Լարում է առաջանում, բայց որ դա կարող էր կյանք արժենալ...

    • Հարցազրույց - 22 Սեպտեմբերի 2016, 10:01
Մեր զրուցակիցն է Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը

Պարոն Բարսեղյան, նորընտիր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը,  անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքին, նշել է, որ այս պահի դրությամբ հավաքված բոլոր օբյեկտիվ տվյալները հիմք են տալիս խոսել ինքնասպանության մասին: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

Կարծում եմ, որ դատախազները, հետաքննիչները, դատավորները, առավել ևս գալուստները սահակյան մինչև պրոֆեսիոնալ քննության ավարտը որակումներ տալու իրավունք չունեն, եթե անգամ պարզվի, որ այդ որակումը ճշմարիտ է։ Առնվազն տպավորություն է ստեղծվում, որ այդ որակումով իրենք ուղղորում են քննությունը։ Հիշեցնեմ Քոչարյանի հայտնի ռեպլիկը Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո, որ բոլոր դեպքերը տանում են Դավալու։ Այդ հայտարարությունից հետո որևէ քննիչ չի համարձակվի մեկ այլ տեղում հետքեր փնտրել։ Այս դեպքում նման բան ասելը առնվազն անզգուշություն է, իսկ առավելագույնը՝ դիտավորություն։ Այսինքն՝ դու կանխավ հայտարարում ես, թե ինչ ուղղությամբ պետք է աշխատի քննչական խումբը։ Այդ իմաստով լավ կլինի, որ դատախազն էլ, մնացած պաշտոնյաներն էլ հնարավորին զուսպ պահեն իրենց, ասեն, որ «ախպեր ջան, պրոֆեսիոնալ հետաքննիչները զբաղվում են պրոֆեսիոնալ գործով»։ Ու սա առաջին դեպքը չէ, քանի անգամ նման բաներ են անում։ Ես ինքս դժվարանում եմ ինչ-որ դատողություն անել, բայց եթե նույնիսկ դատողություն էլ անեմ, դա սարսափելի չէ, որովհետև ես այդ պատասխանատվության տակ չեմ, հետաքննիչ չեմ, պրոֆեսիոնալ էլ չեմ, ենթադրություն կարող եմ հայտնել, ինչը ջանում եմ չհայտնել, որովհետև չափազանց լուրջ պատմություն է։

Իսկ ընդհանուր առմամբ, քարոզարշավը թե՞ժ էր ընթանում։

Ճիշտն ասած ակտիվորեն չեմ մասնակցել քարոզարշավին, պլանավորում եմ վերջին շաբաթվա ընթացքում ներգրավվել։ Վերջին շրջանում նկատվում էր ինչ-որ ժուլիկություն, զրպարտչական հնարքներ էին փորձում կիրառել, հույս ունեմ խելքի կգան, թե չէ ստիպված կլինեմ անվանական պատմել, թե ով է։ Հիմա լուռ է քարոզարշավում։  Իհարկե, մեկնաբանություններ, վերլուծություններ եղել են։ Սա նոր տիպի քարոզարշավ է, քանի որ համամասնական ընտրակարգ է, 11 քաղաքական ուժ է մասնակցում, և հետզհետե նկատվում է, որ լարում է առաջանում։ Բայց որ դա կարող էր կյանք արժենալ, ոչ մեկի մտքով չէր անցնում, ոչ մեկին պետք չէ, և կարծում եմ՝ ոչ մեկն այդ գնով իշխանություն չէր ուզի։

Գյումրիի քաղաքապետի նախորդ ընտրություններին կծոցներ եղել էին, ըստ էության, մրցակցություն էլ չկար, Վարդան Ղուկասյանին հեռացրել էին մրցակցությունից։ Իսկ ավագանու մակարդակով 71 մեծամասնական թեկնածուներ էին։ Ճիշտ է, 2 քաղաքացիական նախաձեռնություններում կային 21 և 7 թեկնածուներ, բայց դրանք պաշտոնական միավորումներ չէին ու էլի նման սրացումներ չկային։ Այս անգամ քաղաքական ուժերի համար այս ընտրություններին հաջորդելու են ԱԺ ընտրությունները, հետևաբար կան ուժեր, որոնք հիմա փորձում են բազա ստեղծել, որպեզի ապրիլին ավելի ուժեղ հիմքեր ունենան։ Սա համապետական քաղաքական մրցակցության տեղական արտացոլանքն է՝ սինթեզած տեղական դերակատարների, իրենց առանձնահատկությունների, թաղային ազդեցությունների հետ։ Այդ իմաստով, չասեմ չափազանց բարդ, բայց սկզբունքորեն տարբերվում է նախորդ ընտրապայքարից։

Նկատվում էր որոշակի լարվածություն, բայց չեմ կարծում, որ դա այն լարվածությունն է, որ կարող էր մարդկային կյանք արժենար, եթե իհարկե, այս մահը ընտրությունների հետ կապ ունի։

Ճանաչո՞ւմ եք Վարդևան Գրիգորյանի ընտանիքին, որդիներին։

Վարդևան Գրիգորյանին ծանոթ եմ շատ վաղուց, մարդկային որակներ ունեցող, որևէ բացասական բան ասել չեմ կարող, իսկ զոհված որդին պարզվեց տղայիս համադասարանցին է։ Տղայիս՝ Հայկի հետ եմ խոսել, ասում է՝ մարդկային լավագույն որակներով։ Եվ այն, որ տարբեր լրատվամիջոցներ գրում էին, որ կարգին տղաներ են, մանավանդ փոքրը, դրա համար սա ինձ համար կասկածելու լուրջ հիմք է։

Պարոն Բարսեղյան, տեղի ունեցածը, ըտ Ձեզ, ազդեցություն ունենալո՞ւ է ընտրությունների վրա։

Շատ դժվար իրադրություն է։ Իհարկե կարող եմ համեմատել Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հետ։ Շատ կարևոր է, թե պարոն Գրիգորյանը ինչ կորոշի, գուցեև կորոշի շարունակել ընտրապայքարը՝ առանց ակտիվ քարոզչության մասնակցելու, և թիմի մյուս անդամները կիրականացնեն ակտիվ քարոզարշավ։ Գուցե և թողնի, դժվար էասել։ Առայժմ ժամանակը չէ դա քննարկելու։

Բացի այդ, կարևոր է, թե ինչ տեղի կունենա այս հետաքննության հետ կապված, որովհետև դեռ 10 օր կա ընտրություններին, և կախված է նրանից, թե 10 օրում ինչ կարող է բացահայտվել։ Չէի ուզենա սցենարները քննարկել, բայց եթե պարզվի՝ տեղի ունեցածն ընտրությունների հետ կապ ունի, սա լրջորեն կարող է փոփոխել իրերի դրությունը, իսկ եթե պարզվի, որ ընտրությունների հետ կապ չունի, կմնա թեկնածուի անհատական կամքը։ Անկախ ամեն ինչից՝ ինչ-որ ազդեցություն, բնականաբար, կունենա, բայց կարող է այդ ազդեցությունը շատ մեծ լինել, կարող է փոքր լինել։