Այս մարդկանց շանսն է, եթե իրենք չանեն, իրենց կուլակաթափ կանեն

    • Հարցազրույց - 16 Սեպտեմբերի 2016, 14:17
Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը

Պարոն Արշակյան, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ բիզնեսներ չեն խլվելու: Ի՞նչ տպավորություն ստացաք վերջին երկու օրերի նրա հարցազրույցներից և կառավարության նիստից, որն առաջին անգամ վարեց Կարեն Կարապետյանը:

Առաջին՝ Հայաստանում վերջապես հայտարարվեց այն, ինչ կա, այն, ինչի մասին ահազանգում էր հասարակությունը։ Կառավարության պատասխանատուն հայտարարեց, որ ինքը շատ վատ ժառանգություն է ստացել: Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի քաղաքացիների համար դարձել է նպաստառուների, աղքատների երկիր, և հիմա պատասխանատուն արձանագրեց, որ Հայաստանի տնտեսությունը և հետևաբար Հայաստանի քաղաքացիները ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում: Ես այդ գնահատականից գոհ եմ, և հիմա այդ գնահատականն ունի շերտեր, կարծես թե պատճառներն էլ գիտեն: Դրա ախտորոշման մեջ կան նաև պատճառները, անպաշտպանությունը: Եվ գործարարները, և գործը Հայաստանում պետք է պաշտպանված լինեն։

Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը երկու հայտարարություն է արել, առաջին՝ որ ծանր վիճակում է տնտեսությունը, երկրորդ պատճառը՝ բիզնեսը պաշտպանված չէ, ընդ որում՝ խլել կոչվածը չի նշանակում, որ ինչ-որ մեկը իր ավազակախմբով կողպեքը ջարդում, մտնում, խլում է։ Ոչ, այլ ձևեր կան, խլում են օրենքով, համապատասխան օրենքներ են ընդունում, որով նպաստավոր պայմաններ են ստեղծում դրա համար։ Հիշո՞ւմ եք՝ դիզվառելիքի պատմությունը, թե ովքեր էին նպաստավոր պայմաններով դիզվառելիք ստանում, այսինքն՝ օրենք ընդունողը հենց դիզվառելիք ստացողն էր։ Կամ տրանսպորտն ու էներգետիկան, մարդիկ այդպես են խլում, հասարակությանը և չպաշտպանված բիզնեսին կողոպտում են։ Եթե անհավասար մրցակցություն է, դա նշանակում է բիզնես խլել, սնանկացնել, ոչնչացնել մարդու ունեցվածքը, հետևաբար ՀՀ ունեցածքը ոչնչացրել են, խլել, մսխել։ Ես այդ հարցում վարչապետի հետ համաձայն եմ. հարկավոր է գործուն ու համարձակ քայլերով վերացնել դրան նպաստող վիճակը։

Իսկ կթողնե՞ն տնտեսությունը կազմակերպելու այլ խաղի կանոններ սահմանել, եթե անգամ դրա ձգտումը կա։

Ես լավատես եմ, այսինքն՝ մի խումբը հաղթեց մյուս խմբին, բայց ես չեմ ուզում այդպես լինի, եթե խաղի կանոնները չեն փոխվում, եթե ոչինչ չի փոխվում, և միայն օլիգարխների խումբն է փոխվում, այդ դեպքում ի՞նչ տարբերություն։ Դա նշանակում է, որ ներսում բոլորին միասին կվերցնեն։ Հիմա եթե սա Պերեստրոյկա չէ, ուրեմն կլինի «կուլակաթափություն», բայց ես կարծում եմ ճիշտը վերևից սկսած արդարության հաստատումն է՝ առանց արյունահեղության, առանց գույքի ոչնչացման, առանց բարիկադների։ Այս մարդկանց շանսն է, եթե իրենք չանեն, իրենց կուլակաթափ կանեն։

Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ իշխանության ներսում առաջացավ կառավարություն փոխելու անհրաժեշտություն։ Հասկացան, որր Հովիկ Աբրահամյանը ի վիճակի չէ՞ այս խնդիրներին լուծում տալ։

Հասկանալի է, որ Հովիկ Աբրահամյանն անկարող է, նա նշանակված էր Հայաստանի տնտեսությունը ծնկի բերելու, Հայաստանի Հանրապետությունը վարկաբեկելու համար, վարչապետ նշանակված էր հենց դրա համար, և նա կատարեց դա, աղքատացրեց Հայաստանը իր վարքով, վարկաբեկեց իր ներկայությամբ։ Հիմա, ըստ երևույթին, հասան իրենց նպատակին նշանակողները, կամ գուցե նպատակը փոխվել է։ Հայաստանը այսքան թույլ, անզոր և նվազ ոչ ոքի պետք չէ, թաթար-մոնղոլներին է պետք այսպիսի Հայաստան, թույլ և ոչ մրցունակ։ Բայց մեզ պետք է արժանապատվություն ունեցող երկիր, պաշտոնյաներն էլ պետք է ներկայանալի լինեն, չէ՞ որ ձեռք պետք է սեղմեն, ինչպե՞ս էին դրա ձեռքը սեղմելու։ Եվ հիմա նրա թիմը պետք է հեռանա, պետք է այս թիմը՝ եվրասիացիների թիմը փոխվի, Հայաստանի անկախությունը խլվել է, «մավրն իր գործն արել է, մավրը պետք է հեռանա»։ Արդեն Հայաստանին գործընկեր են ուզում տեսնել, ոչ թե խեղճացած, ճորտացած Հայաստան։ Հնարավոր է, որ ասածս ռոմանտիզմ է, բայց ես ուզում եմ որ այդպես լինի, մենք գործընկեր դառնանք աշխարհի համար։ Դրա համար նոր կադրեր են պետք և նոր մարդիկ։ Եվ ես նոր իշխանություններին մաղթում եմ այդ նոր՝ արժանապատիվ Հայաստանի ծրագրին հաջողություն։