Որոշում կայացնող ուժերն անհանգստացած են

    • Հարցազրույց - 01 Հոկտեմբերի 2016, 11:49
Մեր զրուցակիցն է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը

Պարոն Բոստանջյան, նոր կառավարությունից ի՞նչ սպասելիքներ կան։ Հատկապես նշվում է, որ Հարկային նոր օրենսգրքի՝ երկրորդ ընթերցմամբ ընդունումը ցույց է տալիս, որ այս կառավարությունը չի տարբերվում նախորդից։ 

Ես ի սկզբանե ծանոթ եմ Հարկային օրենսգրքի նախագծին և գրեթե հարյուր տոկոսով համոզված եմ, որ այդ նախագիծը միջազգային կազմակերպությունների հորդորով, նրանց ֆինանսավորմամբ և առաջարկությամբ է պատրաստված։ Հարկային նոր օրենսգրքի հետ կապված միարժեքորեն ասենք հետևյալը. այդպիսի օրենսգրքի առկայությունը նշանակում է ՀՀ-ում ընդհանրապես ռացիոնալ և առարկայական որևէ տնտեսական գործունեության գրեթե բացառում։ Այսպիսի օրենսգիրքը ոտնահարում է բոլոր տնտեսվարող սուբյեկտների շահերը, նրանց հետաքրքրությունները, և շահույթ հետապնդելու նպատակը դադարում է գոյություն ունենալ։ Նման պարագայում եթե ՀՀ-ում որևէ մեկը իրականացնելու է գործունեություն, նշանակում է ինչպես հիմա մատների վրա հաշվածներն ունեն դրա թույլտվությունը, կամ նրանք պետք է լինեն, կամ ընդհանրապես որևէ մեկը չպետք է լինի։ Եթե հանկարծ նման բան լինի, նշանակում է և ներդրում կատեգորիան, և մասնավոր բիզնեսի պետական աջակցության ինստիտուտը մղվում են հետին պլան։ Նման մոտեցման պարագան ինձ մոտ արդեն իսկ առաջացնում է հակասական մոտեցումներ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ մեր վարչապետին հանգամանքների բերումով երկար տարիներ եմ ճանաչել, ճանաչում եմ իրենց ընտանիքը։ Շատ իմպերատիվ, բարձր մակարդակ ունեցող ժողովուրդ են, և մասնավորապես նա։ Ուզում եմ հասկանալ, որ եթե նման Հարկային օրենսգիրք ընդունվի, բոլոր նկատառումները, որ մեզ անհանգստություն են պատճառում, կարո՞ղ են կենսագործվել, իրականանալ, թե ոչ։

Կարծում եք, որ այս պահից այլ խաղի կանոննե՞ր կարող են գործել, քաղաքական կամք կլինի՞, թե ոչ։

Ֆորմալ առումով կա այսպիսի բնորոշում, որ անհնարին ոչինչ տիեզերքում և մարդկության մեջ գոյություն չունի։ Մարդը կարող է ամեն ինչ հնարավոր դարձնել, այդ թվում՝ փոփոխությունները, բարեփոխումները, որ մենք դուրս գանք մեզ համար այս ճղճիմ, սարսափելի վիճակից։ Քանի որ տարիներ շարունակ մենք զրկված ենք եղել հույս ունենալու ինստիտուտից, հիմա ինձ մոտ ծագել է հույս, որ պետք է փոփոխությունները մեզ այս վիճակից հանեն։

Ինչ վերաբերում է քաղաքական կամքին, ընդհանրապես մարդկային կամքի կտրվածքով, կարծում եմ՝ մենք հիմա հիպնոսացած վիճակում ենք գտնվում և զարմանում եմ, թե ինչու չենք կարողանում առարկայական, արդյունավետ, էֆեկտիվ շարժ կատարել։ Եվ ուզում եմ հույս ունենալ, որ ի դեմս ժամանակակից մարդու, ինչպիսին է այսօրվա վարչապետը և մակարդակային, և ընդհանրապես տնտեսական դաշտի հարաբերությունները ընկալելու, գնահատելու առումով, ուզում եմ մտածել, որ այդուհանդերձ մենք փոփոխություններ ունենալու ենք։

Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը անկարո՞ղ էր որևէ փոփոխություն կյանքի կոչել։

Չասենք էդպես, կոպիտ բնորոշում է։ Հիմա կարողության-անկարողության հարցը մեր իրականության մեջ ըստ էության շատ հարաբերական կատեգորիա է դառնում, որովհետև կառավարման համակարգն այնպիսին է եղել, որ որևէ մեկը նախաձեռնության հնարավորություն չի ունեցել, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանը։ Այս պարագայում եթե շարունակվի այս պրոցեսը, բոլորը խելոք լսողի դերում են, սարսափելի զգուշավոր դերում, որ մի սխալ բարձրաձայնում չանեն, մի նախաձեռնությամբ հանդես չգան, որ իրենց դեմ աշխատի։ Եվ եթե համակարգային նման մոտեցումը շարունակվի, ուրեմն լավ բանի սպասելը պարզապես անիմաստ կլինի։

Վարչապետը խոսեց պրիմիտիվ գողության մասին, դրան որևէ գործողություն չհետևեց։ Ավելին՝ իշխանության ներկայացուցիչները սկսեցին խորհուրդ տալ փիլիսոփայորեն մոտենալ այս հայտարարությանը։ Ի՞նչ կարծիք ունեք պրիմիտիվ գողության վերաբերյալ։

Համակարգերի հարց կա. տնտեսությունը լավ լինի, թե վատ, բոլոր դեպքերում մեծ իներցիոն համակարգ է, հետևաբար այսօրվա բարձրաձայնումը վաղը ի զորու չենք տեսնելու, չնայած մտահոգություն կա, որ կարող ենք այդպես էլ չտեսնել: Շատ բարձր մակարդակով մի վախվորած հայտարարություն եղավ, որ վարչապետի աշխատասենյակը մեր կուսակցության աշխատասենյակն է: Կամ ասենք՝ ասում են մեծարգո, ընտիր գողեր, դուք անհանգստանալու բան չունեք, որովհետև կուսակցությունը խոսում է «պրիմիտիվ գողերի» մասին: Ես կարծում եմ, որ գողը գող է: Փաստորեն վարչապետը հայտարարություններ է անում, որոշումներ է ուզում կայացնել, որը պետք է իրականության վերածվի, բայց արի ու տես, որ որոշում կայացնող ուժերն, ըստ էության, անհանգստություն են արտահայտում, ինչի մասին ասացի:

Հնարավոր համարո՞ւմ եք, որ որոշ ժամանակ անց վարչապետը և անկուսակցական նախարարները դառնան ՀՀԿ անդամ:

Այո, սա ըստ էության կարող է նշանակել նաև առայժմ ոչ բացահայտ, բայց անհարմարության և ընդհարման առաջացում:

Կարեն Կարապետյանը կառավարության առաջին նիստի ժամանակ էլէերգիայի և գազի գնի սակագների վերանայման հանձնարարական տվեց: Մի՞թե նրա համար գաղտնիք էին սակագների գնագոյացման մեխանիզմները:

Հենց ամբողջ խնդիրն էլ այն է, որ բացարձակապես իր համար գաղտնիք չէր, նա չափազանց ծանոթ է իրավիճակին: Դա թույլ տվեց ասել, որ մենք ունենք դրա համար ռեզերվներ: Այսինքն՝ մասնագետ, որը տարիներ շարունակ աշխատել է այդ ոլորտում, շատ լավ գիտի, որ ունենք սակագներն իջեցնելու ընդգծված հնարավորություն: Միայն այն հանգամանքը, որ մենք հազար խմ գազը ձեռք ենք բերում 150 դոլարով և մեր սպառողներին վաճառում ենք կրկնակի թանկ, դա տնտեսագիտության մեջ չափազանց անհասկանալի, օրինաչափությունից դուրս ինստիտուտ է: Այսինքն նշանակում է՝ սակագինն ուռճացված է: Հիմա չշարունակենք, թե այդ փողերն ուր են գնում՝ ասենք բարձր աշխատավարձերի, շքեղ տների և այլն: Բայց հասկանալի է, որ ի դեմս Կարեն Կարապետյանի՝ որպես իրավիճակին ծանոթ մարդու, որևէ խնդիր չի ներկայացնում սակագնի վերանայումը նվազեցման ուղղությամբ:

Այսինքն՝ այդ հնարավորությունը միշտ եղել է, սակայն իշխանությունը տարիներ շարունակ կեղեքե՞լ է ժողովրդին:

Լիովին համաձայն եմ ձեզ հետ: Իշխանությունն էլ ի՞նչ անի, մեզ պահում է (ծիծաղում է): Տեսեք, ասֆալտի վրա կարմիր գծեր է քաշում, ամեն տեղ նկարահանող սարքեր է դնում, մեր մասին է մտածում։