Չէի ասի, որ Բալասանյան դաշինքը լավագույն անվանումն է. ՀՀԿ պատգամավոր

    • Հարցազրույց - 15 Սեպտեմբերի 2016, 17:47
Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը

Պարոն Ավետիսյան, ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշեց Գյումրիի ընտրություններին այս անգամ չներգրավել քրեական հեղինակությունների։ Նախկինում ընտրություններին մեծ ավանդ ներդրած Վարդան Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը այս անգամ կարծեք թե չկան, ինչո՞ւ։

Ես քրեական հեղինակություն տերմինոլոգիան չեմ ընդունում, ամեն մարդ որևէ բնագավառում ունի հեղինակություն։ Եվ բնական է, քանի որ ընտրությունները քաղաքական են, քաղաքական թիմերն են մասնակցում, յուրաքանչյուր քաղաքական թիմ կազմել է իր ցուցակը։ Գիտեք, որ Բալասանյան դաշինքում ընդգրկված են երկու քաղաքական կուսակցություն և անկուսակցականներ։ Այնպես որ, ընտրությունները Գյումրիում մրցակցային են լինելու, որովհետև միայն Գյումրիում տասը կուսակցություն և մեկ դաշինք է մասնակցելու ընտրություններին։ Ամեն մեկը փորձելու է իր արածը, իր նախատեսածը ներկայացնել։ Հիմա մենք ինչ-որ առումով շահեկան ենք, քանի որ նախորդ տարիներին կա քաղաքում կատարված աշխատանք, և դա որպես հաշվետվություն ներկայացվում է ժողովրդին և որ այդ աշխատանքը շարունակական է լինելու։ Եվ իհարկե կան մրցակիցներ, որոնք միայն քննադատում են իշխանությանը և գործող քաղաքապետին, և կան, որոնք իրենց ծրագիրն են ներկայացնում։ Իսկ թե ժողովուրդը ինչ չափով կգնահատի կատավածը և ինչ չափով կընդունի ծրագրերը, ցույց կտա հոկտեմբերի 2-ը։

Վարդան Ղուկասյանը և Մարտուն Գրիգորյանը հիմա որևէ մասնակցություն ունե՞ն այս ընտրություններին, կա՞ որևէ պայմանավորվածություն նրանց հետ։

Պայմանավորվածությունը հետևյալն է. Գրիգորյան Մարտունը հաստատ մասնակցելու է, որովհետև նա ցուցակում ունի ավագանու իր թեկնածուները։ Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին, կարծում եմ՝ այդ մասին ինքը կհայտարարի։

Բայց նա բավական կոշտ հայտարարություններով է հանդես գալիս...

Գիտեք, կարող է տարբեր հայտարարություններով հանդես գա, բայց ի վերջո երբ վերջնական կհայտարարի՝ ինչ է անելու, նոր եկեք որպես փաստ արձանագրենք, նախօրոք չկանխորոշենք։

Ինչո՞ւ Բալասանյան դաշինք, ՀՀԿ-ն զգում է, որ թուլացած վիճակում է, դրա համա՞ր զերծ մնաց կուսակցական շտաբով հանդես գալ։

Ձեր այդ մտքի հետ համաձայն չեմ, ՀՀԿ-ն երբեք թուլացած չի եղել և չի էլ թուլանալու, ուղղակի քանի որ տարբեր, հատկապես այս առումով երկու քաղաքական ուժեր են առաջարկել, դրա համար որոշվել է դաշինքի անվանումը։ Իհարկե, չէի ասի, որ լավագույն անվանումն է։ Համենայն դեպս, կարևորը դաշինքի անվանումը չէ, կարևորը գործունեությունն է, որ պետք է այս նախընտրական պայքարում ճիշտ տակտիկական քայլերով կարողանանք կազմակերպել ընտրություններ, որպեսզի հասնենք բաղձալի արդյունքի։

Ի՞նչ նկատի ունեք բաղձալի արդյունք ասելով։ Սերժ Սարգսյանը Գյումրիում ասում էր, որ ինչքան ուզենք, կխփենք, բայց այդպես չեղավ։ Մտահոգվա՞ծ չեք, որ այլ արդյունք ՀՀԿ-ն կգրանցի այս անգամ։

Այլ արդյունք գրանցելը հետևյալն է. 33 հոգի են լինելու ավագանու անդամները։ Հիմա մենք ուզում ենք գոնե նվազագույն 40 տոկոս շեմը, այսինքն՝ 14-15-ը, բայց եթե հանկարծ դա մեզ չհաջողվի, բնական է, որ կլինեն քաղաքական ուժեր, որոնց հետ կփորձենք համագործակցել։ Իսկ ինչ վերաբերում է բաղձալի արդյունքին, մեզ համար բաղձալի արդյունքն այն է, որ մեր թեկնածուն ընտրվի քաղաքապետ։

Պարոն Ավետիսյան, ավագանու ցուցակում ՀՀԿ-ականներից բացի ներգրավված են անկուսակցականներ, որոնք Սամվել Բալասանյանի գարեջրի գործարանի աշխատակիցներն են։ Եվ շրջանառվող լուրերի համաձայն՝ տեղի հանրապետականները հիասթափված են այս քայլից։

Չէի ասի հիասթափություն, իհարկե բուռն քննարկումներ եղել են ավագանու ցուցակների հետ կապված։ Գյումրիում կան ներկայացված շրջանային երեք կառույցներ, որոնք իրենց խնդիրներն են առաջ քաշել։ Բնական է, որ եղել են տարբեր խոսակցություններ, տարբեր քննարկումներ, արդյունքում ձևավորվել է ավագանու ցուցակ։ Այսօր մեկ այլ խնդիր էլ կա. ոչ ոք չգիտի՝ ընտրվողներից քանի հոգի են դիմում տալու դուրս գալու։ Ընդունված կարգ է, որ շատ-շատերը դուրս են գալու։ Այսինքն՝ այստեղ նպատակահարմարությունը մեկն է՝ ունենալ մի ցուցակ, որն ավելի արդյունավետ և ազդեցիկ կլինի գյումրեցիների շրջանում, որպեսզի կարողանանք ավելի շատ ձայներ բերել, իսկ հետագայում այդ ցուցակից ովքեր կլինեն ավագանու անդամ, կարծում եմ՝ դեռ վաղ է դրա մասին խոսել։

Ինչո՞ւ Բալասանյանը. Ի վերջո մի քանի կուսակցություն է  փոխել, ՀՀԿ-ական չէ և այլն։

Եվ այլները շատ են, կարելի է դրա մասին երկար խոսել, բայց արդեն դրա ժամանակն անցել է։ Չմոռանանք, որ Հանրապետականը բազմիցս հանդես եկավ հայտարարությամբ, որ ցանկալի է ինքն իր թիմով մասնակցի ընտրություններին, բայց ի վերջո, ծանր ու թեթև անելով բոլոր խնդիրները, և քանի որ նախորդ անգամ էլ Բալասանյանին սատարել էր նույն Հանրապետական կուսակցությունը և Հանրապետական կուսակցությունը նրա կատարած աշխատանքներից որպես համայնքի ղեկավար գոհ էր, դրա համար որոշեց այս անգամ այս ձևով հանդես գալ։

Գյումրին շարունակում է ամենաաղքատ քաղաքը մնալ...

Ամենաաղքատ, ամենագործազուրկ, խնդիրներով լի քաղաքը, բայց որոշակի խնդիրներ լուծվել են, լուծվելու են, կան որոշակի ծրագրեր, և այս ամենը ծանրութեթև անելով որոշեցինք այս ձևաչափով մասնակցել։