Ընդդիմադիր քաղաքներում ոչ միայն ընտրություն է, այլեւ պայքար ինքնավարության համար

    • Հարցազրույց - 12 Սեպտեմբերի 2016, 10:51
Մեր զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Լևոն Մարգարյանը

Իշխանությունը հայտարարում է փոփոխությունների մասին: Ընտրությունների նախաշեմին արդյոք այս փոփոխությունները հօգուտ ՀՀԿ-ի կաշխատեն, մասնավորապես երկու խոշոր քաղաքաներում՝ Գյումրիում և Վանաձորում։

Տեղերում քաղաքական կյանքն իհարկե առանձին մի գործընթաց չէ և ուղղակիորեն կապված է համապետական քաղաքական կյանքին: Բայց դրանով հանդերձ կան որոշակի առանձնահատկություններ: Մի բան է, երբ ընտրում են բարձրագույն իշխանություն, որն օտարված է քաղաքացուց, որի ընկալումները շատ վերացական են, որից սպասելիքներն ու հիասթափությունները մեծ են, մեկ այլ բան են ՏԻՄ ընտրություններն ու արդեն անցյալում հայտնված մեծամասնական ընտրությունները: Տեղերում ընտրում են այլ ստանդարտներով, ընտրության չափանիշները միջնորդավորված չեն, շատերն ունեն ուղղակի շահեր, ազգակցական, ընկերական խիտ կապեր և առաջնորդվում են դրանցով: Կարծում եմ, Երևանում, բարձրագույն իշխանության կաբինետներում տեղի ունեցող փոփոխություններն էական ազդեցություն չեն ունենա տեղերում ընտրության արդյունքների վրա, գոնե ՏԻՄ ընտրությունների ժամանակ:

Ինչ վերաբերում է պառլամենտականին, ապա այս քաղաքները, մասնավորապես Գյումրին սպասում են կոնկրետ ու տեսանելի քայլերի և միայն ոճաբանական փոփոխություններով չեն փոխի իրենց մոտեցումները: Կան կոնկրետ խնդիրներ սոցիալական վիճակի հետ կապված, եթե այդ խնդիրները ստանան արագ լուծումներ, միգուցե ինչ-որ առումով իշխանության հանդեպ տիրող հակակրանքը մեղմվի:

Ի՞նչ վիճակ է Գյուրմիում, տեղում ծանոթանալով՝ ի՞նչ տպավորություն ունեք, Գյումրին նորից այլ արդյունք կգրանցի՞։

Ինչպես արդեն նշեցի, տեղական և համապետական ընտրություններն իրենց էությամբ տարբեր բաներ են, էլեկտորատը տարբեր վարք է դրսևորում: Համապետական ընտրություններին ընդդիմադիր թեկնածուին քվեարկած ընտրողը ցանկանում է իր բողոքն արտահայտել իշխանություններին՝ համարելով, որ Գյումրիի հանդեպ, ըստ պատշաճի, հետևողականություն չի դրսևորվում: Տեղական ընտրություններին նույն ընտրողը կարող է քվեարկել իշխող կամ ոչ արմատական ընդդիմության օգտին, որովհետև վերջիններիս ներկայացուցիչների հանդեպ իր համակրանքը չափվում է ոչ թե քաղաքական, այլ քաղաքային, համայնքային, ազգակցական, բարեկամական չափանիշներով:

Սա ընդհանուր առմամբ: Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա արդեն իսկ նախաքարոզչական ընթացքը ցույց տվեց, որ Բալասանյանի նախատեսած հանգիստ և անմրցակից ընտրությունները չեն լինելու: ԲՀԿ թեկնածուի հայտնվելուց հետո ստեղծված լարվածությանը ավելացան նաև Հայկական վերածնունդ կուսակցության տեղի ներկայացուցչի ակտիվ գործունեությունն ու ԳԱԼԱ կուսակցության ակտիվացումը:

Միաժամանակ, Բալասանյանին առաջադրելով ՀՀԿ ցուցակով և այդ ցուցակում չներառելով տեղի ՀՀԿ կառույցների անդամների տեսակարար քանակ, կենտրոնական իշխանությունը տեղերում ստեղծեց թաքնված դժգոհություն Բալասանյանի անձի հանդեպ: Բալասանյանը, ջանալով իր հարցերը լուծել Երևանում և հետո նոր միայն Երևանում ստացած կանաչ լույսով ներկայանալով, ստեղծեց, ավելի շուտ վերահաստատեց նախորդ ընտրություններից մնացած այն մտայնությունը, որ նա ավելի շատ նշանակովի քաղաքապետ է: Խնդիրը նրա անձի մեջ չէ: Հատկապես Վարդան Ղուկասյանի երկարատև կառավարման տարիներից հետո Բալասանյանի անձը բացասական երանգներով չի ընկալվում: Կարելի է ասել, որ նրան ոչ սիրում են, ոչ ատում են Գյումրիում, ու ավելի շատ ապատիա կա քաղաքում նրա հանդեպ:

Իհարկե, Գյումրիում տեղական ընտրությունները միշտ չէ, որ օրենքի տառին համապատասխան են անցել, բայց գոնե եղել են ընտրություններ, որոնցում մրցել են տեղի քաղաքային վերնախավերի ներկայացուցիչներ, մրցել են ոչ միայն հայտարարված խաղի կանոններով, այլև այլ գործիքներով: Այս իմաստով առավել հետաքրքիր է ոչ թե ընտրություններում տարբեր թեկնածուների շանսերը քննարկելը, այլ դիտարկել համայնքներում քաղաքական ինքնավարության վերջնական արմատախիլ լինելու փաստը: Սա, կարծում եմ, արվում է մեկ նպատակով՝ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքներին զրկել սեփական քաղաքական օրակարգն ունենալու հնարավորություններից: Առաջին անգամ սա ստացվեց անել բավական հանգիստ: Հիմա արդեն տեղում հայտնված մի քանի հիմնական ուժեր խոստանում են փչացնել Բալասանյանի և նրա կողմնակիցների տրամադրությունը, ինչը տեղերում քաղաքական ինքնավար օրակարգի գոնե որոշակի նշույլներ պահպանելու իմաստով միանշանակ դրական է։