Հիմա պետք է, որ գնալով մեր երիտասարդ սերնդի ներսում ի հայտ գան իդեալիստներ

    • Հարցազրույց - 13 Սեպտեմբերի 2016, 18:49
Մեր զրուցակիցն է «Սասնա Ծռեր» www.sasnatsrer.net Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արուսյակ Հայրապետյանը

Մեր քաղաքական դաշտը մի քանի մասերի է բաժանված, ինչպես կբնութագրեք դրանք և ուր են տանում այս քաղաքականությամբ մեր երկիրը։

Քաղաքական դաշտը մեզ մոտ ձևավորված է Մոսկվայի կողմից և, բնականաբար, աշխարհի այդ բևեռի թելադրանքով իրականացվող բոլոր նախաձեռնությունները պիտի տանեն դեպի ձախողում և փլուզում, ինչին և ականատես ենք վերջին քսանվեց տարիներին և որի ապացույցն է այն, ինչ ունենք այսօր։

Բանտերում են բազմաթիվ ակտիվիստներ, ովքեր հռչակվել են քաղբանտարկյալներ, սակայն այս առումով գնահատականները միանշանակ չեն։

Նախ կուզեի հանրության համար ճշտել քաղբանտարկյալ ձևակերպումը, քանզի մեզանում ակնհայտ խնդիր կա դրա ընկալման: Որևէ տոտալիտար իշխող համակարգ երբևէ չի դատել այլախոհներին կամ ընդվզողներին որպես ''քաղաքական կալանավոր'': Սովետմիությունում նրանց դատապարտում էին որպես խուլիգան կամ մոռացության մատնում «психушка»-ներում, ինչպես հոգեկան հիվանդներին, իսկ Էրդողանի Թուրքիայում նրանց լցնում բանտերը որպես ''պետական դավաճանի'': Հատկանշական է, որ 2013 թվականին քաղբանտարկյալին փորձեցին հանրությանը ներկայացնել որպես ''հոգեկան հիվանդի''. ''լավագույն ավանդույթները'' շարունակվում են: Ի դեպ, խորհրդային պատժիչ «հոգեբուժության» հայրը Մարատ Վարդանյանն է, ում հուշատախտակով տունը քանդվեց Հյուսիսային պողոտայի շինարարության ժամանակ:

Ուրեմն՝ ով՞ է քաղբանտարկյալ: Համընդհանուր ընդունված սահմանում քաղբանտարկյալների մասին, որպես այդպիսին, չկա։ Սակայն քաղբանտարկյալ ընդհանուր առմամբ համարվում է մարդը, ով անազատության մեջ է իր քաղաքական գործունեության և մասնավորապես այն պատճառով, որ դեմ է կամ քննադատում է իր երկրի գործող կառավարությանը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) առաջին խոշոր միջկառավարական կազմակերպությունն է, որը 2012 թ. hոկտեմբերին սահմանել ու հաստատել է կոնկրետ չափանիշներ, որոնցով բնութագրվում է  «քաղբանտարկյալը»։ Ըստ ԵԽԽՎ ուղեցույցների, մարդ քաղբանտարկյալ է, եթե նրա կալանավորումը՝

1. խախտում է Մարդու Իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնական երաշխիքները, մասնավորապես մտքի, խղճի եւ կրոնի ազատությունը, Խոսքի եւ տեղեկատվության ազատությունը, ինչպես նաև՝ հավաքների եւ միավորման ազատութունը։ 

2. պարտադրվում է զուտ քաղաքական պատճառներով (օրինակ՝ Անդրիաս Ղուկասյանի դեպքում):

3. Կալանքի տևողությունը կամ պայմաններն անհամաչափ են իրավախախտմանը (օրինակ՝ Հայկ Կյուրեղյանի դեպքում):

4. կալանավորվել է խտրականորեն՝ համեմատ այլ անձանց:

5. կալանավորումն արդյունք է դատական վարույթների, որոնք ակնհայտորեն անարդար են եւ կապված են իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ: (Սա օրինակ, վերաբերվում է Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին)։

Հուսամ` այսքանը կօգնի արդեն հանրությանը մի քիչ ավելի լավ պատկերացնել խնդիրը։ Ավելացնեմ, որ «Միջազգային ներում» կազմակերպությունը (Amnesty International) պայքարում է ազատ արձակելու քաղբանտարկյալների երկու կատեգորիաներ՝ քաղաքական և խղճի բանտարկյալներին (ինչպիսին է օրինակ Արթուր Սարգսյանը), ինչպես նաեւ նրանց, ովքեր բանտում են իրենց կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքների պատճառով։ Հակասությունները նվազեցնելու համար, սակայն, եւ որպես սկզբունք, կազմակերպության քաղաքականությունը վերաբերում է լոկ այն բանտարկյալներին, ովքեր չեն կատարել կամ պաշտպանել բռնությունը: Այսպիսով` կան քաղաքական բանտարկյալներ, ովքեր չեն տեղավորվում ԵԽԽՎ նեղ չափանիշներում, օրինակ՝ «Սասնա Ծռեր» խումբը, ինչը սակայն չի նշանակում, որ նրանք քաղբանտարկյալներ չեն այսօրվա Հայաստանում։ Ու հենց այստեղ է, որ մենք պիտի կողմնորոշվենք, և այս իմաստով «Սասնա Ծռերի» տղաները ընտրություն չեն թողել։ Այլևս հարմարավետ «շառից–փորձանքից հեռու» կործանարար «քաղաքացիական» կեցվածքը չի գործում։ Բոլորն են ստիպված կողմնորոշվել և հստակեցնել իրենց տեսլականը մեր պետության հետ կապված։

Ընդհանրապես ընդունված կարգ գոյություն ունի, որ քաղբանտարկյալների ճանաչման համար բավարար է նույնիսկ մեկ հեղինակավոր քաղբանտարկյալի կամ անհատի կարծիքը։ Մեզանում, բավականաչափ հասուն հեղինակավորների պակասի պատճառով, այս հարցը բարձրաձայնում են քաղաքացիները և անկախ կազմակերպությունները, որոնք հետամուտ են լինում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։ Նրանք էլ որակում են նման գործիչներին։ Կան մարդիկ, բավական ազդեցիկ, որոնք կարող են իրականություն փոխել ու որոնք նույնիսկ քաղբանտարկյալ դառնալու վտանգից ազատվելուց հետո էլ անընդունակ են համարժեք կեցվածք ընդունել։

Հայաստանում քաղբանտարկյալները նախնական տվյալներով 68–ն են՝ ըստ «Սասնա Ծռեր » հիմնադրամի ցուցակի։ Այս քանակով մենք շատ նման ենք մեր հարևան Ադրբեջանին։ Բայց ի տարբերություն մեզ, միջազգային ճնշում է կիրառվել Ադրբեջանի վրա` քաղբանտարկյալներին  ազատ արձակելու պահանջով: Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց ի վեր Ադրբեջանի կառավարությունը պետք է ազատ արձակի մոտ հարյուր քաղբանտարկյալի։

Մեր արվեստի գործիչներից ցայսօր միայն Ռուբեն Հախվերդյանը, Էդուարդ Զորիկյանը, Կարեն Մամիկոնյանը, Սրբուհի Ստամբոլցյանը, Ելենա Երևանը և Եղիշե Պետրոսյանն են հստակ կեցվածք ընդունել այս հարցում։ Ընդ որում, Ռուբենը բացի բարեգործական համերգներից, որոնցով մեծ օգնություն է բերում, նաև որպես քաղաքացի, իր համբավն ու ժողովրդի հարգանքն է ներդնում՝ «Սասնա Ծռեր » հիմնադրամին օգնողներ ներգրավելու համար։

Իրական փոփոխություն, մտքի և արժեքների փոփոխություն ե՞րբ կլինի՝ հաշվի առնելով սերունդների տարբերությունը, մտածելակերպը։

Երբ կրթական և լրատվական համակարգը կռեֆորմացվի։ Բոլորին են հայտնի, թե ինչ դեր ունեն կրթությունը և պրոպագանդան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սովետի, պոստ սովետի, որոշ բռնապետությունների ձևավորման գործում։ Հայաստանին թթվածնի պես անհրաժեշտ են կրթական ռեֆորմներ և անկախ մամուլ։ Դրանց առկայության դեպքում սերունդների մտածելակերպի տարբերությունը ոչ թե խնդիր կլինի, այլ զարգացման միջոց։ Կրթության կարևորությունը պարզաբանելը կարծում եմ կարիք չունի, իսկ ազատ մամուլի անհրաժեշտության մասին դեռ 18–րդ դարում Շարլ Մորիս Թալեյրանն է հնչեցրել հանրահայտ «վայելուչ կառավարության գոյությունը անհնար է՝ առանց մամուլի ազատության» ճշմարտությունը։ Տարիներ շարունակ, սիստեմատիկ կերպով գլխատվել է մեր քաղաքական և ինտելեկտուալ էլիտան։ Դրան փոխարինելու եկել են սուրագատները։ Այն, ինչ հիմա ներկայացնում է Հայաստանը, ինչ ասես է, բայց ոչ էլիտա։ Հիմա պետք է, որ գնալով մեր երիտասարդ սերնդի ներսում ի հայտ գան իդեալիստներ, որոնց համախմբելու համար պետք են նոր գաղափարներ ու իդեաներ։ Նման գաղափարները ձևավորվում են տևական պայքարի արդյունքում։ Օրինակ, հետևյալ համոզմունքի վրա հենվելով՝ «Համոզված եմ, որ ինչպես մարդկության, անպես էլ հայության համար լավագույն իդեալը Ազատությունն է: Նաև կարծում եմ, որ միայն հավատն ազատության իդեալի նկատմամբ կօգնի հայությանը կերտել սեփական բարգավաճ պետությունն ու ապահովել ժողովրդի բարօրությունը»: (Շանթ Հարությունյան): Մեր քաղաքական էլիտան ներկայացնող երիտասարդներից քանի՞սն են ազատության գաղափարի կրողներ։

Պաշտոնյաները հերթով գալիս անց են կենում, ինչպես կասեր Թումանյանը, սակայն թողած գործը, արված աշխատանքը չի գոհացնում ժողովրդին, ինչպես կգնահատեք այս քաղաքականությունը:

Մեկ բառով՝ կոլլաբորացիոնիզմ։ Եթե շարունակեմ՝ ապա կոլլաբորացիոնիստական և հակապետական։ Դրա համար էլ չեն գոհացնում ժողովրդին։ Ընդհանրապես մեզանում կա մի արգահատելի միտում՝ ժողովրդին մեղադրել, երբ անկարող են և ամուլ հենց իրենք, պաշտոնյաները։ Էլի եմ ստիպված մեջբերել Շանթին՝ «Ով իր հոգում չի կրում բարձր իդեալներ և չի ցանկանում ծառայել հանուն մարդկության ապագայի՝ իր հոգու փոքրությունը վերագրում է հայ ժողովրդի չափերին»:

Որևէ պետության քաղաքական միտքը ձևավորվում է տվյալ ազգի մշակութային ստեղծագործական մտքի արդյունքում։ Մեր մշակութային և ստեղծագործական պոտենցիալը, ցավոք, մեծ մասամբ արտագաղթել է արդեն և ստեղծագործում ու հարստացնում է այլ պետություններ։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Վրթանես Փափազյաններ ու Միքայել Նալբանդյաններ են մեզ պակասում։ Արդի մտավորականության խայտառակ պահվածքը դրա վկայությունն է։ Բայց սա էլ ճակատագրապաշտություն` ֆատալիզմ չէ, որովհետև ոչինչ քարացած չէ, ու 21-րդ դարը գլոբալ ու հիմնարար փոփոխություններ է խոստանում։ Հայաստանը պետք է գտնի իր վերածննդի ճանապարհն այս պրոցեսներում։