Ինչու ավագանու անդամը տապալեց նիստը. «Հաղթողը մենք ենք լինելու»

  • Հարցազրույց - 16 Սեպտեմբերի 2016, 10:51
Lragir.am-ի զրուցակիցն է Սիսիան համայնքի ղեկավարի Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածու Սրբուհի Գրիգորյանը

Տիկին Գրիգորյան, Ձեր առաջադրումը Սիսիան համայնքի ղեկավարի թեկնածու գնահատվել է համարձակ քայլ Սյունիքի մարզում: Որո՞նք են այն գլխավոր խնդիրները, որոնց լուծման համար Դուք որոշեցիք մտնել այս դժվարին պայքարի մեջ:

Այո, դա համարձակ քայլ է, բայց զուտ մարզի հետ չի կապված, այլ տիրող կարծրատիպերի: Սիսիանում մինչև իմ առաջադրվելը ոչ մի կին չի առաջադրվել: Առաջինը լինելը միշտ դվար է, շատ ռիսկային: Բայց եթե դու սիրում ես քո երկիրը, եթե քո ծննդավայրը հազարավոր անտես թելերով կապում է քեզ իրեն՝ արժե ռիսկի դիմել: Այդ ռիսկը լոկ ռիսկ չպիտի մնա: Ուսումնասիրեցինք, քաղաքական վերլուծություններ կատարեցինք, և մեր թիմը՝ Լուսավոր Հայաստանը որոշում կայացրեց հենց իմ թեկնածությունն առաջադրել: Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ իմ թիմակիցների վստահությանը:

Մոտ 20 տարի որպես լրագրող աշխատել եմ Սիսիանում: Բոլոր խնդիրներն անգիր գիտեմ: 4 տարի է Սիսիանի ավագանու անդամ եմ. շփումներ միջազգային կազմակերպությունների և կառավարության հետ: Շատ խնդիրների պատասխաններ արդեն գտել ենք: Երբեմն ասում են, որ ափսոս է, որ Սիսիանը կորցնի ինձ պես  ավագանու անդամին, բայց ես վստահ եմ, որ ավելին կանեմ որպես գործադիր մարմնի ղեկավար:

Այս 4 տարիների ընթցքում ես համոզվեցի, որ շատ անելիքներ ունեմ՝ սկսած աշխատատեղերի ստեղծումից, թեպետ այդ ուղղությամբ որոշակի քայլեր արել ենք, վերջացրած քաղաքի բարեկարգմամբ:

Սիսիանցին պիտի ապրի այլ միջավայրում՝ կանաչապատ և մաքուր: Սիսիանին ժամանակակից խաղասարքերով զինված խաղահրապարակներ են պետք: Մեր երեխաները շատ հաճախ Երևան են գնում, որպեսզի կարուսել նստեն: Մենք ո՞ր դարում ենք ապրում: Ես ցանկանում եմ, որ մեր երեխաները Երևան գնալիս մատենադարան գնան:

Սիսիանը պետք է բարեկարգ զբոսայգի ունենա: Բոլոր զբոսայգիները աղբավայրեր են: Սիսիանում գոյություն չունի ճարտարապետություն: Թափթփված քաղաք է դարձել: Մի խոսքով՝ կնոջ ձեռք է պետք:

Ինչպե՞ս եք պատկերացնում այս խնդիրների լուծումը, որո՞նք են լինելու Ձեր առաջնային քայլերը քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո:

Մեր քաղաքապետարանը ներկայում խզված է մարզպետարանից, տեղական որոշ հիմնարկներից: Անձնական պատճառներ կան: Դա անթույլատրելի է: Անձնականը միշտ պետք է ստորադասել պետականին և ընդհանուրին:

Բոլորի հետ պետք է համակարգված աշխատել: Պարբերաբար պետք է հանդիպել ժողովրդի հետ, բակերում լսել նրանց, լուծել մատնացույց արվող խնդիրները: Ոչ մի արդարացում ՏԻՄ-ը չպիտի ունենա, եթե իր լիազորությունները պատշաճ չեն կատարվում: Շատ փող՝ շատ խնդիրների լուծում: Մենք գիտենք ինչպես ենք գումար գտնելու:

Տիկին Գրիգորյան, սեպտեմբերի 13-ին Սիսիանի ավագանու նիստը, որը Դուք բոյկոտել էիք, տապալվեց: Ո՞րն էր նիստը բոյկոտելու պատճառը:

Դուք տեսե՞լ եք նախագիծը: Նախընտրական շրջանում այս չափի օտարումներ: Ես հստակ տեղեկություն ունեմ, որ դրանցից մի քանիսն ընտրակաշառք են: Ձայներ տալու և իրենց համար աշխատելու պայմանով պիտի տրվեին: Զանգեցի իմ գործընկերներին և շնորհակալ եմ նրանց, ովքեր միացան մեզ, ու մենք թույլ չտվեցինք, որ դա իրականանա: Սիսիական 41 հասցեի շենքի մի հատվածն էլ պիտի օտարվեր: Գիտե՞ք, որ դա է քաղաքապետարանի շենքը, որտեղ վերջերս տեղակայվել է Սիսիանի կոմունալ տնտեսությունը, որի շենքը տարիներ առաջ է օտարվել, ու իրենց դուրս արեց ներկա սեփականատերը: Լավ , այս անգամ ու՞ր պիտի գնան:

Եվ վերջապես, եթե մի օր ԿԳ նախարարությունը որոշի քաղաքապետարանին հանել իր շենքից, քաղաքապետարանը վրաններու՞մ պիտի նստի: Շատ կոշտ է իմ դիրքորոշումն այդ հարցում:

Այս պահին Սիսիանում ընթանում է նախընտրական քարոզարշավ, ինչպե՞ս կգնահատեիք քարոզարշավի ընթացքը և ի՞նչ խնդիրներ եք այս ընթացքում արձանագրել:

Քարոզարշավ է, սովորական քարոզարշավ: Բնականաբար հավասար պայմաններ չկան: Երկու թևերն էլ իշխանական լծակներ ունեն, Աղասի Հակոբջանյանը ներկա քաղաքապետն է: Մանկապարտեզներ և համայնքային ենթակայության այլ հիմնարկներ: Արթուր Սարգսյանին պաշտպանում է ՀՀԿ-ն, նրա կողքին է նաև մարզպետը: Պատկերացրի՞ք:

Բայց հաղթողը մենք ենք լինելու, որովհետև ժողովուրդը գիտի՝ ինչ պիտի անի, որովհետև մենք ենք ՀԱՆՈՒՆ ՍԻՍԻԱՆԻ պայքարում:

Ես անձնապես ոչ մի շահ չեմ հետապնդում, ոչ էլ ուզում եմ, որ անունիս դիմաց գրեն քաղաքապետ ու բավարարվեմ դրանով: Մենք պետք է փոխենք, այլևս այսպես ապրել հնարավոր չէ: Ես կոչ եմ անում սիսիանցիներին ոչ ասել ճնշումներին, ոչ ասել անձնական հարաբերություններին, ընտրեք նրան, ում չեն ճնշի, ումից խլելու բան չկա: Միացե՛ք մեզ, ու մենք ոչ ենք ասելու մութ անորոշությանը, կոռուպցիային, ճնշմանը, վախին և նվաստացումներին, դեպի փոփոխություններ: