Երեք պայման, որից կախված է նոր կառավարության հաջողությունը

    • Հարցազրույց - 29 Սեպտեմբերի 2016, 09:37
Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը

Պարոն Սաֆարյան, տեխնոկրատների կառավարությունը գրեթե պատրաստ է՝ բացառությամբ ԱԳ և պաշտպանության նախարարների նշանակումների։ Այս փոփոխությունը, ըստ Ձեզ, նպատակ ունի՞ ինչ-որ բան փոխելու, թե՞ սրանք նախընտրական տարվան ընդառաջ իրականացվող իմիտացիոն գործընթացներ են։

Հերքել, որ այս փոփոխությունները նախընտրական շրջանի ազդեցություն կրում են, կարծում եմ անիմաստ է։ Թերևս միայն այն, որ վարչապետի թեկնածությունը ներկայացնելու ժամանակ Սերժ Սարգսյանը դնում է խնդիրներ և Կարեն Կարապետյանը բարձրաձայնում է, որ երկու փուլանոց ծրագիր է լինելու, առաջինը՝ կարճաժամկետ և երկրորդը երկարաժակետ հեռանկարային զարգացման ծրագրեր, սա նշանակում է, որ, մենք, այո, գործ ունենք ընտրությունների հետ կապված ՀՀԿ-ի մեծ մտահոգությունների հետ, որովհետև այս ցուցանիշներով նրանք չեն կարող հայցել նույնիսկ սեփական համակիրների քվեն։ Եկեք հասկանանք, որ Հայաստանի զարգացման խնդիրները համակարգային են, և դրանք վերացնելու համար պետք է չափազանց լուրջ արմատական քայլեր կատարել։ Եվ եթե անգամ այս երկու նշանակումներով էլ կառավարություն գան այս կամ այն չափով ոլորտին տիրապետող մարդիկ, միևնույն է, նրանք մեծ արդյունքներ չեն կարող բերել։ Առայժմ տեսանելի նշաններ չկան,  որ Կարեն Կարապետյանը գնալու է համակարգային վերանայումների։

Երկրորդ խնդիրը կախված է նրանից, թե Հայաստանը որքանով է կարողանում օգտագործել միջազգային տնտեսության և գլոբալիզացիայի բարեբեր հետևանքները՝ ներգրավելով ներդրումներ և աշխուժացնելով ֆինանսական հոսքերը։ Այս առումով ակնահայտորեն մեզ վրա դրվել է «կափարիչ»՝ ի դեմս ԵՏՄ-ի։ Եվ քանի այդ «կափարիչը» կա, և քանի դեռ մենք ինքնուրույն մեր հարևան Իրանի հետ չենք կարող ստորագրել երկկողմ տնտեսական փոխշահավետ պայմանագրեր, Կարեն Կարապետյանը և իր կառավարությունը ոչինչ չեն կարողանալու անել։ Հատկապես երբ մյուս ուղղությամբ՝ ԵՏՄ-ով, մենք որևէ դրական հնարավորություն օգտագործելու նշույլ անգամ չունենք, այդ միության մեջ տենդենցները խորքային և շատ բացասական են և միտված են միության ապաինտեգրմանը և ոչ թե հակառակը։ Եվ հետևաբար, քանի դեռ ներքին համակարգային վերանայումներից մինչև ինքնիշխան կերպով այդ բարենպաստ հնարավորությունները օգտագործելու խոչընդոտները վերացված չեն, Կարեն Կարապետյանը որևէ բան չի կարողանալու անել։

Ես այս կառավարության հաջողության հետևյալ չափանիշն եմ դնում. եթե նա կկարողանա ճեղքել իրավիճակը և առաջիկա ամիսներին ստորագրել Հայաստան-ԵՄ նոր պայմանագիրը, որը կբերի բազմաթիվ ֆինանսական հոսքեր, որոնք նաև համակարգային փոփոխությունների խնդիրը կլուծեն, նաև ազդանշան կլինեն եվրոպացի և արևմտյան ներդրողների համար, որ Հայաստանը հուսալի երկիր է և այնտեղ կարող են ներդրումային ծրագրեր իրականացնել, քանի որ հենց ԵՄ-ն երկարաժամկետ հեռանկար տեսնում է այս երկրի հետ, այդ դեպքում ես կկարողանամ ասել, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը շանս ունի երկարաժամկետ գործելու։ Բացի այդ, եթե Կարեն Կարապետյանը կարողանա այս իրավիճակում երկկողմ հարաբերություններ հաստատել Իրանի հետ եւ ազատ առևտրի պայմանագիր ստորագրել, իրականացնել ենթակառուցվածքային և մի շարք այլ ծրագրեր, որոնք թույլ կտան կրկին միջազգային խոշորագույն հոսքեր բերել՝ և կապիտալի, և ապրանքների, և ծառայությունների, այդ դեպքում ես կկարողանամ ասել, որ Կարեն Կարապետյանի տեխնոկրատ կառավարությունը կարող է որևէ խնդիր լուծել։ Եվ առավել քան եթե կարողանա Հայաստանը դուրս բերել ԵՏՄ-ից, որտեղ որևէ շահեկան հեռանկար չենք կարող սպասել, սա առավել քան բավարար է հույս կապել այս կառավարության հետ։ Եվ եթե չեն դրվել այս երեք խնդիրները՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերասահմանում և պայմանագրի շուտափույթ ստորագրում, Հայաստան-Իրան ազատ առևտրի համաձայնագիր, երրորդ՝ մեր որոշումների կայացմանը խանգարող արգելքների վերացում՝ ի դեմս ԵՏՄ-ի, ես չեմ կարծում, որ այս կառավարությունը հաջողելու որևէ հնարավորություն ունի։

Ի՞նչ եք կարծում, եթե ԱԳ և Պաշտպանության նախարարները փոխվեն, հնարավոր կլինի՞ արտաքին ոլորտում խախտված հավասարակշռությունը վերականգնել։

Թերևս այս նշանակումները շատ առանցքային են լինելու՝ հասկանալու Հայաստանի արտաքին անվտանգության և պաշտպանության քաղաքականությունների վեկտորը։ Եվ սա իսկապես շատ նշանային է լինելու։ Այս կտրվածքով իհարկե շատ մեծ  ցանկություններ չկան, և ես չէի ցանկանա անգամ շրջանառության մեջ դրված անունների մակարդակով դատողություններ անել, բայց այո, թերևս հենց դա է  ազդարարելու խոշորագույն խնդիրը, թե արտաքին քաղաքականությունը որքանով է կապված լինելու ներքին վերանայումների հետ։ Եվ եթե մենք այդ նշանակումներում իսկապես ուղերձ տեսնենք իմ ասած խնդիրների լուծման ուղղությանը համապատասխան, ապա սա կնշանակի, որ իսկապես իշխանությունը փոխվել է, ուզում է համակարգային փոփոխությունների գնալ, իսկ եթե հերթական քայլով առավելապես պետք է սպասարկվի Ռուսաստանի շահերը, ապա կներեք, վիճակը չափազանց տխուր է լինելու։

Պաշտոնանկությունների հերթը, ըստ շրջանառվող լուրերի, հասնելու է մարզպետներին։ Խոսվում է Սուրեն Խաչատրյանի հնարավոր պաշտոնանկության մասին։ Որքանո՞վ իշխանության ձեռքը կհասնի նրան՝ հաշվի առնելով ընտրական գործընթացներին նրա կարևորությունն իշխանության համար։

Իհարկե, եթե դա տեղի ունենա, ապա հասկանալի է, թե ինչու է իշխանությունը գնում այդ քայլին, որովհետև հանրության առջև իր դեմքը փոխելու խնդիր ունի։ Ի վերջո, հանրությանը տեղային մակարդակով նա ներկայանում է այնպիսի դեմքերով, որոնցից մեկը վառ ընդգծված կերպար է և նրա անունն է շրջանառվում։ Սա նշանակում է, որ իշխանությունը ինքը գիտակցում է իր դեմքը փոխելու հրամայականը։ Եվ այն, որ այդպիսի հրամակայան կա, անկասկած է, հետևաբար կարծում եմ այդ վերանայումները կլինեն։ Մարզպետների և տեղական իշխանիկների խնդրի լուծումը իշխանության դեմքի փոփոխության խնդիրն է, և հրապարակ են բերելու շատ ավելի տանելի և հրապարակային դեմքեր, ինչը ինչ-որ ձևով կարող է մեղմել հասարակական դժգոհությունը, ինչպես որ Կարեն Կարապետյանի դեպքում, բացի մարդկային դեմքից, որոշակի սպասումներ, համակրանք է ձևավորել, ավելին դեռևս չկա։

Հանրությունն այսպիսի դեմքերով կառավարություններ մեկ անգամ չէ, որ տեսել է, բայց  դրանք որևէ փոփոխություն չեն բերել։ Հանրության այս անվստահությունը դրանո՞վ է պայմանավորված։

Միանշանակ դրանից է գալիս, և այս առումով փորձագիտական թե քաղաքական դաշտում որևէ մեկը անվերապահ վստահություն կամ աջակցություն չի հայտնել այս կառավարությանը և չի հայտնի, բացառությամբ քաղաքական համակրանքներ ունեցող հատվածի, որովհետև բոլորս հասկանում ենք, որ երեք բան միաժամանակ պետք է լինի՝ պրոֆեսիոնալիզմ գումարած դեմք, գործունեության համոզիչ ծրագիր, որը ծիծաղ չի առաջացնի, և երրորդ՝ արտաքին և ներքին քաղաքականության հստակ ուղենիշեր, որոնք կամրապնդվեն կատարված և կատարվելիք նշանակումներով։

Ամենաընթերցվածը