Բոլորի համար էլ անսպասելի է, թե ինչպես այսպես եղավ. Պատգամավորը ԲՀԿ թեկնածուի որդու մահվան մասին

    • Հարցազրույց - 20 Սեպտեմբերի 2016, 23:33
Այսօր Գյումրիում մահացել է ԲՀԿ կողմից առաջադրված Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդին՝ Արշակը։ Ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների վրա։ Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ։

Պարոն Ավետիսյան, Ձեզ ինչ-որ բան հայտնի դարձե՞լ է Գյումրիում տեղի ունեցած մահվան դեպքից։ Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ ազդեցություն կթողնի Գյումրիում ՏԻՄ ընտրությունների վրա։

Ազդեցությունը չեմ կարող ասել, համենայնդեպս շատ ցավալի դեպք է, և ճիշտն ասած, նաև անհասկանալի։ Նորմալ երիտասարդ էր, նորմալ դաստիարակված երեխա ու հանկարծ նման բան է տեղի ունենում, շատ անհասկանալի էր։

Ինքնասպանության վարկածն է շրջանառվում, դրանից առաջ էլ նշվում էր, որ ինչ-որ խնդիրներ են առաջացել թեկնածուների ցուցապաստառի հետ կապված։

Այդ պաստառը դրա հետ կապ չի կարող ունենալ, որովհետև մարդը տան մեջ է եղել ցերեկը ժամը 13-ի սահմաններում։ Պաստառը դրա հետ ի՞նչ կապ ունի։ Այո, ինքնասպանություն է, որովհետև տան նկուղում է եղել։ Հիմա եթե այլ բաներ չլինեն, ուրեմն հաստատ ինքնասպանություն է, որովհետև զենքը կա, տան նկուղում է եղել։

Ըստ Ձեզ՝ որքանո՞վ սա կարող է կապված լինել քաղաքական խնդիրների հետ, հաշվի առնելով, որ դեպքը տեղի է ունեցել ընտրությունների նախաշեմին։

Ճանաչելով նրա որդուն՝ ինձ համար մի քիչ զարմանալի էր, որ նման դեպք է տեղի ունեցել։ Մինչև հիմա էլ բոլորի համար էլ անսպասելի է, թե ինչպես այսպես եղավ։

Տեղի ունեցածը կազդի՞ ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա։

Բնական է՝ նման բանը միշտ էլ իր ազդեցությունն ունենում է մարդկանց վրա, բնականաբար, նաև ՏԻՄ ընտրությունների վրա, բայց ինչ ձևով՝ չեմ կարող ասել։ Համենայնդեպս, որոշ ժամանակ անցնի, պարզ կլինի։

Դուք որպես պատգամավոր, փորձե՞լ եք պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։

Ես որպես պատգամավոր տեղեկացել եմ ու եկել Գյումրի։ Հետամուտ լինելու խնդիր չկա, բնական է՝ ինձ էլ  հետաքրքիր է, որ հասկանամ ինչ է տեղի ունեցել, բայց այն, ինչի մասին խոսվում է, առայժմ որևիցե բան չկա, ժամը 13-ի սահմաններում նկուղում հրազենային վնասվածքներով հայտնաբերել են տնեցիները։ Հիմա թե էլ ինչ ենք ուզում իմանալ, ես չգիտեմ։ Մնացածը իրավապահ մարմինների գործն է, որ կամ ապացուցեն, կամ եթե այլ խնդիրներ կլինեն, նրանք պետք է այդ խնդիրները հրապարակեն։ Այս պահի դրությամբ, նաև տնեցիների խոսքով, հստակ ինքնասպանություն է գործել, իսկ դրդապատճառը որևէ մեկը չի կարող ասել։

Ես Վարդևանի հետ էլ եմ զրուցել, եղբայրների հետ էլ եմ հանդիպել, բնական է, քաղաքի մարդիկ են։ Բայց որևէ բան չկա, որ ասես պատճառը սա է, կամ որևէ մեկը գիտի, թե ինչու է եղել կամ դրան ինչ-որ բան նախորդել է։ Որևէ բան չի եղել, որ թեկուզ փոքր միջադեպ նախորդած լինի ու դրանից հետո տեղի ունեցած լինի դեպքը։

Ինչո՞վ էր զբաղվում Վարդևան Գրիգորյանի որդին։

Ընտանեկան բիզնեսի խնդիրներով էր զբաղվում, չեմ կարծում, որ ինչ-որ կերպ դա ազդած լինի։ Սա անհասկանալի էր և հարազատների համար, և իրեն ճանաչողների։

Այսինքն՝ պնդում եք, որևէ խնդիր չի եղել թեկնածուների միջև, որովհետև նախօրեին անդրադարձ եղավ, որ խնդիր  է ծագել ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Բալասանյանի որդու հետ։

Ես չեմ կարող այս ինքնասպանությունը կապել ինչ-որ միջադեպերի հետ։ Առայժմ ինքնասպանության վարկածն է, ուրիշ վարկած որևէ մեկը չի կարող մատնանշել, որովհետև դեպքը տեղի է ունեցել տանը ու այդ պահին տանը մարդ է եղել։ Չգիտեմ՝ կրակոցի ձայն լսել են, թե ոչ, բայց տնեցիներն են նրան հայտնաբերել։

Քարոզարշավին ներգրավված եղե՞լ է Վարդևան Գրիգորյանի որդին։

Ես չեմ կարող ասել, որովհետև ես ինքս քարոզարշավներին չեմ մասնակցել, որ տեսնեմ ով ուր է գնում հանդիպման։ Կարծում եմ՝ մասնակցած կլինի, բայց կարող է նաև չլինել։