Սերժ Սարգսյանը բարդ խաղի մեջ է մտել

    • Հարցազրույց - 13 Սեպտեմբերի 2016, 17:44
Մեր զրուցակիցն է Հովսեփ Խուրշուդյանը

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները: Այս փոփոխությունները որքանով են պայմանավորված հուլիսյան դեպքերով, որքանով են իշխանության համար նախընտրական քարոզարշավին ուղղված քայլեր:

Անկախ այն բանից, թե Կառավարության փոփոխությունը որքանով էր անմիջականորեն պայմանավորված հուլիսյան դեպքերով, միանշանակ է, որ դրանք ազդեցին Սերժ Սարգսյանի ծրագրերի վրա՝ ստիպելով նրան էական շտկումներ մտցնել դրանցում: 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Սերժ Սարգսյանին ամեն դեպքում պետք էին լինելու քավության նոխազներ, որոնց վրա կբարդվեր երկրում ծանր սոցիալ-տնտեսական վիճակի համար պատասխանատվությունը, եւ Սերժ Սարգսյանը թարմ, ոչ շատ վարկաբեկված դեմքեր նշանակելով նոր կառավարության կազմում, այդ թվում հատկապես վարչապետի պաշտոնում, կկարողանար ինչ-ինչ սպասումներ, նոր հույսեր առաջացնել ժողովրդի, տվյալ դեպքում՝ ընտրողների գոնե մի հատվածի մոտ: Սակայն Սասնա ծռերի կողմից ՊՊԾ գնդի գրավումը եւ դրան հետեւած ժողովրդական ցասման պոռթկումն ընդդեմ իշխանությունների եւ անձամբ Սերժ Սարգսյանի բերեցին նրան, որ անգամ «քավության նոխազ» օպերացիան տապալվեց: Սերժ Սարգսյանի դիրքերն այժմ այնքան թուլացած են եւ խախուտ, որ անգամ Հովիկ Աբրահամյանին ստիպված էր «ճամփել»՝ շնորհակալություն հայտնելով լավ աշխատանքի համար: Պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի համար տեսանելի դարձան ժողովրդական ատելության ծավալները եւ որ այսուհետ նա եթե շանս էլ ունի մնալ իշխանության ղեկին, ապա հենվելով կրիմինալի վրա, որի համակարգողը հենց Հովիկ Աբրահամյանն է, ընտրակեղծարարության համակարգի վրա, որի կառավարման թելերի մեծ մասը եւս գտնվում են Հովիկ Աբրահամյանի ձեռքում անգամ այսօր, հրաժարականից հետո եւ, վերջապես, ապավինելով Կրեմլի հովանավորությանը: Վերջինը հատկապես կարեւոր է, քանի որ բյուջեում փող չկա եւ դա` ընտրությունների նախաշեմին:

Իսկ Արեւմուտքը չի պատրաստվում նշանակալի հատկացումներ անել ամեն ինչ Ռուսաստանին զիջող ռեժիմին: Պետական համակարգից, այդ թվում՝ ոստիկանությունից եւ անգամ դատախազությունից կադրերի արտահոսքը վերջին 1,5 ամսվա ընթացքում աննախադեպ ծավալների է հասել: Հատկապես ժողովրդական դժգոհության ալիքի ֆոնին մարդիկ չեն ուզում սպասարկել իրենց կեղեքող եւ չնչին աշխատավարձեր տվող իշխող ընտանիքներին: Եւ իշխանություններին շտապ ֆինանսներ են պետք աշխատավարձերը վճարելու ու սոցիալական լարվածությունը նվազեցնելու նպատակով: Վստահ եմ, որ Կարեն Կարապետյանի նշանակման պայմաններից մեկն էլ եղել է գազի գնի նվազումը: Դա Կրեմլին էլ է ձեռնտու, քանի որ դրա քաղաքական դիվիդենտները ստանալու է իր կողմից գործուղված մեկը:

Սակայն երկարաժամկետ առումով Սերժ Սարգսյանն ամեն բան կանի թույլ չտալու համար Կարեն Կարապետյանին շատ ուժեղանալ, բայց ոչ թե Հայաստանի ինքնիշխանության շահերից դրդված, այլ սեփական իշխանության հարատեւության, քանի որ ուժեղացած եւ տեղական որոշ կլանների հետ լեզու գտած ու նաեւ ռուսական հովանավորչությունը վայելող վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է պարզապես թույլ չտալ 2018-ին Սերժ Սարգսյանին սահուն անցում կատարել Բաղրամյան 26-ից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 1: Այսպիսով, Սերժ Սարգսյանը մի բարդ խաղի մեջ է մտել Կրեմլի հետ, որն իր համար խիստ ռիսկային է: Մի կողմից, Մոսկվան Բրյուսել չէ եւ ի տարբերություն վերջինի՝ կտրուկ քայլեր իրենից կախյալ եւ իրեն խոստումներ տված մեկին չի ների, որքան էլ որ պահն եկած ժամանակ «հիմնավոր պատճառներ» բերվեն ի արդարացում պայմանավորվածությունների խախտման: Վերջապես, ոչ ոք չի կարող բացառել, որ Կրեմլը ինքը առաջինը չի խախտի պայմանավորվածությունները եւ օրինակ չի ընտրի Հայաստանում սեփական սցենարով իշխանափոխություն իրականացնելու եւ իր հովանավորյալին իշխանության ղեկին կարգելու թուրքմենական տարբերակը:

Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելը: Ըստ Ձեզ, ռուսական գիծը Հայաստանում ավելի՞ կուժեղանա:

Արդեն նշեցի, որ ընտրությունը պետք է ռուսական լիներ, քանի որ նա կարծում է, որ իր իշխանությունը այսօր միայն Կրեմլը կարող է երաշխավորել: Այդ դեպքում Սամվել Կարապետյանին կամ ավելի վատ (Սերժ Սարգսյանի համար)՝ Ռուբեն Վարդանյանին հո չէ՞ր նշանակելու: Այդ երկու դեպքում էլ կարող էր միանգամից հրաժեշտ տալ իշխանությանը: Առաջին դեպքում՝ Սամվել Կարապետյանի շուրջ համախմբված կլանների ձեռքով, իսկ երկրորդ դեպքում՝ չդիմանալով քաղաքական մրցակցությանը: Իսկ Կարեն Կարապետյանի դեմ, որքան էլ որ վերջինս Մոսկվայի մարդն է, խաղալը համեմատաբար ավելի դյուրին է: Օրինակ՝ կանխավ նրա տակ դնել ականապատ, Սերժ Սարգսյանին եւ նրա մերձավորներին հավատարիմ նախարարներով լցված կառավարություն, որը երբ պետք լինի (2017-ից, կամ 2018-ից հետո) կսկսի վարչապետի թուլացման ու հեղինակազրկման ստվերային աշխատանքները: Իհարկե, մինչեւ 2017-ի ԱԺ ընտրությունները ռուսական գիծը կուժեղանա, քանի որ Մոսկվան հայ ժողովրդին սիրաշահելու ռեսուրսները ծախսելու է նախեւառաջ այդ շրջանում՝ նաեւ ստանալու համար ռուսամետ ԱԺ: Ի դեպ, վստահ եմ, որ Կրեմլից պայման են դրել Սերժ Սարգսյանի առջեւ ոչ միայն վարչապետի, այլեւ ԱԺ-ում պրոռուսական պատգամավորների հստակ խմբաքանակ ապահովելու շուրջ: Այնպես որ, այս գործարքի իրականացման դեպքում չզարմանաք, եթե հաջորդ ԱԺ-ում տեսնեք հին ու նոր ռուսական ազդեցության գործակալների, այդ թվում էկզոտիկ բալալայկաների եւ մատրյոշկաների: Ի վերջո, Ռուսաստանը փորձելու է ապահովագրել իրեն այնպիսի ռիսկերից, որոնք կառաջանան Սերժ Սարգսյանի կողմից բազմաթիվ լիազորությունների, այդ թվում՝ Արցախի հարցում զիջումների մասին որոշումներ կայացնելու, բազմաձայն եւ բազմաուժագծային ԱԺ-ին փոխանցելուց հետո:

Արդեն պարզ է, որ նաև մի քանի նախարար կփոխվի, այդ թվում՝ պաշտպանության նախարարը: Վերջինիս կնշանակեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ի՞նչ է Կրեմլն անում իր այս քայլով:

Սա գազի գինը Հայաստանի համար էժանացնելու շարունակությունն է: Այսինքն՝ Կրեմլը ամեն բան անելու է Հայաստանի ժողովրդի կորցրած վստահությունը թեկուզեւ մասամբ վերականգնելու համար: Նա այդ վստահությունը վաճառեց Ադրբեջանին 5 միլիարդ դոլարով եւ վստահ եմ պատրաստ է Հայաստանից քամվող իր գազային գերշահույթները մի քանի հարյուր միլիոն դոլարով նվազեցնել (ներառյալ Հայաստանին տրամադրվելիք արտոնյալ վարկերը)՝ այդ վստահությունը թեկուզ մասամբ ետ գնելու համար: Ու քանի որ այդ վստահության կորուստը կապված էր նախեւառաջ Հայաստանի անվտանգությանը ուղղակի հարված հասցնելու հետ, այժմ՝ տանելով Սեյրան Օհանյանին Բորդյուժայի պաշտոնին, փորձ է արվում ցույց տալ հայությանը, որ Մոսկվան իր կատարած սխալները շտկելու ուղին է բռնել: Նաեւ ինչ որ իմաստով փորձելու են այս նշանակումը ներկայացնել որպես յուրօրինակ «փոխհատուցում» կրկին Հայաստանի ժողովրդին Հայաստանի ՀՕՊ-ն ու ցամաքային ուժերը կոոպերացիայի ենթարկելու համար: Բացի այս ամենը, այդ պաշտոնում ինչ-ինչ հանգամանքներով լրացուցիչ հեղինակություն ձեռք բերած Օհանյանը պետք կգա Սերժ Սարգսյանին 2018թ.-ին, երբ հին սահմանադրության լիազորություններով գործող նախագահին անհրաժեշտ կլինի փոխարինել ԱԺ-ի կողմից ընտրվող, շատ ավելի սահմանափակ լիազորություններ, բայց այնուամենայնիվ իշխանության ուժի որոշակի կենտրոն մնալ շարունակող նախագահով: Վստահ եմ, որ այս նշանակումը եւս Սերժ Սարգսյան-Պուտին վերջին պայմանավորվածությունների շրջանակի մեջ են:

Այս ամենում հստակ երեւում է, որ Հայաստանի ժողովուրդը դարձել է ծանրակշիռ գործոն միջպետական հարաբերություններում եւ դա շնորհիվ իր եւ իր շահերը ներկայացնող քաղաքական ուժերի երկարատեւ պայքարի, այդ թվում, հատկապես, Սասնա Ծռերի գործողության եւ դրան հետեւած ժողովրդական ցասման արտահայտման: Այդ գործոնն այնքան ծանրակշիռ է, որ ռուսներն անգամ հատուկ հարցազրույց էին կազմակերպել ԱՄՆ համանախագահ Ուորլիքի հետ Մոսկվայում կայացած վերջին հանդիպումից հետո, որպեսզի Հայաստանի կողմից Ադրբեջանին հողեր հանձնելու անխուսափելիության մասին խոսի նաեւ ԱՄՆ համանախագահը: Նաեւ նրանից խոսք քաշելու համար՝ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի հետ մեկտեղ նաեւ Ադրբեջանին թեկուզեւ խիստ սահմանափակ ծավալներով եւ պաշպանողական բնույթի սպառազինությունների շուրջ համագործակցության մասին: Վստահ եմ, որ այս հարցազրույցը Ուորլիքի կողմից լոկ բարի կամքի դրսեւորում չէր ռուսական մեդիայի հանդեպ, այլ հանդիսանում էր մոսկովյան վերջին պայմանավորվածությունների բաղկացուցիչ մասը եւ արվել էր ռուսական ինչ-ինչ զիջումների դիմաց:

Ուորլիքի վերջին հարցազրույցում արդյոք նկատվո՞ւմ է փոփոխություն ԱՄՆ դիրքորոշման մեջ Արցախ-Ադրբեջան կոնֆլիկտի կարգավորման հարցում:

Ցավոք, այո, տեսանելի է որոշ բացասական տեղաշարժ Վիեննայի համեմատ, որտեղ խոսվում էր բացառապես հրադադարի ռեժիմի խախտումները բացահայտելուն միտված տեխնիկական միջոցների տեղակայման եւ ռազմական դիտորդների ավելացման մասին: Խոսելով Ադրբեջանին որոշ տարածքներ հանձնելու անհրաժեշտության մասին, Ուորլիքը նաեւ նշեց միջազգային ուժերի տեղակայման մասին, որից կարելի է կռահել, որ Ռուսաստանին հաջողվել է համոզել մյուս երկու համանախագահներին համաձայնել իր առաջ քաշած «փուլային տարբերակի» հետ՝ զոհաբերելով ռուսական կամ ԱՊՀ խաղաղապահներ տեղակայելու ծրագիրը: Այժմ ռուսները որպես շահաբաժին, հավանաբար, բավարարվելու են միայն Ադրբեջանին ԵՏՄ մտցնելով: Թեեւ ամեն դեպքում, ամերիկացիներն այնքան էլ գոհ չեն այս ամենից, եւ Ուորլիքը շեշտում է, որ իրենք ամեն դեպքում կուզեին զարգացնել Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունը դիտորդական առաքելության ընդլայնման վերաբերյալ: Սակայն այստեղ էլ կա հետնահանջ. նա արդեն հստակ չի շեշտում հրադադարի խախտումները բացահայտելուն ուղղված տեխնիկական սարքերի վերաբերյալ պայմանավորվածության զարգացման մասին: Այս ամենն ունի մի պատճառ. արեւմտյան համանախագահները չեն պատրաստվում սպասարկել հայկական շահերը՝ հենվելով Վիեննայի պայմանավորվածությունների վրա, երբ անգամ Սերժ Սարգսյանն է խաղում բացառապես ռուսական «փուլային» տարբերակի դաշտում՝ տանելով Հայաստանը բացարձակ կախվածության Ռուսաստանից:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ էական փոփոխություններ են սպասվում: Այս փոփոխությունները որքանո՞վ կարող են իրական լինել: Հանրության մոտ վստահություն կարո՞ղ են բարձրացնել:

Փոփոխությունները կլինեն կարճաժամկետ, բայց տեսանելի, քանի որ դրանք անհրաժեշտ են ընդամենը 2017թ. ընտրությունները կեղծելու նպատակով գոնե նվազագույն էլեկտորալ շեմն ապահովելու համար: Երկարաժամկետ եւ էական կարող են լինել միայն համակարգային փոփոխությունները: Օրինակ՝ կոռուպցիայի հաղթահարումը, տնտեսության մենաշնորհայնացման վերացումը եւ ազատ մրցակցության, արտասահմանյան ներդրումների ապահովումը, որը առանց ժողովրդին կեղեքող ընտանիքների եկամուտներին եւ կլեպտոկրատիկ շահերին դիպչելու հնարավոր չէ իրականացնել: Իսկ դրան Սերժ Սարգսյանը երբեք չի գնա: Պարզապես որովհետեւ ինքն էլ հազարավոր թելերով կապված է համակարգի հետ: Եւ խնդիր է դրված ոչ թե հանրության մեջ վստահություն բարձրացնել, ինչը գործնականում այլեւս անհնար է, եւ դա իրենք էլ են լավ հասկանում, այլ նվազեցնել ատելության վերաճած դժգոհության շեմը, լարվածությունը, որպեսզի ավելի հանգիստ մթոլորտում հնարավոր լինի ոչ միայն կեղծել ընտրությունները, այլեւ խուսափել նախընտրական եւ հետընտրական անակնկալներից:

Ի՞նչ եք կարծում, Հովիկ Աբրահամյանին ինչ պաշտոն կվերապահվի, թե իշխանությունը կմոռանա նրան:

Բա էլ ո՞վ պետք է 2017-ին աշխատեցնի ընտրակեղծարարության մեքենան, եթե ոչ Հովիկ Աբրահամյանը: Դե, իսկ խորհրդարանական ընտրություններից հետո էլ նրան մի գործ կգտնեն: Ոչ շատ ազդեցիկ, բայց դե Հովիկ Աբրահամյանը Ծառուկյան Գագիկին քաղաքական ասպարեզից հեռացնելուց հետո այն վիճակում չէ, որ չբավարարվի ցանկացած պաշտոնով: Չգիտեմ, օրինակ, մի տեղ դեսպան կնշանակեն՝ պետական շահերի հաշվին «վաստակած հանգիստը» վայելելու: