Իրավիճակն իսկապես չափազանց բարդ է

    • Հարցազրույց - 02 Հոկտեմբերի 2016, 11:53
Lragir.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը

Պարոն Եղիազարյան, նոր ձևավորված կառավարությունը հաստատեց 2017 թվականի բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է հաջորդ տարի 100 մլրդ դրամով կրճատել բյուջեի ծախսերը: Իսկ հիմնավորումն այն է, որ նախորդ երկու տարիներին պակասուրդը մեծ տոկոս է կազմել, ավելացել է արտաքին պարտքը: Ի՞նչ է կատարվում ձեր կարծիքով:

Դեֆիցիտը նշանակում է, որ ծախսերը գերազանցում են եկամուտներին, այսինքն՝ պետությունն իրեն թույլ է տալիս ծախսեր՝ նկատի ունենալով, որ այդ ծախսերը կարող է փակել նաև ներգրավվող պարտքի միջոցով: Հիմա ստեղծված է մի իրավիճակ, որ մի կողմից ռիսկեր կան հարկային եկամուտների հավաքագրման հարցում, որովհետև տնտեսական իրավիճակը, մեղմ ասած, բարենպաստ չէ, աճի տեմպերը դանդաղել են, մյուս կողմից ռիսկեր կան անգամ ընդհանրապես աճ չունենալու առումով: Դա իր հերթին նշանակում է, որ հարկային մուտքերը կկրճատվեն: Մյուս կողմից, պարտքի չափը զգալի ավելացել է, և դրա սպասարկումը բավական մեծ բեռ է բյուջեի վրա: Հետագայում լրացուցիչ բարդություններից խուսափելու, պարտքի բեռը չավելացնելու համար ծախսերը կրճատելու որոշում է ընդունում նոր կառավարությունը:

Այստեղ կա մեկ այլ հանգամանք, որը պետք է նկատի ունենալ՝ 2017 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է եկամուտների ավելացում: Խնդիրն այն է, որ իսկապես հարկաբյուջետային կայունություն ապահովելու նպատակով պարտք տվող կազմակերպությունները գնահատում են ռիսկերը: Եթե պետությունն ի վիճակի չէ ամեն տարի ավելացնել հավաքագրվող եկամուտները, նշանակում է, որ պարտքի սպասարկման հետ խնդիրներ կունենա: Դրա համար այդպիսի պետությանը դժվարությամբ են պարտք տալիս կամ ընդհանրապես չեն կարողանում լրացուցիչ վարկեր տրամադրել: Նման խնդիր կա, որն այս պահին այս բյուջեի առանձնահատկությունն է: Մենք չգիտենք, թե հետագայում ինչ փոփոխություններ կլինեն, այդ 100 մլրդ-ը կօգնի, թե չի օգնի, կհավաքագրվեն եկամուտները, թե ոչ: Հնարավոր է, մենք հետագայում բախվենք նաև այլ ռիսկերի հետ, այսինքն՝ այդ 100 մլրդ կրճատումը դեռ չի նշանակում, որ իրավիճակը կարելի է կայունացնել:

Հայտնի դարձավ, որ այս տարեվերջին ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը կհասնի 54 տոկոսի, ինչն, ի տարբերություն նախորդ կառավարության, այս կառավարությունը մտահոգիչ է համարում: Սա որքանո՞վ է վտանգավոր:

Խնդիրն այն է, որ եթե երկրի ՀՆԱ-ում մենք աճ ունենայինք, տոկոսային իմաստով պարտքը բարձր ցուցանիշ չէր ունենա, և մտավախություն չէր լինի, որ այն հնարավոր չէ փակել: Բայց քանի որ ՀՆԱ-ի աճն է դանդաղել, դա նշանակում է, որ պետական բյուջեի եկամուտներն են նվազելու, դրանք միմյանց հետ փոխկապակցված են: Այս պայմաններում պարտքի սպասարկումն է դառնում անհնար: Մյուս կողմից, նախկին տարիներին պարտքն այնուամենայնիվ նպաստել է ՀՆԱ-ի աճին: Հիմա այս տարի պարտքն ավելի քիչ կլինի, արդյոք ՀԱՆ-ի աճն էլ ավելի չի՞ դանդաղի: Հիմա մի կողմից չկա ՀՆԱ-ի աճ ապահովող պարտքը, մյուս կողմից կրճատվել է սպառումը, որը նույնպես ՀՆԱ-ի աճ ապահովող գործոն է, իսկ մյուս կողմից կրճատվել են ներդրումները: Այս դրական ազդեցությունները, որ պետք է լինեին ՀՆԱ-ի աճի վրա, փաստացի չունենք այսօր:

Մյուս կողմից էլ հարց է ծագում՝ արդյոք ներգրվված պարտքը նպատակայի՞ն է օգտագործվել, որպեսզի ապահովեր սպասված ՀՆԱ-ի աճը:

Պարտքն ինքնին արդեն նշանակում է, որ գումար է մտել երկիր, դա ՀՆԱ-ի աճ է ապահովում: Ուրիշ հարց է, որ դա այնպիսի աճ չի ապահովում կամ այնպիսի նպատակների համար չի օգտագործվում, որպեսզի հետագայում երկրի տնտեսության համար լավ լինի: Այսինքն՝ պարտքը ժամանակավորապես կարող է աճ ապահովել, բայց այդ աճն այնպիսի աճ է, որը հաջորդ տարիներին լրացուցիչ աճ չի ապահովում:

Հաշվի առնելով այս զարգացումները՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ հաջորդ տարվա բյուջեի սեկվեստր իրականացվի, արդեն ծախսերի կրճատման որոշում կա:

Ոչ մի բան չեմ բացառում, որովհետև ՀՆԱ-ի աճից է կախված՝ կհավաքագրվեն հարկային եկամուտները, թե ոչ: ՀՆԱ-ի աճի վրա ազդող մեր սպառումը, ներդրումները կրճատվել են, պարտքը՝ աճել: Այսինքն՝ ռիսկեր կան:

Ամեն դեպքում, բյուջեի ծախսերի կրճատումն արդեն հարկադրված միջոցառում է: Ոչ պոպուլյար որոշում է սա, այն էլ ընտրությունների նախաշեմին: Դա նշանակում է, որ իրավիճակն իսկապես բարդ է: