Անվտանգության այս բարձիկը չի կարող երկար աշխատել

    • Հարցազրույց - 23 Սեպտեմբերի 2016, 11:14
Մեր զրուցակիցն է հրապարակախոս, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, մասնավորապես կառավարության փոփոխությունը։ Որքանո՞վ ռեալ, որքանով իմիտացիոն գործընթացներ են։

Ես այդ փոփոխություններին կարող եմ անդրադառնալ երկու փուլով։ Առաջին փուլը վարչապետի խորհրդականի պաշտոնում Գագիկ Մարտիրոսյանի նշանակումն էր։ Նա Հայաստանի քաղաքական կյանքում բավական հայտնի դեմք է, և այդ հայտնիությունը միանշանակ դրական չէր։ Այսինքն՝ նրա արած գործերն ու դրանց հետևանքները հասարակությունը գնահատում է բացասական։ Դրա համար նրան խորհրդական նշանակելը տարակուսանք հարուցեց հասարակության լայն շրջանակներում, այդ թվում՝ փորձագիտական։ Ինչ վերաբերում է նորանշանակ նախարարներին, ապա ակնհայտ է, որ նրանք կարծես թե արտաքինով կրկնում են վարչապետին՝ Հայաստանի համար ոչ բնորոշ քաղաքակիրթ դեմքերով և բավական լավ կենսագրություններ ունեն։ Օրինակ՝ երբ նայում ես Էներգետիկայի նախարարի կենսագրությանը, տեսնում ես մի շարք բուհեր, մի շարք  մասնագիտացումներ ու կատարելագործումներ, որոնք լավ աշխատող ինստիտուցիոնալ ապարատի պարագայում կարող են մեծ օգուտներ բերել։

Բայց այստեղ մի հարց կա՝ որքանո՞վ կարող է նախարարի անձնական պրոֆեսիոնալիզմը և անգամ վարչապետի բարի կամքը համատեղվել Հայաստանի ներկա տնտեսական համակարգի հետ։ Ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Հայաստանի ներկա տնտեսական համակարգն այնքան կախյալ է ներքին իմպորտից,  ռուսական մոնոպոլիաներից, ներքին մոնոպոլիաներից, որ ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչ հաջորդականությամբ պետք է այդ ամենը փլուզել, և արդյոք կհասցնեն այդքան կարճ ժամանակում կառուցել նոր ենթակառուցվածքներ, որոնք ի վիճակի կլինեն մի քիչ մեղմել Հայաստանի տնտեսական ճգնաժամը, որովհետև Հայաստանում իրապես տնտեսական ճգնաժամ է, և դա բոլորն են խոստովանում։ Երևի միայն Պուտինն է կարծում, որ Հայաստանում տնտեսական աճ է, մնացած բոլորը տեսնում են և փաստացի խոսում են այն մասին, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամ է։

Ուրեմն պետք է դիտարկել այդ խնդիրը երկուստեք, այսինքն՝ կարող է լինել բարի կամք, և ես բնավ չեմ ուզում ժխտել այդ բարի կամքի առկայությունը, բայց կարող են չլինել բավարար հնարավորություններ։ Ցայսօր վարչապետը ներքին խնդիրներն է լուծում, միգուցե դրանք ավելի հրատապ արձագանքման խնդիրներ են, բայց մենք դեռ չենք լսել հայտարարություն առ այն, որ ինչպես է ընդհանրապես ԵՏՄ-ին պատկանելը դրական կամ բացասական անդրադառնում Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա, որովհետև մենք հո գիտենք, որ դա բացասական է։ Զարմանալի է, որ ներքին հարցեր լուծելով, չենք բարձրացնում այդ գլոբալ խնդիրը։ Չէ՞ որ եթե դու այդ տնտեսական միության անդամ ես, քեզնից անկախ կիսում ես այդ միության բոլոր խնդիրները։ Ինձ թվում է՝ ժամանակն է դրա մասին խոսելու։ Եթե ռեալ առավելություններ կան՝ փաստացի ներկայացնել, ոչ թե ինչպես մինչև հիմա ասվում էր, որ դա լավ է ու վերջ, իսկ հետո պարզվեց, որ թե արտահանման, թե ներմուծման հարցերում խնդիրներ ունենք, կամ էլ այդ հարցը լուծել ավելի թափանցիկ ու համակողմանիորեն։

Թեև նոր վարչապետը դեռ ներքին խնդիրներով է զբաղված, սակայն արդեն իսկ առանձին պատգամավորներ մեզ հետ զրույցում նշում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսում գրեթե փոփոխություններ չեն լինի։

Բնականաբար չեն լինի։ Մենք չպետք է մոռանանք, որ, այնուամենայնիվ, վարչապետը Հայաստան եկել է ռուսական «Գազպրոմից», իսկ «Գազպրոմը» բացի տնտեսականից, նաև քաղաքական ազդեցության հիմնարկ է, և դա ոչ ոք չի ժխտում։ Այսինքն՝ քաղաքական կուրսի փոփոխության մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է, որովհետև ակնհայտ է, որ ռուսամետ քաղաքական կուրսը ոչ միայն չի փոխվելու, այլ ամրապնդվելու է։

Վերջին օրերին տեսնում ենք վարչապետի կողմից բավական լարված վերաբերմունք դաշնակցական նախարարների նկատմամբ։ Ըստ Ձեզ, ինչո՞վ է սա բացատրվում։

Այս պարագայում միանշանակ մի բան կարող եմ ասել. ինձ թվում է՝ դա քաղաքականապես ամենագրագետ մոտեցումն է։ Կուսակցական կոալիցիաները չեն կարող միջամտել գործադիրի կառավարման ռազմավարությանը։ Այսինքն՝ կուսակցականությունը մի բան է, և դա պետք է պաշտպանել խորհրդարանում, կուսակցական կազմակերպություններում, ընտրողների մոտ, որտեղ ասես, բայց Հայաստանի նման ճգնաժամային երկրում տնտեսության կառավարումն այնքան հստակ խնդիր է, որ չի կարելի դրան մոտենալ կուսակցական տեսանկյուններից։ Այսինքն՝ եթե վարչապետը խնդիր ունի նախարարի հետ, նա խնդիր ունի կոնկրետ նախարարի հետ, նա խնդիր չունի կուսակցության հետ։ Ցավոք, այդ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը, որ ցուցաբերում են, շատ սխալ է, որովհետև վարչապետը խնդիր ունի նախարարի հետ ոչ այն պատճառով, որ նա կուսակցական է։ Նա խնդիր ունի նախարարի վարած տնտեսական քաղաքականության և նրա կատարած աշխատանքի հետ։ Ցավոք, Հայաստանում միշտ կուսակցականության և պրոֆեսիոնալիզմի հարթակները խառնվում են, իսկ դա ամենաուղիղ ճանապարհն է տնտեսությունը և քաղաքականությունը քայքայելու համար։

Վերջին երեք վարչապետները խոսել են կախարդական փայտիկ չունենալու մասին։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս առումով խաղի կանոններ չեն փոխվելու։

Ես կարծում եմ, որ կախարդական փայտիկը քաղաքական կատեգորիա չէ։  Իհարկե,  խոսքը հասանելի դարձնելու համար կարելի է օգտագործել նման արտահայտություններ, բայց ցանկալի է այդ ամենից խուսափել և ուղղակի խոսել չոր փաստերով և թվերով, ընդ որում՝ այդ թվերը կեղծել են։ Մենք ունեցել ենք նման նախադեպեր և Հովիկ Աբրահամյանի, և Տիգրան Սարգսյանի դեպքում: Մենք հասկացանք, որ Հայաստանում միանշանակ ռեֆորմներ լինելու են, բայց մենք պետք է հասկանանք ներկա պահին այդ ռեֆորմների հեռահար նպատակը. Դա մինչև նախընտրական շրջանն իրավիճակը փոքրիշատե շտկելն է, որպեսզի հետո ընտրությունների ժամանակ պայթյունավտանգ իրավիճակներ չստեղծվեն։ Այսինքն՝ սա հասարակությանը դրական սպասման մեջ պահելն է և նրա գործողությունների շրջանակը սահմանափակելը։ Ընդ որում, ինչպես մենք տեսանք վերջին օրինակներով, այդ գործողությունները քանի գնում ռադիկալ էին դառնում, դրա համար այս ռեֆորմները որոշակի անվտանգության բարձիկ են, և այդ անվտանգության բարձիկը չի կարող երկար աշխատել։ Հայաստանում անհրաժեշտ են խորքային փոփոխություններ, որոնք պետք է սկսվեն հենց խորքային քաղաքական կառավարման կուրսի փոփոխությամբ, այլապես  ցանկացած պահի, ինչպես կոռուպցիոն համակարգը որոշում է մի պահ սանձերը բաց թողնել, նույն ձևով էլ, անուամենայնիվ, կարող է այդ սանձերը վերցնել իր ձեռքը։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանում բոլոր որոշումները  կայացվում են ոչ կոլեգիալ, այլ միանձնյա։ Եվ միանձնյա որոշումների համակարգը պետք է փոխել։

ՏԻՄ ընտրություններից առաջ ևս հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում՝ հաշվի առնելով Էջմիածնում ու Գյումրիում տեղի ունեցած դեպքերը։ Կարելի՞ է արձանագրել, որ ՏԻՄ մակարդակով Հայաստանում ոչինչ չի փոխվել։

Ոչ, ճիշտ հակառակը։ ՏԻՄ մակարդակով ընտրական գործընթացներում ամեն ինչ փոխվել է։ Ակնհայտ է, որ ՏԻՄ կառավարումը զրկվել է կենտրոնաձիգ հրահանգներից, այսինքն մարդկանց ասել են՝ գնացեք ու անցեք ձեր ուժերով։ Իսկ քանի որ իշխող վարչախումբն ի զորու չէ անցնել իր ուժերով, ներսում տեղի են ունենում հարցերի այսպիսի լուծման փորձեր, ուժի միջոցով հարցեր լուծելու փորձեր։ Դա հետևանք է այն բանի, որ գոնե ՏԻՄ ընտրություններն այդպիսի ուժգնությամբ չեն հրահանգավորվում։ Բայց մենք նաև հասկանում ենք, որ քանի տարի շարունակ Հայաստանի բոլոր քաղաքական ու տնտեսական օղակները զրկված են եղել տարրական քաղաքական ու տնտեսական մշակույթից, և նրանք սովորել են իրենց խնդիրները լուծել «հասկացողություններով» և դա հիմա փորձում են շարունակել։ Բայց ներկա իրավիճակում բոլոր մեղավորները պետք է պատժվեն։ Այդ համատեքստում խառնվում են դարձյալ պետական և թաղային հեղինակության ոլորտները, որովհետև եթե Գյումրիում տեղի է ունեցել միջադեպ, այդ կապակցությամբ անկախությանը նվիրված տոների կասեցումը հակապետական քայլ է։ Դա չի կարելի անել մի պարզ պատճառով, որ պետական տոնը մի բան է, իսկ անձնական ողբերգությունը՝ մեկ այլ բան։ Սա նշանակում է, որ մեր գավառական Հայաստանում իշխանության գլուխ կանգնածներն են որոշում՝ լինելու է պետական տոն, թե ոչ, և դա շատ սխալ մոտեցում է։