Եթե լինեն ճգնաժամեր, գործը կարող է ընտրություններին չհասնել

    • Հարցազրույց - 03 Հոկտեմբերի 2016, 12:58
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը

Նոյեմբերի 26-ին ՀՀԿ համագումարն է, ՀՀԿ խոսնակը հայտարարել է, որ կուսակցության ղեկավար կազմում չեն բացառվում փոփոխությունները: Ի՞նչ է անում իշխող հանրապետականը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Ընտրություններից առաջ իշխող կուսակցության կազմում որոշակի վերադասավորումներ միշտ էլ լինում են: Սա կապված է իշխող վերնախավի ներսում տարբեր խմբավորումների մրցակցության հետ, որը երբեք չի դադարում, և սա սովորական երևույթ է, որը պետք չի գերագնահատել: Մյուս կողմից, ապրիլյան և հուլիսյան դեպքերը բավական շատ բան են փոխել Հայաստանում, և իշխանության մեջ էլ հավանաբար կան մարդիկ, որոնք դա գիտակցում են: Բացի այդ, սպասվում է անցում պառլամենտական համակարգին, և սա ևս կարող է թելադրել որոշակի փոփոխություններ: Այնպես որ, կարծում եմ, որոշակի փոփոխություններ կլինեն, գուցե կլինի իշխանական ռեսուրսների որոշակի վերաբաշխում, գուցե որոշ դեմքեր, որոնք հասարակության համար հատկապես տհաճ են, կհեռացվեն կարևոր պաշտոններից և կփոխարինվեն հասարակության համար համեմատաբար ավելի ընդունելի մարդկանցով: Վերջապես, նաև չի կարելի բացառել, որ տեղի կունենա ավելի լուրջ փոփոխություն, և կսկսվի նախապատրաստություն «ժառանգորդ» օպերացիայի իրականացմանը, չնայած անձամբ ես այդ տարբերակը քիչ հավանական եմ համարում: Ամեն դեպքում, իշխանական վերնախավի ներսում առկա գործընթացները մնում են խիստ փակ, և հանրությունը գրեթե հնարավորություն չունի դրանց մասին անգամ տեղեկացված լինելու, էլ չեմ ասում դրանց վրա ինչ-որ ձևով ազդելու մասին:

Արդյոք իշխանությունը զգո՞ւմ է իշխանության կորստի վտանգ, դրա համար նախաձեռնում է փոփոխություն անգամ կուսակցության ղեկավար կազմում:

Այն մասին, թե իշխանությունը ինչ է զգում, կարող է պատասխանել միայն ինքը՝ իշխանությունը: Բայց համենայն դեպս, եթե իշխանությունը ադեկվատ պատկերացնում ունի իրավիճակի մասին, պետք է անհանգստանա: Առկա է ոչ միայն իշխանության կորստի, այլև ամբողջ պետական համակարգի փլուզման վտանգ: Հուլիսյան դեպքերն այս առումով պետք է որ սթափեցնող ազդեցություն ունենային: Պարզ դարձավ, որ եթե գործ ունենանք որևէ լուրջ արտակարգ իրավիճակի հետ, ամբողջ պետական և քաղաքական համակարգը կարող է փլուզվել մի քանի օրերի կամ ժամերի ընթացքում, և այդ դեպքում իշխանական վերնախավի ներկայացուցիչներին կարող է սպառնալ ոչ միայն իշխանության կորուստ, այլ շատ ավելի դառը ճակատագիր: Կարծում եմ՝ իշխանության որոշ օղակներում այդ գիտակցումը կա, բայց որքանով է այն տարածված ավելի բարձր օղակներում, դժվար է ասել:

Նորանշանակ վարչապետը խոսում է տնտեսության ծանր վիճակից, ներդրումների կարևորությունից: Սրանք տեխնոկրատ կառավարության մեթոդնե՞րն են, որը նախկինում էլ եղել է և պետք չէ դրանից շատ ոգևորվել, թե՞ այնպիսի ծանր վիճակ է, որ կառավարությունը ստիպված է ինչ-որ բան անել հանրության համար:

Նորանշանակ վարչապետը առայժմ հանրության մեջ ընկալվում է որպես «դրսից մարդ», որը մի քանի տարի Հայաստանում չի եղել և իշխանության մաս չի կազմել, և հետևաբար պատասխանատվություն չի կրում սոցիալ-տնտեսական ծանր վիճակի համար: Այնպես որ, նա կարող է իրեն թույլ տալ նաև քննադատական ելույթներ, կարող է խոսել ծանր վիճակի մասին: Բայց դրանով հանդերձ արդեն մոտակա ամիսներին նրանից սպասվելու են աշխատանքի կոնկրետ արդյունքներ, և եթե դրանք չլինեն, վերաբերմունքը նրա հանդեպ կարող է փոխվել: Ամեն դեպքում, նոր կառավարությունը պետք է կարողանա ինչ-որ դրական փոփոխություններ ցույց տալ հանրությանը, որպեսզի գոնե ինչ-որ չափով արդարացնի իր հետ կապվող հույսերը:

Հայաստանում ձևավորված քրեա-օլիգարխիկ համակարգի դեմ որևէ նոր կառավարություն կամ կառավարության ղեկավար կկարողանա՞ ինչ-որ կերպ պայքարել, թե նման խնդիր անգամ ձևակերպված էլ չէ, ըստ Ձեզ:

Կարծում եմ՝ քանի դեռ տեղի չի ունեցել քաղաքական համակարգի փոփոխություն, հնարավոր չէ նաև տնտեսության մեջ առկա օլիգարխիկ համակարգի փոփոխումը: Իրականում տնտեսական մենաշնորհը և քաղաքական մենաշնորհը սերտորեն կապված են: Եթե իշխող վերնախավը հրաժարվի տնտեսական մենաշնորհից, շատ արագ կարող է զրկվել քաղաքական մենաշնորհից, և հակառակը: Այնպես որ, կարծում եմ, օլիգարխիկ համակարգից հրաժարվելու խնդիր դրված չէ և չի էլ կարող դրված լինել: Այլ հարց է, որ կարող է դրվել խնդիր՝ խաղի մի փոքր ավելի քաղաքակիրթ կանոններ հաստատել, որպեսզի խրախուսվեն ներդրումները: Հավանաբար նաև դրված է խնդիր՝ բարձրացնել պետական համակարգի էֆեկտիվությունը, քանի որ այդ խիստ ուռճացված և ոչ էֆեկտիվ համակարգը, որն այսօր կա, պարզապես հնարավոր չէ պահպանել, քանի որ չկան դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, իսկ բնակչությունից այդ միջոցները կորզելը կհանգեցնի դժգոհության աճի:

Նոր կառավարության ձևավորումը, նոր գործընթացները արդյոք 2017-ին կապահովեն իշխող հանրապետականի հաղթանակը:

Նման կանխատեսումներ անելը միշտ էլ դժվար է: Իմ կարծիքով, եթե չլինեն ինչ-որ արտակարգ իրավիճակներ, ինչ-որ ներքին կամ արտաքին ճգնաժամեր, ապա իշխանության այս նոր մարտավարությունը կարող է որոշակի արդյունք տալ, և ընտրություներում ՀՀԿ-ն և մյուս իշխանամետ (ինչպես նաև կեղծ ընդդիմադիր) կուսակցությունները կհաղթեն և կձևավորեն կոալիցիոն կառավարություն: Ընդդիմությունն այսօր զրկված է քաղաքական պայքարի համար անհրաժեշտ ռեսուրսներից և որպես հետևանք չի կարող լուրջ վտանգ ներկայացնել իշխանության համար: Սակայն եթե լինեն անսպասելի իրադարձություններ, ներքին կամ արտաքին ճգնաժամեր, ապա հետևանքները իշխանության համար կարող են լինել անկանխատեսելի, և գործը կարող է անգամ ընտրություններին չհասնել: