25 տարվա վաղեմության ոչ մի հայց դատարանը չի ընդունի, բացի ժողովրդից

    • Հարցազրույց - 29 Սեպտեմբերի 2016, 10:16
Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը

Պարոն Հակոբյան, կառավարության կազմը գրեթե ամբողջությամբ նշանակված է՝ բացառությամբ ԱԳ և պաշտպանության նախարարների: Ձեր կարծիքով՝ Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը պետք է վերանշանակվե՞ն իրենց պաշտոններում, թե՞ նոր դեմքեր պիտի լինեն տեխնոկրատ կառավարությունում:

Այդ հարցի պատասխանը իմը չէ: Երկու պաշտոններն էլ այնպիսի նուրբ մոտեցումներ ունեն, որ տեղեկատվության պակասն ինձ մոտ բավական էր, որպեսզի ես կարողանամ հարցին չպատասխանել:

Քառօրյա պատերազմը, դրանից հետո ստեղծված վիճակը, մտահոգությունները, որ հնչում են նրանց հասցեին... կարելի՞ է ակնկալել, որ նոր կադրեր կլինեն այդ երկու ոլորտներում:

Աշխարհը շատ արագ է փոխվում, պաշտպանության և ԱԳ նախարարների գործունեությունը կապված է այդ փոփոխությունների հետ: Կրկնում եմ, որ ես բավարար ինֆորմացիա չունեմ, որպեսզի կարողանամ եզրահանգել կամ որևէ հստակ բան ասել:

Եթե այդ պաշտոններում այլ մարդկանց նշանակեն, ինչպիսի՞ն կլինի Ձեր վերաբերմունքը:

Ես երբեք չեմ մտածել, որ նրանք վատ են աշխատել, ավելի շուտ ըմբռնումով կմոտենայի, որ մեր արտաքին քաղաքական և պաշտպանական ոլորտում, որոնք փոխկապակցված են, փոփոխություն է կատարվել:

Նոր վարչապետը կառավարությունում խոսել է «պրիմիտիվ գողության» մասին և ծանր է բնորոշել երկրի տնտեսության վիճակը: Նրա գնահատականները կիսո՞ւմ եք:

Կարծում եմ՝ «պրիմիտիվ գողության» երևույթը նկարագրվեց և ասվեց, որ ավելի լավ է խելքն օգտագործել ավելի լավ բաներ ստեղծելու համար: Ես այդպես եմ հասկացել:

Այսինքն՝ չպե՞տք է լինեին պատասխանատվության ենթարկվողներ «պրիմիտիվ գողության» համար, մասնավորապես այն գերատեսչություններում, որոնք մասնակից են ավիատոմսերի գնման հարցում չարաշահումների հետ:

Պատասխանատվության խնդիրը բնական է: Եթե վարչապետը հայտարարեց, հետևաբար կառավարության ներսում այդ խնդիրը կլուծվի: Իհարկե, կլինեն պատասխանատվության ենթարկվողներ:

Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետը տնտեսության վիճակը գնահատեց ծանր, ապա ՊԵԿ-ի նախագահն էլ ասաց, որ առաջավոր ձեռնարկությունների մասով 1 միլիարդ դոլար ավելի պակաս է հարկվել: Հետևաբար, վարչապետի հայտարարությունը և ՊԵԿ-ի նախագահի հայտարարությունը նույնն են:

Ինչո՞ւ ունենք այս իրավիճակը, ովքե՞ր են դրա համար պատասխանտու:

Մենք բոլորս ենք մեղավոր, Հայաստանի Հանրապետության իշխանավորները, քաղաքացիները, լրագրողները: Բոլորը մեղավոր են:

Իսկ կոնկրետ պատասխանատվության ենթարկվողներ չպե՞տք է լինեն:

Բարդ խնդիր է՝ գտնել օբյեկտիվ պատճառներ, թե մենք ինչու ենք սրան հասել: Այդ դեպքում պետք է սկսենք 1991 թվականից: 25 տարվա վաղեմություն ունեցող ոչ մի հայց դատարանը չի ընդունի, բացի ժողովրդից:

Իսկ Կարեն Կարապետյանի հետ հույսեր կապո՞ւմ եք: Նա կկարողանա՞ բիզնես ոլորտն ազատականացնել, ներդրումներ ապահովել:

Ժամանակը ցույց կտա, ես լավատես եմ տրամադրված:

Ձեր կարծիքով, ինչո՞ւ իրենց պաշտոնները պահպանեցին նախորդ կառավարության մի քանի նախարարներ: Նրանք ավելի լա՞վ էին աշխատել, քան նրանք, որոնք հեռացան:

Ես ձեր նման չեմ մտածում, ես մտածում եմ, որ կա քաղաքական թիմ, կան քաղաքական թիմի ներկայացուցիչներ, որոնք պետք է գործընթացն առաջ տանեն: Մի մոռացեք, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է խորհրդարանում:

Նոր նախարարները ՀՀԿ-ական չեն, նրանք է՞լ ժամանակի ընթացքում կդառնան ՀՀԿ-ական:

Նրանք կլինեն ՀՀԿ անդամ, թե չեն լինի, երկրորդական խնդիր է: Քաղաքական թիմի մեջ դա չի դիտարկվելու: Կարծում եմ՝ ժամանակի մեջ ավելի հաճախակի կսկսեն ամփոփվել նախարարների աշխատանքը: