Այս երկու հիմնական հարցերին կառավարությունը չի կարող ձեռք տալ

    • Հարցազրույց - 30 Սեպտեմբերի 2016, 11:50
Մեր զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը

Պարոն Ենոքյան, նոր կառավարության կազմը գրեթե պատրաստ է և արդեն երեք նիստ է կայացել։ Ի՞նչ եք կարծում, կա՞ իրական փոփոխության ցանկություն և կամք։

Տպավորությունը երկակի է, մի կողմից տպավորություն կա, որ Կարեն Կարապետյանին նշանակել են Ռուսաստանից՝ որպես դագանակ Սերժ Սարգսյանի գլխին, այսինքն՝ եթե նա հանկարծ փորձի շեղվել Ռուսաստանի  կողմից թելադրվող քաղաքականությունից, ապա նրան ցույց են տալիս, թե ով կարող է դառնալ երկրի ղեկավար։ Մյուս կողմից, տպավորություն կա, որ Կարեն Կարապետյանին բերել են, որպեսզի մի փոքր շպարեն հանրապետականի երեսը, որ նա կարողանա մասնակցել ընտրություններին։ Եվ կարծես թե ամեն ինչ էլ կա Կարեն Կարապետյանի քաղաքականության մեջ, այսինքն՝ ՀՀԿ-ով չվարկաբեկված մարդիկ, ընդհանրապես անծանոթ մարդիկ, ում նկարները նույնիսկ google-ով չենք կարողանում գտնել, այդպիսի նախարարներ սովորաբար չեն լինում, և եթե անգամ նախարարները այսպես կոչված արհեստավարժներ են, այնուամենայնիվ, նրանք պետք է հանրությանը հայտնի արհեստավարժներ լինեն, այսինքն՝ նրանք մարդիկ են ինչ-որ տեղից, և բնականաբար նրանց միջոցով խնդիրներ լուծելը հասարակության համար դժվար կլինի։

Միգուցե ներիշխանական ինտրիգների համար հարմար է այսպիսի լուծում, բայց այսօր Հարկային օրենսգրքի նոր տարբերակի քվեարկությունը ցույց տվեց, որ այս իշխանությունը ոչինչ չի կարող լուծել, այսինքն՝ որևէ իրական քայլ չի արվի, կփորձեն ինչ-որ պոպուլիստական քայլեր, ինչպես առաջին նիստի ժամանակ առաջարկվեց գազի և էլէներգիայի սակագները վերանայել, ինչը նույնպես այնքան էլ տրամաբանական չէր, որովհետև գազի այդ գինը, այնուամենայնիվ, ստացվել է Կարեն Կարապետյանի՝ Գազպրոմի ղեկավար եղած ժամանակ, այսինքն՝ ինչ է, նա այն ժամանակ չէր հասկանո՞ւմ ինչ է անում, թե նա այն ժամանակ գործում էր Հայաստանի դեմ, և հիմա փորձում է իր արածը սրբագրել։ Այնպես որ, կառավարության քայլերը կարելի է գնահատել որպես էկլեկտիկ։

Արդյոք  նկատո՞ւմ եք վարչապետի կողմից դաշնակցական նախարարների նկատմամբ ընդգծված վերաբերմունք, ինչո՞վ է , ըստ Ձեզ, այն պայմանավորված։

Ես չեմ կարծում, թե ընդգծված վերաբերմունք կա դաշնակցականների նկատմամբ, ավելի շատ ընդգծված վերաբերմունք է հին նախարարների նկատմամբ, որոնց Կարեն Կարապետյանն իր հետ չի բերել, և որոնց որ ինքը իրավունք է վերապահում որոշակի շրջանակների մեջ պահել։ Եվ քանի որ հանրապետական նախարարների զգալի մասը փոխվել է, ավելին՝ հաշվարկ տեսա, որ այլևս նախարարների մեծ մասը հանրապետական չեն, այսինքն՝ դժվար է այս կառավարությունը հանրապետական կոչելը, ինչը սխալ է, որովհետև սա Հանրապետական ԱԺ-ի նշանակած կառավարությունն է, հանրապետական նախագահն է նրանց նշանակել, նշանակում է, որ Հանրապետականի կնիքը նրանց վրայից հանելը շատ դժվար է։

Հնարավո՞ր է շատ արագ նրանք հանրապետականացվեն, ինչը ՀՀԿ-ում չեն բացառում:

Կարծես մարտավարություն է ընտրվել, որ որքան հնարավոր է քիչ Հանրապետական պիտակով մարդիկ հիմա հայտնվեն: Դա և նախարարներին է վերաբերում, և որոշ համայնքների ղեկավարների, որոնք իրենց գործն անելուց հետո դարձան ՀՀԿ-ական: Եթե նրանք մնան իրենց պաշտոններում, երևի ընտրություններից հետո նոր կհանրապետականացվեն:

Ձեր կարծիքով, ինչո՞ւ է ուշանում ՊՆ-ի և ԱԳՆ-ի ղեկավարների նշանակումը: Դեռ չե՞ն որոշել, թե ինտրիգն են պահում:

Սրանք այն նախարարներն են, որոնց նշանակումը կարծես թե նախագահի իրավունքն է, ոչ թե վարչապետի: Այսինքն այս ուշացումը կապ չունի Կարեն Կարապետյանի հետ: Մյուս կողմից, կառավարության կազմը փոխելը Սերժ Սարգսյանը փորձում է օգտագործել այս ընթացքում նաև մյուսներին վերանշանակելու համար: Երրորդ, կարծում եմ՝ նա ունի իր որոշումը, բայց փորձում է ինտրիգը տաք պահել:

Վարչապետը խոսում է տնտեսության ծանր վիճակից, ներդրումների կարևորությունից: Սրանք տեխնոկրատ կառավարության մեթդոնե՞րն են, որը նախկինում էլ եղել է և պետք չէ դրանից շատ ոգևորվել, թե՞ այնպիսի ծանր վիճակ է, որ կառավարությունը ստիպված է ինչ-որ բան անել հանրության համար:

Ինչ կարող է անել կառավարությունը: Նախ այս կառավարությունը չունի այնքան գոյության ժամկետ, որ հասցնի ինչ-որ բան անել: Բոլորի համար պարզ է, որ խորհրդարանական ընտրություններից հետո, այսինքն 2017-ի մարտ-ապրիլին այս կառավարությունը պետք է փոխվի, թեկուզ վերանշանակման դեպքում էլի պետք է փոխվի: Երկրորդ, անընդհատ ասում են՝ երկրի իրավիճակը ծանր է, բայց գնահատականներ չեն տալիս, որոնք են այդ ծանրության պատճառները: Իսկ պատճառները երկուսն են՝ տնտեսության և ընդհանրապես Հայաստանի քաղաքականության օլիգարխիկ կառուցվածքը, որին ոչ մի հանրապետական կառավարություն ձեռք չի տա, որովհետև դա կնշանակի ինքնասպանություն, կնշանակի քանդել այն համակարգը, որի վրա իրենք գոյություն ունեն: Երկրորդ պատճառը մեր տնտեսության և ընդհանրապես քաղաքական ռուսամետ ուղղվածությունն է: Իսկ Կարեն Կարապետյանը Ռուսաստանից եկել է ոչ նրա համար, որ Հայաստանի քաղաքականության սլաքը շուռ տա Մոսկվայից դեպի Արևմուտք: Այս երկու հիմնական հարցերին կառավարությունը չի կարող ձեռք տալ, և ըստ այդմ չի կարող որևէ ռեալ փոփոխություն իրականացնել:

Այսինքն քրեաօլիգարխիկ համակարգին վերջ չի՞ տրվելու:

Իհարկե չի տրվելու, որովհետև այդ համակարգն է Հայաստանի Հանրապետության ներկա քաղաքականության հիմքը: Ես չգիտեմ, միգուցե նոր սահմանադրությամբ ստեղծվի իշխանության ինչ-որ այլ կառուցվածք, որտեղ հնարավոր լինի ազատվել նման համակարգից, բայց դրա մասին մենք միգուցե խոսենք խորհրդարանական ընտրություններից հետո: Բայց թե նոր ընտրական համակարգը, թե նոր սահմանադրությունը կրկնում են, միգուցե ավելի վատ ձևով, քրեա-օլիգարխիկ կառուցվածքը: