Սակագները բարձրանում են, երբ գողություն է լինում, եւ այն պարտակում են կորուստների մեջ

    • Հարցազրույց - 18 Սեպտեմբերի 2016, 12:18
Մեր զրուցակիցն է Սյունիքի մարզից ԱԺ պատգամավոր դարձած Արմեն Կարապետյանը

Պարոն Կարապետյան, ՏԻՄ ընտրություններին ինչպիսին է իրավիճակը Սյունիքի մարզում. արդյոք ընդդիմադիր թեկնածուներ են նաեւ մասնակցում ընտրություններին, թե՞ կգործեն հին մեթոդները:

Իբրեւ սյունեցի կարող եմ ասել, որ ընտրություններն ընթանում են նույն կերպ, ինչպես մնացած մարզերում, կան ընդդիմադիր թեկնածուներ: Շատ լավ է, որ Կապանում եւ ՀՅԴ-ից թեկնածու կա, եւ ԲՀԿ-ից, եւ ՀՀԿ-ից: Սիսիանում նույնպես ԲՀԿ-ից, ՀՀԿ-ից կան: Այնպես որ, շատ լավ է, որ բնակիչներին հնարավորություն է տրվել ընտրել նրան, ում ցանկանում են:

Նոր վարչապետի նշանակումից հետո Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշեց, որ ինքը չի փոխվելու, մնալու է իր պաշտոնում: Ինչպե՞ս եք վերաբերվում նրա այդ հայտարարությանը, արդյոք մարդիկ պետք է հավերժ մնան իրենց պաշտոններում, հատկապես, որ նրա հանդեպ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ:

Ընդհանրապես նման հարց ինձ չպետք է տաք, քանի որ ես չեմ որոշողը՝ նա մնա, թե գնա: Եթե ինքն ասում է, որ մնալու է, ուրեմն ինչ-որ հիմքեր ունի միգուիցե:

Իսկ մարզի զարգացման առումով չե՞ք կարծո՞ւմ, որ նոր դեմքեր պիտի գան, թարմություն ու նոր գաղափարներ բերեն:

Ընդհանրապես այս պահին շատ կարեւոր են կառավարությունում վերադասավորումները, վարչապետն էլ իր ելույթում երկրի տնտեսության վիճակը գնահատեց չափազանց ծանր եւ իրոք, պետք է համակարգային փոփոխություններ կատարվեն: Իմ կարծիքով, անուններով չէ, որ այս կամ այն նախարարին փոխենք, եւ հարցերը լուծվեն, պետք է համակարգային փոփոխություն անել, այսինքն տնտեսության մեջ այնպիսի պարամետրեր փոխել, որ եկամուտներ ստեղծվեն:

Այսինքն այդ դեպքում հասարակության մեջ բեւեռացվածությունը կվերանա՞ ըստ Ձեզ:

Ես կցանկանամ, որ բոլորը հույս կապեն, եւ այդ հույսերն արդարանան, որովհետեւ բոլորս այդ համակարգային փոփոխություններին ենք սպասում:

Նոր վարչապետը հայտարարեց, որ տնտեսության վիճակը ծանր է, մինչդեռ իշխանությունները միշտ նշում էին, որ Հովիկ Աբրահամյանը վատ չի աշխատել, երբեք ոչ ոք տնտեսության վիճակը ծանր չէր բնորոշում: Հիմա Դուք կիսո՞ւմ եք Կարեն Կարապետյանի գնահատականը:

Իշխանությունները միշտ էլ ասել են, որ իրավիճակը շատ ծանր է: Այնպես չի եղել, որ իշխանությունները գովեն այս իրավիճակը, որովհետեւ այնպիսի մարտահրավերներ ենք ստացել տարբեր երկրներից, որոնք կապված են ոչ միայն Հայաստանի, այլեւ այլ երկրների վիճակի հետ: Կարելի է տարբեր պարամետրեր ներկայացնել, թե ինչու է Հայաստանի տնտեսության վիճակը ծանր: Այնպես որ, իշխանությունը երբեք էլ չի գովաբանել ստեղծված իրավիճակը, միշտ էլ ասել է, որ վիճակը լավ չի, գնում են բարելավման, տնտեսական բարեփոխումներ պետք է լինեն: Կարեն Կարապետյանն էլ իր գնահատականը ճիշտ տվեց, որ ծանր է վիճակը եւ ինքը պատրաստվում է թեթեւացնել այդ ծանր բեռը:

Կարծում եք՝ իշխանությունը դժգո՞հ է եղել այս կառավարումից, հատկապես հաշվի առնելով, որ թեեւ մայիսին հայտարարվեց պայքար կոռուպցիայի, մենաշնորհների դեմ, սակայն այդպես էլ որեւէ անուն չհնչեց, որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Գուցե ընդամենը փորձում են իմիտացիա ստեղծել, թե ուզում են ինչ-որ փոփոխություն անել:

Չէի ասի, որ ուզում են հանրության աչքերը փակել: Կառավարման տարբեր համակարգերում՝ պաշտպանության նախարարությունում, ոստիկանությունում, իրավապահ մարմիններում բավական կոռուպցիոն բացահայտումներ են արել եւ վեր են հանել խնդիրները, դրանցով քրեական գործեր են հարուցվել: Ինչ վերաբերում է նախկին կառավարությանը, նա բոլոր աշխատանքները ցանկացել է կատարել, այնպես չէ, որ եթե դժվար պահերը բաժին են ընկել այդ կառավարությանը, ուրեմն նա վատ է աշխատել: Եթե հիշում եք, այդ ժամանակ ոչ միայն Հայաստանում, այլեւ բոլոր երկրներում տնտեսական աճն սկսել է անկում ապրել, նավթի գներն են նվազել, ինչն էլ կաթվածահար է արել ՀՀ տնտեսությունը:

Իսկ ինչպես է ստացվել, որ մենաշնորհ ունեցողները, օլիգարխները շարունակում էին շահույթ ապահովել, իսկ հանրության վիճակը գնալով ծանրանում էր: Զարմանալի չէ՞ր, որ իրենց բիզնեսներին ոչինչ չէր լինում, բայց հանրության բեռը ծանրանում էր:

Եթե դուք ճիշտ ուսումնասիրություններ կատարեք, ում դուք նկատի ունեք, որ բիզնեսները զարգանում են, ես այդպես չեմ կարծում, որ զարգանում էր: Այդ մարդիկ դեռեւս չլինելով կառավարությունում, դեռեւս չլինելով վարչական ռեսուրսներ ունեցողի վիճակում, իրենց բիզնեսներն ունեին եւ աշխատում էին: Ես հասկանում եմ, ում նկատի ունեք, չէի ուզենա անուններով ասեիք, բայց այդ մարդիկ բիզնեսներ ունեին նաեւ մինչեւ այդ վարչական ռեսուրսներ ձեռք բերելը: Այնպես որ, այդ բիզնեսները չեն ծաղկել, ցանկացած բիզնես, բոլորն էլ այս վերջին տարիներին անկում են ապրել՝ կապված ընդհանուր տնտեսության վիճակի հետ:

Իսկ ընդհանուր խաղի կանոնները կփոխվե՞ն, Ձեր կարծիքով:

Ես ինքս աշխատել եմ «Հայռուսգազարդ»-ում 21 տարի եւ բախտ է վիճակվել Կարեն Կարապետյանի հետ աշխատելու: Ես ավելի շուտ էի աշխատում, երբ Կարեն Կարապետյանը եկավ «Հայռուսգազարդ»: Ուրեմն մեր աշխատանքի տարիներին բավական շատ դժվարություններ կային, հատկապես գազի կորուստների գծով, մասնավորապես Արարատյան դաշտավայրում, որտեղ ջերմոցային տնտեսություններ կային: Կարեն Կարապետյանի գալուց հետո ընդամենը 6 ամսվա ընթացքում կորուստները Արարատյան դաշտում 36-37 տոկոսից հասել են 5-6 տոկոսի: Նա ունի կառավարելու շատ լուրջ մոտեցումներ:

Այսինքն, որ նա գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ հանձնարարություններ տվեց, հույս ունենանք, որ սակագների նվազում կլինի՞:

Այո, Կարեն Կարապետյանն աշխատելով այդ համակարգում, քաջ տեղյակ է, թե որտեղից են առաջանում գազի ու էլեկտրաէներգիայի սակագները: Կարծում եմ, որ եթե ինքը հանձնարարել է սակագները վերանայել, կարծում եմ՝ դրական առումով է ասել՝ էժանացման ուղղությամբ:

Ստացվում է, որ մինչեւ այժմ բարձր սակագներ սահմանելով իրենց համար բարձր շահո՞ւյթ են ապահովել, որ հիմա էլ հնարավոր է նվազեցնել:

Այստեղ ոչ թե շահույթի, այլ կորուստների խնդիրն է, բավական մեծ կորուստներ ու անփութություն: Այն ժամանակ ռուսական ընկերությունում խնդիրներն այնպես չէր դրվել, ինչպես հիմա, երբ սեփականատերը փոխվել է: Հիմա, գիտեք, որ սեփականատերը փոխվել է, նա ավելի հստակ է դրել եւ բոլորս էլ հասկանում ենք, որ այն էլեկտրիկները, որոնք մութ պայմանագրեր էին կնքում քաղաքացիների, որոշ ձեռնարկությունների հետ, հիմա նրանք չեզոքացվել են, չքվել են, այլեւս նման բան չկա: Արդեն ՀՀ քաղաքացին ասում է, որ վերացել է էլեկտրաէներգիայի գողությունը:

Սա շատ կարեւոր գործոն է: Մենք վերջին տարիներին միշտ ասել ենք, թե ինչո՞ւ է բարձրանում գազի կամ էլէկտրաէներգիայի սակագինը: Միշտ սակագները բարձրանում են, երբ գողություն է լինում, հիմնականում այդ գողությունը պարտակում են կորուստների մեջ, որ իբր կորուստներ է եղել: Ինչ-որ մի գիտահետազոտական ինստիտուտ գրում է, թե որքան է գազի կամ էլեկտրաէներգիայի թույլատրելի կորուստը, բայց այդտեղ էլ մարդը գրում է ավելի շատ, քան պետք է գրի: Կարծում եմ՝ նոր սեփականատերը վերացրել է այդ գողությունը եւ հասել արդյունքի: Որքան գիտեմ, ՀԷՑ-ն այս տարի 15 մլրդ դրամի եկամուտ է ստացել: