, որևէ մեկին չենք թերագնահատել։ Իհարկե, կանխազգում ենք արդյունքները, որովհետև մոնիտորինգի արդյունքում արդեն գիտենք, թե որ քաղաքական ուժն ինչ ռեսուրսներ ունի։ Բայց որևէ անգամ մեծամտություն, չհիմնավորված ինքնավստահություն ցուցաբերելը կարող է վնաս բերել։ Մարդը պետք է լինի վստահ, բայց զգոն։

Ինչի՞ մասին են խոսում ՀԱԿ-ի ստացած քիչ ձայները։ Ձեր կուսակից Սամվել Ֆարմանյանն, օրինակ, նրանց առաջարկում է մանդատները վայր դնել։

Ես այդպիսի խիստ պահանջներ չեմ դնի, բայց ես կողմնակից եմ,  որ այն թրծված ու ճանապարհ անցած կուսակցություն է։ Անընդհատ խոսում են դժգոհ զանգվածի մասին, բայց չեն կարողանում այդ զանգվածին իրենց կողմը տանել։