Հանրապետականին հաղթելու բանաձևը շատ պարզ է

    • Հարցազրույց - 22 Սեպտեմբերի 2016, 10:20
Մեր զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը

ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն հաղթել է 161 համայնքում, մեկ համայնքում՝ Նոր կյանքում, ՔՊ-ն առաջին անգամ հաղթանակ տարավ: Ըստ Ձեզ՝ ինչու զիջեց իշխանությունն այս անգամ:

Հենց այս ընտրություններն ապացուցեցին, որ բոլոր այն խոսակցությունները, թե Հանրապետականը չի զիջելու որևէ համայնք ընդդիմությանը, չեն համապատասխանում իրականությանը, իսկ հանրապետականների անպարտելիության գաղափարը միֆ է: Քաղաքացիական պայմանագիրը միշտ հայտարարել է, որ իշխանափոխությունն ընտրական մեխանիզմով հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ է ներգրավել մարդկային և այլ տեսակի մեծ ռեսուրս: Փաստացի՝ այս ընտրություններով մենք ֆիքսել ենք նորկյանքցու կամարտահայտությունը: Վերջինս ցանկացել է իշխանափոխություն իրականացնել իր համայնքում, դա տեսանելի ցույց է տվել իր քվեի միջոցով, իսկ մեր կուսակցությունն արձանագրել է այդ կամարտահայտությունը՝ դրան տալով իրավական տեսք:

Նոր Կյանքում մենք հանրապետական 17 տարվա համայնքապետին հակադրեցինք ուժեղ թիմ՝ լավ թեկնածուով, շատ հասկանալի ու չափելի ծրագիր՝ հստակ ժամանակացույցով, ինչը ենթադրում է նաև պատասխանատվություն դրա կատարման համար, ինչպես նաև պատշաճ կերպով իրականացրինք վերահսկողություն: Հանրապետականին հաղթելու բանաձևը շատ պարզ է, բայց բարդ՝ իրականացման մեջ: Մենք գիտակցում ենք այդ բարդությունը, հասկանում ենք խնդիրը, բայց եթե մտնում ես պայքարի մեջ, ապա պետք է նաև իմանաս, թե ինչպես ես լուծում խնդիրները և ամեն ինչ անես դրանք լուծված տեսնելու համար:

Այս առումով ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկայում Վանաձորի և Գյումրիի ընտրություններից: Գյումրիում տեսնում ենք, որ նախընտրական քարոզարշավն ընթացավ ԲՀԿ թեկնածուի որդու մահվան դեպքով: Սա ինչի՞ կհանգեցնի։

Կդժվարանամ այս պահին խոսել Վանաձորում և Գյումրիում մեր հնարավոր արդյունքների մասին: Յուրաքանչյուր ընտրապայքարի մեջ մտնելիս մենք սահմանում ենք նշաձող՝ անել այդ պահին մեր ուժերի առավելագույնը: Թիմերն աշխատում են Վանաձորում, Գյումրիում, պետք է ավելացնել այստեղ նաև Կապանը, որովհետև այդ համայնքում մենք նույնպես ունենք մեծ ու կարող ուժ, որի անդամներն ի վիճակի են մտնել տեղի ավագանի: Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքների քարոզարշավին են նաև միացել մեր կուսակցականներն ու համախոհները:

Ինչ վերաբերում է Գյումրիում տեղի ունեցածին, ապա դա դատապարտելի երևույթ է: Ակնհայտ է, որ մեղավորները պետք է խստագույնս պատժվեն: Իսկ եթե սպանությունն ունի քաղաքական բնույթ, ապա պատասխանատվություն պետք է կրեն նաև կուսակցական ղեկավարները:

Ստացվո՞ւմ է, որ այն թեզը, թե Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր չէ փոփոխությունների հասնել, այլևս չեզոքացավ, թե այնուամենայնիվ, իշխանությունը խորհրդարանական ընտրություններին այլ մեթոդներ կկիրառի:

Հանրապետական կեղծող համակարգն անընդհատ ձգտելու է խեղաթյուրել ընտրությունների արդյունքները՝ հօգուտ իր ցուցակի կամ թեկնածուների: Այդ համակարգին ռեալ այլընտրանք ներկայացնող ուժը պետք է միշտ մեկ քայլ առաջ լինի նրանցից, եթե ուզում է իշխանափոխություն իրականացնել: Մենք չպետք է սպասենք, թե ինչ նոր խնդիրներ է ստեղծելու ՀՀԿ-ն, մենք նրանից մեկ քայլ առաջ պետք է լինենք, որպեսզի նա ստիպված լինի լուծել մեր կողմից հարուցված խնդիրները: Այդ առումով, օրինակ, ընտրական տեղամասերի զանգվածային և տոտալ վերահսկողությունը մեծագույն խնդիր է հանրապետականների համար, ինչը և ապացուցեց Նոր Կյանքի ընտրությունը: Ասածս այն է, որ լուրջ հավակնություններ ունեցող ուժը պետք է պատրաստ լինի իշխանությունների համար հարուցել խնդիրներ և չսպասել նրա կողմից խնդիրների առաջ քաշմանը և լուծումներ փնտրելուն:

Արդյոք հնարավոր է կանխել համակարգի վերարտադրությունը: Տեսակետ կա, որ շատ լուրջ խնդիրներ կան, որոնք ընտրությունների միջոցով փոխել հնարավոր չէ, առաջին հերթին հարցն այն է, թե ում ենք ընտրում: Համակարգը, ըստ էության, վերարտադրվում է:

Սա նույնպես ընդդիմության ավանդական խնդիրներից է և մեր կողմից հռչակված ինստիտուցիոնալ ընդդիմության կարևորագույն բաղադրիչներից է: Եթե դու ունես լավ ծրագիր և վերահսկում ես ընտրությունները, սակայն չունես լավ թիմ և թեկնածու, առաջանում են խնդիրներ: Նոր Կյանքի հաջողության գրավականներից էր երեք կարևոր բաղադրիչների կատարյալ համադրությունը՝ թիմ/թեկնածու, ծրագիր, վերահսկողություն: Մենք միշտ ասել ենք, որ այս երեք բաղադրիչներից որևէ մի բաղադրիչի բացակայությունը թույլ չի տա հաղթանակ ապահովել ընտրական գործընթացում՝ լինի դա ՏԻՄ, թե համապետական ընտրություն: