Օլիգարխիան իր հարցերն է լուծում, որը կապ չունի հանրային խնդիրների հետ

    • Հարցազրույց - 12 Սեպտեմբերի 2016, 18:25
Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը

Պարոն Սարգսյան, ըստ Ձեզ՝ ինչո՞վ էր պայմանավորված վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը։ Արդյոք սա անձնակա՞ն որոշում էր, թե՞ պարտադրված։

Իհարկե, երկիրը ճգնաժամի մեջ է, և այս տարվա բոլոր դեպքերը՝ թե պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, թե վերջին իրադարձություններն արդեն ակնհայտ ցույց են տալիս դա։ Հայաստանի ներկայիս վարչակարգը փորձել է մաքսիմալ կերպով թե հարմարվել, թե օգտագործել այս ամենն իր խնդիրները լուծելու համար։ Հովիկ Աբրահամյանի դուրս գալն էլ է ցույց տալիս, որ խորքային պրոցեսներ են իշխանության մեջ, եւ ներքին խոչընդոտներ են ստեղծվել։ Իհարկե, օլիգարխիկ համակարգում ստեղծվել են լուրջ խնդիրներ, որոնց մասին նա խոսում է իր հրաժեշտի ելույթում։ Ըստ երևույթին, հենց այդ պրոբլեմներն էլ հանգեցրել են նրան, որ Հովիկ Աբրահամյանն այդ վիճակում հայտնվեց, և Սերժ Սարգսյանն էլ ինչ-որ ակնարկ արեց, որ Հովիկ Աբրահամյանը ցանկություն ունի ընտրություններին մասնակցելու։ Մարդկանց կարգավիճակները փոխվել են։ Այս ամենը ես գնահատում եմ ընդամենը որպես գործող վարչակարգի և համակարգի խորքային ճգնաժամ, որտեղ նրանք ամեն կերպ իրար հաշվին փորձում են կարգավորել վիճակը, քանի որ առջևում ընտրություն կոչվող միջոցառում է սպասվում, և պետք է փորձել նորից նոր դիրքեր գրավել։ Հովիկ Աբրահամյանը կարող է ընդհանրապես անհետանալ, նրան հնարավոր է ընդհանրապես մոռանան, կարող է թե բանտում հայտնվել, թե ԱԺ նախագահ կամ նախագահ դառնալ։

Սա արդեն ներքին խմորումների հետ է կապված։ Եվ սա գնահատելու համար պետք է տեսնել՝ դա որևէ կապ ունի ընդհանրապես հանրության ու պետության շահերի հետ։ Կարծում եմ՝ իհարկե չունի, և ամենաճիշտ գնահատականն այն կլինի, որ այսպես  կոչված քաղաքական ուժերը, հանրությունը այդպես վերաբերեն դրան, որ հանրության շահերը և հանրության խնդիրները բոլորովին այլ ոլորտում են, որոնք պետք է ձևավորվեն և լուծվեն։

Ցանկության դեպքում այս համակարգը կարո՞ղ է ձևակերպել այդ խնդիրները և լուծել, թե՞ վերջացած համակարգ է։ Սերժ Սարգսյանը խոսում է ազգային համերաշխության կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին։ Որքանո՞վ է իրատեսական նման ծրագիրը։

Սերժ Սարգսյանը խոսել է ազգային միասնության իշխանության մասին։ Սա նշանակում է, որ ոչ ոք չպետք է ավելորդ խոսի, բոլորը պետք է համաձայնվեն իրենց ստատուսների հետ և միասին շարունակեն այն, ինչ կստեղծվի։ Այսինքն՝  նոմենկլատուրային օլիգարխիայի գաղափարն է դրված, որի հետ բոլորը համաձայն են։ Եվ իզուր չէ, որ ոտքի վրա կուսակցություններ են ստեղծվում, իրար վրա նյութեր հրապարակում, այս ամենը հանրության համաձայնությամբ։ Դրա համար էլ շատերը խոսում են այն մասին, որ խոսքը ժողովրդի վստահության կառավարության մասին է, և Սերժ Սարգսյանը փորձեց ընդառաջ գնալ։ Ժողովրդի վստահության կառավարություն ասելով չգիտեմ ինչ են հասկանում Սասնա ծռերը, բայց ըստ երևույթին դա լրիվ ուրիշ բան է, իսկ Սերժ Սարգսյանի հայտարարած ազգային միասնության իշխանությունը հենց այն է, որ բոլորը պետք է խաղի կանոններն ընդունեն, յուրաքանչյուրին իր ստատուսն է տրվում, որոշումը ընդունվում է, բոլորը պետք է ենթարկվեն, ովքեր ենթարկվում են, Սերժ Սարգսյանը հենց այդպես էլ ասել է՝ ովքեր Սասնա ծռերի հետ չեն, մեզ հետ են։

Պարոն Սարգսյան, հուլիսյան իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակի շուրջ էլ մեծ հաշվով հանրային մոբիլիզացիա չեղավ։ Ինչո՞ւ դա տեղի չունեցավ, որո՞նք ենխանգարող հանգամանքները։

Սասնա ծռերի առաջարկած մոտեցումը հանրության համար հասկանալի չէ: Նման հարցադրումներով դուք հանրային մոբիլիզացիա ապահովել չեք կարող, որովհետև երբ խոսվում է ժողովրդի վստահության կառավարության մասին, ավելի շատ պետք է խոսվեր նման կառավարության ծրագրի մասին։ Ի վերջո, ռեալ ծրագրերի շուրջ են միանում։ Հիմա եթե Սերժ Սարգսյանը բոլորին պարզ ասել է՝ եկեք, սա է մեր նորմը, որով գնում ենք առաջ, ով ցանկանում է գնում է, Սասնա ծռերը շատ անորոշ են առաջարկել, և այս դեպքում չի կարող լինեն հանրային մոբիլիզացիա։

Պատճառը ծրագրի բացակայությո՞ւնն էր։

Պետք է հասկանալ, որ եթե մի բան ես փոխում, փոխարենն ինչ ես առաջարկում, ինչ ես ուզում անել, նպատակդ որն է։ Սրանք լուրջ հարցեր են, իսկ հանրությունը խաղալիք չէ։ Իհարկե, վերջին տարիներին անընդհատ շրջանառվում էր այն գաղափարը, որ ոչ մի ձև չկա, զենքով իշխանության եկած իշխանության դեմ պետք է միայն զենքով կռվել։ Սա ընդհանուր կարգախոս է, բայց կարգախոսը մի բան է, իսկ  կոնկրետ ծրագիր՝ թե ինչ ես փոխում ինչի հետ, ուրիշ բան է։

Ես մի հետաքրքիր բան էի նկատել. Կարեն Կարապետյանի նշանակումից հետո  սոցիալական ցանցերում խոսում են, 90 տոկոսին հետաքրքրում է, թե որտեղացի է այդ վարչապետը, Ռուսաստանի դրածո՞ է, ղարաբաղցի՞ է: Միայն այդ հարցն է մարդկանց հետաքրքրում։ Սա ցույց է տալիս, որ հանրությունը շատ մեծ մոլորությունների մեջ է, և կեղծ արժեքների շուրջ փորձում է ինչ-որ գնահատականներ տալ։ Կամ Հովիկ Աբրահամյանի հեռանալու գնահատականները՝ ինչ եղավ,  որ իրեն չեն պահում, և ոչ թե քննարկվում է, թե այս պրոցեսները ուր են տանում,  համակարգային փոփոխություններ են, թե  ոչ։ Նման քննարկումներ, ցավոք, չկան։

Ով ում բարեկամն է, Կարեն Կարապետյանը Կրեմլի կողմից է նշանակված, ղարաբաղացի է թե ոչ, նման դիսկուրսներ ինչո՞ւ են առաջացել։

Ուրիշ չափանիշ չկա, միակ չափանիշը, որը բնորոշ է ակտիվ հանրությանը, խորքային կլանային չափանիշն է, և չկա ուրիշ չափանիշ, որ մարդիկ փորձեն հասկանալ՝ ինչ է կատարվում։ Եվ այդ չափանիշի բացակայությունը բերում է այսպիսի լղոզված գնահատականների, որն ի վերջո աշխատում է այս համակարգի վրա, իսկ սա մարդասպանների, գողերի, անօրինականության ֆետիշը իրականացնող համակարգ է։

Իսկ հանրային տրամադրությունների մեջ ինչ-որ բան փոխվե՞լ է Սասնա ծռերի գործողություններից հետո։

Հանրային տրամադրությունների մեջ չեմ կարծում որևէ բան փոխվել է, բայց ընդհանուր քաղաքական կյանքում իհարկե շատ բան է փոխվել: Այն մոտեցումը, որը ցուցաբերում էր վարչակարգը, նախ պետք է հանգեցներ նրան, որ քաղաքականության մեջ մասնակցողների որակը փոխվի, և հիմա արդեն քաղաքական ասպարեզ են մտնում մարդիկ, որոնք իրենց կյանքը ռիսկի են դնում, ճիշտ են, թե սխալ, այլ հարց է, նրանք որակապես ուրիշ մարդիկ են: Այդ փոփոխությունը միանգամից նկատվում է թե իշխող վարչակարգի և թե հանրության կողմից, բայց դեռ այդքանը։ Այսինքն՝ գաղափարական, ծրագրային նորություն գոյություն չունի, բայց էական հանգամանք է, որ նոր անձնական որակներ ունեցող մարդիկ են մտնում քաղաքականության մեջ, և կարծում եմ սա իսկապես այդպես է, բայց ոչ ավելին, և դա գերագնահատելը սխալ կլինի։

Ստեղծված իրավիճակում ելքը ո՞րն է։

Առաջին հերթին հրաժարվել 25 տարվա քաղաքականությունից՝ «իշխանափոխություն, մենք ժամանակ չունենք»: Մարդիկ պետք է հասկանան, որ մենք 25 տարի ունեցել ենք կեղծ իշխանություն, հասկանան, որ կամ կարողանում ես խնդիրներդ ձևակերպել և լուծել, կամ չես կարողանում, մնում ես նույն վիճակում։ Եվ առաջին փոփոխությունը մեր երկրում կկատարվի այն ժամանակ, երբ հանրությունը գիտակցի, որ պետք է հրաժարվել այդ մոտեցումից։ Դրանից հետո կամ գիտակցում ես խնդիրները և լուծում, ինչպես բազմաթիվ ազգեր արել են, կամ չես անում։ Բայց եթե դու անընդհատ այդ գծի մեջ ես, որ «մենք ժամանակ չունենք, իշխանափոխություն պետք է անել», 150 տարի այս գծի մեջ ես լինելու։ Մարդկանց հարցնում են՝ ինչու եք իշխանափոխություն անում, նպատակը որն է, պատասխանում են՝ այս հանցավոր ռեժիմը երկիրը ոչնչացրել է, մենք ժամանակ չունենք, եկեք գնանք հեռացնենք, հետո կմտածենք, և այս մտածողությունը  25 տարի երկիրն այս վիճակում է պահել։ Եվ երբ ֆունդամենտալ փոփոխություն է կատարվում մարդկանց գիտակցության մեջ, մարդիկ նստում են, ձևակերպում խնդիրները, դնում են սեղանի վրա և գնում են լուծում։ Բայց դուք ինչպե՞ս կարող եք այդ գիտակցությանը գալ, երբ դուք անընդհատ գերի եք «իշխանափոխություն, մենք ժամանակ չունենք» կեղծ թեզին։ Դրա համար չեք կարող անցնել պարզ և ռացիոնալ դաշտ։