«Թաղային հեղինակություններ չեն եղել, եղել են ընդհանուր հեղինակություններ»

    • Հարցազրույց - 04 Հոկտեմբերի 2016, 10:02
Մեր զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը

Պարոն Ավետիսյան, Գյումրիի քաղաքային ընտրություններին քաղաքի կրիմինալն ու թաղային հեղինակություններն ի՞նչ դեր ու նշանակություն ունեցան՝ հաշվի առնելով, որ այստեղ համապետական ընտրությունները միշտ էլ առանց խոչընդոտների ու խնդիրների չեն անցել։

Թաղային հեղինակություն ասածն ինձ համար անհասկանալի է, որովհետև ամեն մարդ յուրովի իր շրջապատում կարող է հեղինակություն լինել։ Կարծում եմ՝ լավ բան է, որ մարդը, որ ինտելիգենտ է կամ դասախոս է, կարող է իր տարածքում հեղինակություն լինել։ Քանի որ Գյումրիում էլ մասնակցում են 16 քաղաքական ուժեր, բնական է, որ ամեն մի քաղաքական ուժ ամեն մի տարածքում ուներ իր ներկայացուցիչը, իր հեղինակավոր մարդը, որոնք բոլորը միասին կարողացել են օգտակար լինել ընտրություններին։

Գյումրիի ընտրություններից առաջ դուք մատնանշում էիք մի շարք խնդիրներ, հիմա արդյունքները ձեզ գոհացնո՞ւմ են։

Արդյունքները որոշակիորեն գոհացնում են այն մասով, որ մեր «Բալասանյան դաշինքը» ամենաշատ ձայներն է հավաքել. բայց բնական է, որ ցանկալի կլիներ ավելի շատ ձայներ ունենալ, որպեսզի քաղաքապետի խնդիրը միանգամից լուծվեր։

Ստացվում է, որ ՀՀԿ-ի համար ինչ-որ առումով անորո՞շ է Գյումրիի ավագանիում կոալիցիայի ձևավորման հարցը։

Այո, նախ կոալիցիայի հարցն է մնում, նաև որոշակի բողոքներ կան։ Պիտի սպասենք մինչև այդ բողոքներին օրինական սահմանված կարգով համապատասխան հանձնաժողովն ընթացք տա։ Վերջում, երբ պաշտոնական տվյալները կհրապարակվեն, կարելի կլինի խոսել մնացած խնդիրների մասին։

Կարծում եք՝ բողոքների քննությունը ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն կունենա՞ն։

Չեմ կարծում, թե էական ազդեցություն կունենան, որովհետև ընտրախախտումներ չեն եղել ոչ մի տեղամասում, բայց քանի որ կա բողոք, պետք է սպասել, մինչև այդ ամենն ավարտվի, պաշտոնական արդյունքները հրապարակվեն։

Այսինքն, եթե արդյունքները չփոխվեն, Սամվել Բալասանյանը Գյումրիի ավագանու միայն իր անդամների միջոցով չի՞ կարողանա միանձնյա որոշումներ կայացնել։

Այո, կլինի հավասարակշռված վիճակ, և բնական է, որ ցանկացած հավասարակշռված վիճակ իր մեջ ներառում է նաև զսպող ու վերահսկող մեխանիզմներ։

ՀՀԿ-ն ինչ-որ առումով տագնապա՞ծ է այդ հանգամանքից։

Նման հանգամանքները միշտ էլ ավելի շատ հնարավորություն են տալիս, որ գործող ղեկավարը ավելի ջանասիրաբար աշխատի և իրոք ապացուցի, որ ի վիճակի է խնդիրները լուծել։

Փաստորեն, մինչև հիմա քաղաքապետը կարողացել է անել ինչպես ինքն է ուզում, իսկ հիմա ստիպված է հաշվի առնել մյուսների կարծիքը։

Ցանկացած ժամանակ, երբ կա զսպող մեխանիզմ, դա իր դրական ազդեցությունն է ունենում, որպեսզի ավելի հստակ աշխատանքներ կազմակերպվեն և փորձեն ամեն ինչ ավելի թափանցիկ անել։

Կարելի՞ է արձանագրել, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ շատ ավելի բարդ աշխատանք եք ունենալու Գյումրիում անելու։

Այո, ու ոչ միայն Գյումրիում, հիմա, ինչպես ասում են, թևերը քշտելու ժամանակն է, այսինքն՝ այս ընտրություններից հետո որոշակիորեն թերությունները շտկելու, որպեսզի 2017 թվականին ավելի շատ ձայների ակնկալիքներ ունենանք։

Այնուամենայնիվ, այս ընտրություններում թաղային հեղինակությունները որոշակի դերակատարում ունեցա՞ն։

Թաղային հեղինակություններ չեն եղել, եղել են ընդհանուր հեղինակություններ։ Ես, օրինակ, ազդեցություն ունեցել եմ ընտրությունների ժամանակ, որովհետև ես էլ իմ շրջապատն ունեմ։ Բնական է, որ բոլորն էլ ընդգրկված են եղել այս գործընթացում։ Կրիմինալ տարրը շատ չի եղել, ես չեմ տեսել, որ նման տարրերը տեղամասերում ակտիվություն ունենան։

Այսինքն՝ փորձեցիք այս անգամ նրանց դո՞ւրս դնել գործընթացից։

Որևէ մեկը որևէ մեկին ոչ ներս է բերում, ոչ դուրս է դնում։ Ամեն մեկը յուրովի իր խնդիրն է կատարում։ Թե դա ով է, ինչ է, ցանկացած մարդ կոնկրետ տեղում ունի իր անելիքները, գիտի ինչ է անելու, ինչ ձևով է անելու։

Բախումներից այս անգամ զերծ մնացիք...

Այո, նման բան չի եղել և շատ լավ է, որ մենք ոչ որևէ բախման ականատես եղանք, ոչ ընտրախախտումների։ Բոլորիս շնորհավորում եմ այդ առիթով։

Ամենաընթերցվածը