ՀՀ վարչապետի պաշտոնում Մոսկվան կցանկանար ունենալ վճռական մարդ

    • Հարցազրույց - 11 Սեպտեմբերի 2016, 14:40
Մեր զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

Պարոն Նավասարդյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ Կարո՞ղ էր Հովիկ Աբրահամյանը իր կամքով հրաժարական տալ, ինչպես նշեց իր հրաժեշտի ելույթում։ Եվ արդյոք այս քայլով հնարավո՞ր է վերականգնել վստահությունն իշխանությունների նկատմամբ։

Ես բացառում եմ, որ միանձնյա որոշում էր վարչապետի կողմից, քանի որ մեր քաղաքական և իշխանական համակարգում, եթե դու առանց խորհրդակցելու, առանց համաձայնություն ստանալու հանկարծ հրաժարականի դիմում ես ներկայացնում նման բարձր պաշտոնից, նշանակում է խնդիր ունես ամբողջ համակարգի, իշխանական բուրգի հետ։ Բայց, հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի ամբողջ քաղաքական կարիերան, ես չեմ պատկերացնում, որ ինքը դեմարշի կգնա: Իր հրաժարականը բավական երկար ժամանակ քննարկված, գցած-բռնած հարց է, այն կանխատեսվում էր, բայց  Հովիկ Աբրահամյանը շարունակելու է կարևոր դերակատարություն ունենալ իշխանական համակարգում։ Որոշումը կայացվել է առաջին հերթին նախագահի կողմից, բայց նաև հաշվի են առնվել տարբեր այլ ազդեցիկ շրջանակների շահերն ու մոտեցումները։

Այս կադրային փոփոխության հիմնական նպատակն այսօր դժվար է ամբողջ ծավալով ներկայացնել, որովհետև կարծում եմ տարբեր գործոններ են այստեղ դեր խաղացել։ Նրանցից մեկը եղել է հասարակության մոտ գործող իշխանության իմիջը գոնե մի փոքր բարձրացնելու նպատակը։ Դրա համար վարչապետի պաշտոնում նշանակում են մի մարդու, որը թեև մի քանի ամիս Երևանի քաղաքապետ է աշխատել, բայց չի հասցրել վարկաբեկվել հանրության լայն շրջանակներում։ Եվ իր պաշտոնավարությունը մոտակա ամիսներին, մինչև խորհդարանական ընտրությունները կարող է որոշակի բարելավումների հույսեր արթնացնել մարդկանց մոտ, իսկ դա կարող է որոշ ազդեցություն ունենալ նաև իշխանությունների դեմ քվեարկելու մտադրությունների վրա, մի փոքր սրբագրել ընտրողների կտրուկ տրամադրությունները: Նկատի ունենալով, թե երբ է կայացվել վարչապետին փոխելու  որոշումը, ես չեմ բացառում, որ դրա տակ մտադրություն կա ազդել համայնքային ընտրողների վրա, մասնավորապես Հայաստանի երկու խոշոր քաղաքներում՝ Վանաձորում և Գյումրիում, որտեղ իշխանությունները սովորաբար քվեարկությունների հետ խնդիրներ են ունենում և դժվարանում են ստանալ իրենց անհրաժեշտ արդյունքը: Այս անգամ համապատասխան համայնքներում ընտրություններն առավել մեծ նշանակություն ունեն, և բազմաթիվ այլ գործիքների կիրառման հետ փորձ է արվում այդ երկու քաղաքներում բնակչության վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ մեղմել։

Կարեն Կարապետյանը խոսեց իր ծրագրից, նշեց, որ երկու փուլով են այդ փոփոխությունները տեղի ունենալու, ընդ որում՝ առաջին փուլը արագ պետք է տեղի ունենա և նպատակ ունենա վստահություն  արթնացնելու։ Սա նշանակո՞ւմ է, որ շատ արագ հանրության մոտ վստահություն ձեռք բերելու խնդիր կա մինչև ՏԻՄ ընտրություններ, հետո արդեն խորհրդարանական ընտրություններում։

Պարզ է, որ եթե խոսքը ՏԻՄ ընտրությունների մասին է, ապա որևէ պրակտիկ քայլ արդեն չի հասցնի ազդել տրամադրությունների վրա, որովհետև քվեարկությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին ու հոկտեմբերի 2-ին։ Կառավարությունն այդպես արագ նույնիսկ ցուցադրական բան չի հասցնի անել, բայց կազմը փոխելով կարող է պատրանք ստեղծել, որ գիտակցում է խնդիրներն ու իրավիճակը շտկելու կամք ունի: Չեմ կարծում, որ դա էական կազդի հանրային տրամադրությունների վրա, սակայն այն բացասական իմիջի պայմաններում, որն ունեն իշխանությունները, ցանկացած միջոցից փորձելու են օգտվել։ Իսկ եթե խոսքը 2017-ի համապետական ընտրությունների մասին է, ապա այստեղ նույնիսկ կարելի է կառավարությունից որոշակի պրակտիկ քայլեր ակնկալել, որոնք չի բացառվում, որ դուր կգան բնակչության մի մասին։ Դրանք երկարաժամկետ դրական էֆեկտ չեն ունենալու, բայց ընտրություններից առաջ լարվածությունը կարող են թուլացնել:

Պարոն Նավասարդյան, իսկ որքանո՞վ էր հրաժարականի հրամայականը պայմանավորված հուլիսյան իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակով։ Նկատի ունեմ Սասնա ծռերի գործողությունները և դրանից հետո ստեղծված իրավիճակը որքանո՞վ ազդեցություն ունեցան այս փոփոխության վրա։

Պարզ է, որ եթե մենք խոսում ենք դժգոհությունների և տրամադրությունների մասին,  հուլիսյան իրադարձությունները միայն սրեցին եղած խնդիրները, խորացրին իշխանության ճգնաժամը և էլ ավելի իջեցրին նրա ցածր վարկանիշը հասարակության աչքերում: Այդ առումով վարչապետի փոփոխությունը բնականաբար կապ ունի կատարվածի հետ: Տրամաբանությունից զուրկ չէ նաև այն վարկածը, որ կառավարության նոր ղեկավարի նշանակումը պայմանավորված է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի շուրջ Ռուսաստանի մտահոգություններով: Մենք տեսնում ենք՝ ինչպես է աճում անվստահությունը Ռուսաստանի նկատմամբ և տեսնում ենք ինչպիսի  նյարդային արձագանք կա Ռուսաստանից այդ զարգացումների հետ կապված, հատկապես հուլիսից սկսած։ Հայաստանի կառավարության ղեկը հանձնելով մի մարդու, որը միանշանակ Մոսկվայի վստահությունն է վայելում, նույնպես կարելի է դիտարկել որպես հուլիսյան իրադարձությունների հետևանք: Եթե այդ հարցը Կրեմլի հետ համաձայնեցվել է, ինչում ես կասկած չունեմ, ապա ՀՀ վարչապետի պաշտոնում Մոսկվան կցանկանար ունենալ վճռական մարդ: Իսկ աշխատելով Գազպրոմի համակարգի տարբեր կառույցներում բարձր պաշտոններում, որպես կոշտ գործարար ու կառավարիչ՝ Կարեն Կարապետյանը պետք է որ ունակ լինի վճռական գործողությունների գոնե իր պաշտոնավարման առաջին ամիսների ընթացքում։

Իսկ նրա՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերը որքանո՞վ կխանգարեն Հայաստանի տնտեսությունը ղեկավարելու առումով։

Հակված եմ մտածել, որ այստեղ կարող են որոշ չափով համատեղվել Հայաստանի իշխանության և Մոսկվայի շահերն այն առումով, որ Հայաստանի վերնախավի համար այսօր ընտրություններից առաջ անհրաժեշտ են ռեսուրսներ, որպեսզի գոնե մասամբ բավարարվեն քաղաքացիների սոցիալական պահանջներն ու ակնկալիքները տնտեսական վիճակի կայունացման վերաբերյալ։ Այդ առումով, եթե Հայաստանի կառավարությունը վստահելի մարդ է ղեկավարում, միգուցե Մոսկվան գոնե առաջին ամիսների ընթացքում պատրաստ կլինի իր դիրքերն ամրապնդելու համար որոշակի աջակցություն ցուցաբերել կամ կազմակերպել։ Առաջին հերթին դա նկատի ունեմ ռուսական գործոնի առկայության մասին խոսելիս, ու այն բավական ազդեցիկ հանգամանք կարող է լինել մոտակա ամիսների համար։

Պարոն Նավասարդյան, իսկապես հնարավո՞ր է Հայաստանում գործող հմակարգի պայմաններում որոշակի փոփոխություններ անել, որը հանրության մոտ վստահություն կավելացնի՝ հաշվի առնելով, որ օլիգարխիկ համակարգից շատերը մնում են իշխանության։

Միանշանակ միայն կոսմետիկ փոփոխություններ կամ ժամանակավոր բարելավում կարող է լինել։ Ստեղծված պայմաններում ես չեմ կարող պատկերացնել, որ մեր վերևներում համակարգի փոփոխության հետ կապված քաղաքական որոշում կայացվի։ Իսկ դա նշանակում է, որ ինչ էլ արվելու է, նպատակ է ունենալու միայն իշխանության ու իշխանամերձ շրջանակների դիրքերի ամրապնդումը, կամ գոնե պահպանումը, բայց ոչ երկրի ու պետության առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Վերջիններիս համար միանգամայն այլ քայլեր են անհրաժեշտ և այլ զարգացումներ։ Իսկ համակարգային փոփոխություններն իրենց հետ, բնականաբար, բերելու են մեր այսօրվա քաղաքական և բիզնես վերնախավի դիրքերի թուլացման։ Բնականաբար, այդպիսի քաղաքական կամք, որ իրենք իրենց նախաձեռնությամբ, առանց լուրջ ճնշումների և առանց քաղաքական դաշտում իրական մրցակցության հանկարծ իրենց դիրքերից որևէ միլիմետր զիջեն, ես բացառում եմ։ Այնպես որ, ինչի մասին մենք  խոսում ենք, ընդամենը շղարշ կարող է լինել, ժամանակավոր, կարճ հեռանկար ունեցող՝ իշխանությունների իմիջը ժողովրդի աչքին բարելավելու, լարվածությունը թուլացնելու հերթական փորձն է, որը չի ենթադրում էական դրական փոփոխություններ։ Այսինքն, դա ավելի շատ PR ակցիա է՝ ուղղված իշխանության կոնսոլիդացիային, ինչպես նաև Մոսկվային հանգստացնելուն ու նրանից պրեֆերենցիաներ ստանալուն միտված քայլ է։

Հովիկ Աբրահամյանը շատ կարևոր դերակատարում է ունեցել ընտրական գործընթացների ժամանակ։ Իշխանությունը նրան կնեղացնի՞, թե մեկ այլ լավ պաշտոն է պատրաստելու նրա համար։

Ամեն դեպքում, Հովիկ Աբրահամյանի հնարավորությունները ընտրությունների կազմակերպման առումով կօգտագործվեն, իսկ դրա համար իրեն որոշակի խոստումներ պիտի տրվեն։ Թե ինչպիսի խոստումներ են, այսօր շատ դժվար է ասել, բայց ամեն դեպքում ինքը գոնե այս մոտակա ամիսների ընթացքում կարող է վստահ լինել, որ մնում է Հայաստանի «իսթեբլիշմենթի» կարևոր ֆիգուրներից մեկը։ Ավելի հեռահար երաշխիքներ մեզանում ընդունված չեն: