Սկսվել է իշխանության ժառանգաբար փոխանցումը

    • Հարցազրույց - 20 Սեպտեմբերի 2016, 10:54
Մեր զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

Պարոն Մարտիրոսյան, ՏԻՄ ընտրությունների արդյունքում 161 համայնքում դարձյալ հաղթեց ՀՀԿ-ն,  թեև որոշ համայնքներում հաղթեցին նաև ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու ՔՊ-ն։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, նաև այն, որ Արայիկ Խանդոյանը չընտրվեց հայրենի գյուղում։

Նախ պետք է նշել, որ Արայիկ Խանդոյանը հնարավորություն չի ունեցել քարոզարշավ կազմակերպել։ Այդ հավասար հնարավորությունից զրկված է եղել ոչ միայն Արայիկ Խանդոյանը, այլև «Ժառանգությունը», որը նույնպես հնարավորություն չի ունեցել օրենքով սահմանված հնարավորություններից օգտվել՝ իր անդամների քաղաքական հետապնդումների պատճառով։ Հետևաբար, «Ժառանգությունը» այս ընտրությունները համարեց ոչ լեգիտիմ։

Ինչ վերաբերում է նրան, որ որոշ տեղերում ՀՅԴ-ն հաղթել է, ապա պետք է նշել, որ ՀՅԴ-ն նախկինում էլ է հաղթել, ՀՅԴ-ն համաձայնագրով կոալիցիայի մեջ է։ ՕԵԿ-ն էլ ժամանակին իշխանության մեջ է եղել, և չեմ կարծում, որ ինչ-որ էական բան է փոխվել քաղաքական դաշտում, որովհետև այն ուժերը, որոնք նախկինում իշխանության մեջ են եղել, էլի մնում են այդ մակարդակում և որոշ տեղերում հաղթական են տոնում։ Բայց դա խոշոր հաշվով ոչինչ չի փոխում, որովհետև չեմ կարծում՝ դա գլոբալ առումով իշխանությունների քաղաքականության վրա ազդելու է։

Ինչ վերաբերում է  «Քաղաքացիական պայմանագրին», շնորհավորում եմ, որ մի համայնքում հաղթանակ են ունեցել, բայց դա ոչինչ չի տալիս՝ երկրին անհրաժեշտ փոփոխությունների հասնելու համար։ Նախկինում մենք ավելի շատ ընդդիմադիրներ ենք ունեցել, որ հաղթել են ՏԻՄ ընտրություններում, ընդդիմադիր քաղաքապետեր ու գյուղապետեր ենք ունեցել, որոնք տոկոս են կազմել երկրով մեկ, բայց քանի որ համակարգն ամբողջության մեջ վերցրած ուժային ու ֆինանսական ռեսուրսները բացառապես կենտրոնական իշխանության մեջ են կենտրոնացրել, ժամանակի ընթացքում ընդդիմադիրները դուրս մղվեցին դաշտից։

Հետագայում կառավարման համակարգը դարձավ ֆեոդալական։ Մենք տեսնում ենք, որ տարբեր մարզերում տարբեր մարդիկ գոյություն ունեն, որոնք արդեն ժառանգաբար են փոխանցում իրենց իշխանությունը։ Նույնը տեսնում ենք նաև քաղաքներում, այդ թվում՝ Երևանում։ Դրա համար ՏԻՄ-ը որպես կառավարման օղակ գոյություն ունի, բայց կայացած չէ։ Շատ կարևոր է տեսության մեջ ՏԻՄ համակարգը, բայց պրակտիկայում անուժ համակարգ է, որովհետև ոչ ֆինանսական ռեսուրսների է տիրապետում, ոչ էլ առավել ես՝ ուժային։ Հետևաբար խոսել, որ ՏԻՄ մակարդակում մի քանի տեղ ինչ-որ փոփոխության պարագայում համակարգային փոփոխություն կարող ենք ունենալ, իհարկե, շատ հեռու է իրականությունից և միամտություն է։

Իհարկե, կարող է ընդդիմությունը մի քիչ էլ պայքարի, մի քանի տեղ էլ ավելացնի, բայց դա ոչինչ չի փոխելու, որովհետև մեթոդաբանությունն ի սկզբանե պարզ էր՝ անցանկալի թեկնածուներին տարբեր պատճառներով նախօրոք կամ ընթացքում հանում են մրցապայքարից, և վերջում մնում է այն իրավիճակը, երբ իշխանությունը ում ցանկանում է, նրան էլ թողնում է։ Դրա համար մտածել, որ այս ընտրություններից հետո յուրահատուկ իրավիճակ ունենք, այդպես չէ։

Վերադառնալով Ծաղկահովիտի դեպքին, ակնհայտ է, որ այնտեղ ընտրակաշառք են բաժանել, տարբեր մանիպուլյացիաներ են արել, դրա համար ես չեմ կարծում, որ այս  դեպքում Արայիկ Խանդոյանը պարտվել է։ Նա չի պարտվել, նա իր կյանքի գլխավոր հաղթանակը այլևս տարել է, և դա ազատագրված Հայաստանն է՝ իր Արցախով։ Այստեղ ոչ թե Արայիկ Խանդոյանն է պարտվել, այլ այն ծաղկահովիտցիները, որոնք սխալ ընտրություն են կատարել։ Ծաղկահովիտում, ըստ էության, հաղթել է նախկին գյուղապետը, որը միաշանակ պաշտպանում էր Արայիկ Խանդոյանին և ասում էր՝ իմ թեկնածությունը դրել եմ Խանդոյանի համար։  Այսինքն՝ եթե անգամ այդ տեսանկյունից նայենք, ակնհայտ է, որ Խանդոյանն ու նրա համակիրները հաղթել են։ Ես կարծում եմ՝ այս մոտեցումը կարող ենք դիտարկել, և այն, ինչ տեղի է ունեցել Ծաղկահովիտում, ինձ համար ողբերգություն չէ։ Այլ թեկնածու է հաղթել, ով Խանդոյանի համախոհն էր, որի մասին բազմիցս բարձրաձայնել է, Խանդոյանն էլ  բավականաչափ ձայներ է հավաքել։

Ձեր կարծիքով, այս ընտրություններում ինչո՞ւ իշխանությունը զիջեց որոշ համայնքներում։

Դեմոկրատական շղարշի շրջանակում։ Նույնկերպ, մենք հիմա երթեր ենք կազմակերպում, և ոստիկանությունը բացարձակ որևէ խոչընդոտ չի հարուցում, հրոսակախմբերի հետ մեզ չի ջարդում, մարդկանց չի կալանավորում նորից։ Նույն պատճառով, որովհետև այն ժամանակ խնդիր կարող էր լինել, և նրանք գնացին ամենախոշոր ապօրինությանը, հիմա խնդիր չեն տեսնում, ապօրինությունների չեն գնում։ Կտեսնեն ՏԻՄ ընտրությունների մակարդակում, որ կարող են ինչ-որ խնդիրներ առաջանալ, իրենց պայմանավորվածությունները, իրենց պատկերացումները չլինեն, կգնան ավելի կոշտ մեթոդների։ Առավել ևս ակնհայտ է, որ չունենալով ֆինանսական ռեսուրսներ, լինելով կախվածության մեջ մարզպետից ու կենտրոնական իշխանություններից՝ և ծրագրերի, և ֆինանսավորման առումներով, իրենք կարճ ժամանակահատվածում ընդդիմադիր ընտրված թեկնածուին կամ չեզոքացնում են, որ ոչ մի խնդիր չի կարողանում տվյալ անձը լուծել, և համայնքը ստիպված փոխում է ղեկավարին, որպեսզի փորձի ինչ-որ կերպ այդ խնդիրները լուծել, կամ էլ միանգամից դառնում է իշխանության մարդը։

Քաղաքացիներն էլ շատ լավ հասկանում են, որ ՏԻՄ ընտրություններով չէ, որ Հայաստանում կարող են արմատական փոփոխություններ լինել։ Դրա համար էլ ընկնում են քավոր-սանիկական հարաբերությունների հետևից, գումարի հետևից։ Իսկ օրինակ, նախագահական ընտրություններում որքան էլ այդ ճնշումները համատարած են լինում, կաշառքը համատարած բաժանվում է, վարչական ռեսուրսը համատարած օգտագործվում է, միևնույն է, իշխանության ներկայացուցչի դեմ միշտ ժողովուրդը կոնսոլիդացվում է և ընտրում ընդդիմադիր թեկնածուին, այդ պահին ում հանդեպ ամենաշատ համակրանքն է տածում։ Այդ պարագայում է, որ ընտրությունը դառնում է քաղաքական, ընտրությունը դառնում է գիտակցված, ու մարդիկ չեն նայում ընտրակաշառքին ու այլ անօրինական երևույթներին։ ՏԻՄ մակարդակում, քանի որ մեր ժողովուրդը շատ խելացի է ու հասկանում է, որ դրանով ոչինչ չի փոխվում, արդեն գնում է ազգակցական, կենցաղային հարցերի լուծման ճանապարհով, և ընտրություններն ապաքաղաքական դառնալով ունենում են այն արդյունքը, որը տեսնում ենք։

Հոկտեմբերի 2-ին ընտրություններ են սպասվում նաև Հայաստանի երկու խոշոր քաղաքներում։ Ձեր կարծիքով՝ այստեղ իշխանությունը կգնա՞ զիջումների։

Չեմ կարող ասել, իշխանությունները մինչև հիմա որևէ տեղ զիջումների չեն գնացել։ Այդ քաղաքներում ևս ոչ թե զիջումների են գնացել, այլ քանի որ քաղաքացիներն ամբողջովին ընդդիմադիր են և իշխանություններին բացարձակ չեն ընդունում,  ինչպես մնացած վայրերում, ուղղակի այդ  խոշոր քաղաքներում մի շարք պատճառներով՝ վերահսկելիության մեծացման հնարավորություն, ԶԼՄ-ների առկայություն այդ քաղաքներում, իրենք ըստ էության վերջին երկու համապետական քվեարկությունները պարտվել են, և ես հույս ունեմ, որ քաղաքացիները նույն ձևով կշարունակեն։ Չնայած այլ արդյունքի պարագայում նույնպես չեմ զարմանա, որովհետև երկու խոշոր քաղաքներ են, բայց այդ խոշոր քաղաքների արդյունքներով չէ, որ երկրում արմատական փոփոխություններ են տեղի ունենալու։

Մի փոքր այլ է Երևանի պարագան, որտեղ պետական շենքերն են, որտեղ թույլտվության խնդիր կա, որը կարող է հակասության մեջ լինել իշխանության քայլերի հետ, որտեղ ռեսուրսներ կան։ Երևան քաղաքում ավագանու ընտրությունների հետ կապված իշխանությունը բոլոր ռեսուրսներն օգնագործում է, և տարբեր մարզերից քվեարկողներ բերելով Երևան, և ընտրակաշառք, և ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործում, և այլն։ Եվ հասկանալի է, որ որքան էլ Վանաձորը և Գյումրին մեծ և խոշոր քաղաքներ են, համեմատել Երևանի հետ հնարավոր չէ, բայց մյուս կողմից էլ այս երկու քաղաքներում կան բավական շատ ըմբոստ բնավորությամբ մարդիկ, և դրա համար այնտեղ որոշակիորեն հնարավոր է լինում պաշտպանել ձայնը, և դա հնարավորություն է ստեղծում, որ ՏԻՄ ընտրություններում այնպիսի իրավիճակ ստեղծել, երբ հնարավոր են փոփոխություններ։