Ինչու ընտրվեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը

    • Հարցազրույց - 10 Սեպտեմբերի 2016, 12:03
Մեր զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Լևոն Մարգարյանը

Լևոն, ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի քաղաքական կյանքում, արդյոք այս ամենը պայմանավորվա՞ծ է հուլիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով, թե նախըտրական այսպես կոչված ակցիա է։

Հուլիսյան դեպքեր ասելով եկեք հստակեցնենք, թե ինչ նկատի ունենք: Ես այստեղ առանձնացնում եմ երկու սյուժե՝ Սասնա ծռեր խմբավորման բուն գործողությունը և այդ գործողության առիթով հասարակության շրջանում դրսևորված վրդովմունքը երկրի իշխանությունների հանդեպ: Սրանք իհարկե իրար հետ կապված են, բայց երկրորդի առկայությունը, այն էլ այնպիսի բովանդակությամբ, որին մենք ականատես եղանք, ցույց տվեց, որ երկրում կուտակված խնդիրները, հասարակության մտահոգությունները հասել են այնպիսի մակարդակի, որ արդեն ծայրահեղ քայլերը արժանանում են համակրանքի: Սա չէր կարող երկրի իշխանությունների համար ազդանշան չլինել: Բայց վարչապետի փոփոխությունը ես սրա հետ չէի կապի: Նախ, արդեն վաղուց կարելի էր գլխի ընկնել, որ աշնանն Աբրահամյանի կառավարությունը հրաժարական է տալու: Սովորաբար ընտրություններից առաջ Աբրահամյանը հրաժարական է տալիս և գնում ՀՀԿ շտաբի պետի պարտակությունները կատարելու: Երկրում առկա դժգոհությունն այս քայլի երկրորդ պատճառն էր. փորձ է արվում ընտրություններից առաջ որոշակի քայլերով ստեղծել արդյունավետ կառավարման էֆեկտ:

Իսկ թե ինչու հենց Կարեն Կարապետյանը, կարծում եմ, ինչպես էլեկտրիկ Երևանի ժամանակ, այնպես էլ հիմա հայ-ռուսական հակադրության հերթական փուլը հանգուցալուծվեց որոշակի կոնսենսուսով: Ընտրվեց սուբյեկտ, որը հարազատ է թե ռուսական, թե հայկական վերնախավերին: Եվս մեկ կարևոր հանգամանք. Հայաստանում ներքաղաքական կյանքով շահագրգռված ռուսական կողմը միադեմ չէ: Վերջին շրջանում շահագրգիռ խմբերը Պուտինի մերձավոր շրջապատից չեն, և ավելի շատ սլաքներն ուղղվում են դեպի АФК Система կոչվող կառույցի և դրա ներկայացուցիչների, այդ թվում՝ հայազգի և հայաստանցի ներկայացուցիչների վրա: Կարապետյանը, Գազպրոմի կադր լինելով, ներկայացնում է մերձպուտինյան էլիտան, այդ էլիտայի չինովնիկներից է, ու կարծում եմ որոշվել է ռուսական ներկայությունը Հայաստանում ապահովելու, միաժամանակ այդ ներկայությունը արկածախնդիր ռուսական սուբյեկտների հետ չասոցացնելու և ՀՀ իշխանություններին երաշխիքներ տալու համար ընտրել հենց Կարապետյանին:

Վերադառնալով հարցին՝ կարծում եմ երկրում տեղի ունեցող իրադարձություններն իրենց հետքը թողնում են ներիշխանական փոփոխությունների վրա, բայց հաշվի առնելով հայաստանյան քաղաքականության կուլիսային բնույթը՝ ավելի շատ հակված եմ մտածել, որ այդ փոփոխությունները տեղի են ունենում իշխող վերնախավի, նրա ներքին ու արտաքին խմորումների արդյունքում:

Հովիկ Աբրահամյանը իր ելույթում նշեց, որ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ: Կարծում եք՝ նոր մոտեցումների ականատես կարո՞ղ ենք լինել:

Բազմիցս նշել եմ, որ նույնիսկ եթե իշխանության ներկայացուցիչներն իրենց խոստումներում անկեղծ են, բեկումնային փոփոխություններ գրանցելու մեծ ռեսուրս չունի Հայաստանը: Չկա ոչ համապատասխան իրավիճակ Հայաստանից դուրս, ոչ համապատասխան քաղաքական իրավիճակ ու կադրային ռեսուրս ներսում: Ղարաբաղյան խնդրի լուծումն, ինչպես տեսնում ենք, մտել է փակուղի: Նման իրավիճակում Հայաստանը ոչ միայն գրավիչ չէ արտաքին ներդրումների համար, նաև ստիպված է իր ռեսուրսների մի ահռելի մաս ուղղել անվտանգության ապահովմանը: Տարիներ շարունակ հասարակությունն իրեն օտարված է զգացել քաղաքական գործընթացներից, ընտրական գործընթացների արդյունքները ձևավորել են անվստահության ճգնաժամ ու փոփոխությունների պահանջարկ, որը հաճախ դառնում է ինքնանպատակ: Այս պահանջների առկայության դեպքում իշխող շրջանակը ներկայացնող անձանց վարքը, նրանց անունների հետ առնչվող կոռուպցիոն պատմությունները, ոչ արդյունավետ կառավարումը ստեղծել են մտայնություն, որ դրանց վերացման դեպքում Հայաստանը կարող է դառնալ Շվեյցարիա: Ու քանի որ այդ մտայնությունները չեն փարատվում, մենք չենք տեսնում թեկուզ սիմվոլիկ փոփոխություններ, մտայնություններն ավելի են սրվում, և մենք շեղվում ենք բուն խնդրից ու սկսում զբաղվել ինքնախաբեությամբ:

Ամենալավ ադմինիստրատիվ ռեսուրսի ապահովման դեպքում էլ այն իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը, թույլ չի տալու մեզ թռիչքային զարգացում ապրել: Այստեղ արդեն անկախ նրանից, թե տարբեր պաշտոններ ինչպիսի մարդիկ կզբաղեցնեն, մենք ունենալու ենք շատ գրավիչ խոստումներ և դրանց ձախողում, որովհետև այդ խոստումներն իրատեսական չեն: Կրկնում եմ, եթե նույնիսկ հավատանք այդ խոստումների անկեղծությանը: Այնպես որ, նոր մոտեցումները ավելի շատ կլինեն ոճային, տեխնիկական, բայց ոչ կոնցեպտուալ:

Կարեն Կարապետյանին  կարճ ժամանակ տեսել ենք քաղաքապետի պաշտոնում: Որքանո՞վ նա կարող է իրական փոփոխություններ անել։

Կարեն Կարապետյանը դասական քաղաքական կարիերիստ չէ, նա ավելի շատ մասնավոր ոլորտում հաջողած անձ է: Նրան վարչապետի պաշտոնում առաջարկելուց հետո խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ նրա ընտրությունը պայմանավորված է մասնավոր ոլորտում դրսևորած իր որակներով: Բարեկրթությունը, ինտելեկտը, հաջողակ կարիերան իհարկե դրական հատկանիշներ են, բայց արդյունավետ քաղաքական գործունեության համար բավարար չեն: Պարզ է, որ որևէ վարչապետ չի ունենալու այնպիսի հնարավորություններ, որպեսզի դիմի տնտեսության կառուցվածքային բեկումնային փոփոխությունների: Նման պայմաններում, ինչպես արդեն նշեցի, կառավարման տարբերություններն ավելի շատ լինելու են տեխնիկական և ոճային: Մանավանդ Հայաստանի պայմաններում, վարչապետերից ավելի շատ պահանջվում են «ձեռքով կառավարելու» որակներ: Երևանի քաղաքապետ եղած տարիներին Կարեն Կարապետյանը նման հատկանիշներ չդրսևորեց և բախվելով քրեա-օլիգարխիկ հատվածի որոշ ներկայացուցիչների շահերին, որոշեց հեռանալ մասնավոր ոլորտ: Նմանատիպ խոչընդոտները, որոնք կազմում են մեր ամենօրյա իրականության, ընդհանրապես քաղաքական կյանքի մի մասը, միշտ առկա են և չեն կարող անտեսվել: Այս իրավիճակում, եթե Երևանի քաղաքապետ աշխատած տարիներին խնդիրներ եղան Երևանում ազդեցիկ մի քանի սուբյեկտների հետ, ապա վարչապետի պաշտոնում այդ խնդիրները եռապատկվելու են, որովհետև երևանյան էլիտայից բացի կարիք է լինելու աշխատել նաև մարզային ֆեոդալների հետ: Միայն Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ կանաչ լույսը բավարար կլինի, թե ոչ, անհայտ է: Ժամանակին Տիգրան Սարգսյանն էլ ուներ այդ կանաչ լույսը, բայց կրկին շատ դժվար էր հաղորդակցվում վերոնշյալ սուբյեկտների հետ: