Տոնն ինքնագիտակցության լավ առիթ է

  • Հարցազրույց - 09 Սեպտեմբերի 2016, 23:24
Հարցազրույց ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանի հետ

- Պարոն Պասկևիչյան, Դուք բարձրաձայնում եք մի խնդիր, որը վերաբերվում է Անկախությանը և առաջարկում եք նշել 25 ամյակը: Ինչով է այս տոնը կարևոր Հայաստանի համար:

- Քսանհինգամյա տարեդարձն ու տոնը պարզապես առիթ են։ Ավելի շուտ ես խոսում եմ անկախությունը որպես կայուն արժեք գիտակցելու անհրաժեշտության մասին։ Իսկ արժեքը գիտակցելու համար տոնի նշումը (եւ ոչ միայն ու ոչ անպայման, ասենք՝ 25-ամյակի) շատ կարեւոր է։ Կարեւոր է հատկապես հիմա, երբ նիհիլիզմը, անկումային տրամադրությունները, անվստահությունը հասարակության մեջ գերիշխող են։ Իսկ համընդհանուր ընկճախտի (դեպրեսիա) պատճառն այն է, որ 1991-ին, գրեթե միահամուռ կողմ քվեարկելով անկախությանը, մենք այն չենք դարձրել իրավունք եւ պարտականություն։

Քսանհինգ տարի է անցել, դեռ զարմանում ու վրդովվում ենք, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, եւ մեր նվնվոցին ի պատասխան Մոսկվայից ծաղրական արտահայտություններ են լսվում։ Եթե մենք գիտակցած լինեինք մեր անկախությունը, գիտակցած կլինեինք նաեւ մեր առանձնությունը, մեր շահը ու կհասկանայինք, որ ուրիշներն էլ (լինեն դաշնակից կամ հակառակորդ) իրենց առանձնության մեջ են ապրում՝ սեփական շահով։ Տոնակատարությունը զգացմունքների, հույզերի բարձրակետն է, որից հետո միշտ գալիս է մտորելու, վերաիմաստավորելու պահը։

- Տեսնում եք վարչախմբի մեղավորությունը կարևոր տոներն անտեսելու գործում: Ինչ հետևանքներ այն ունի մեզ համար:

- Կարծում եմ՝ անարդար կլինի կարեւոր տոներն անտեսելու հարցում կառավարությանը մեղադրելը։ Կասեն՝ ամեն տարի էլ նշել ենք։ Կասեն՝ տոնական միջոցառումներ կազմակերպելու համար բյուջեից այսքան-այսքան գումար ենք հատկացրել։ Ինչպե՞ս են նշել, սա է հարցը։ Երբ անկախության տոնը նշում ես սովետական սցենարով ու ռեժիսուրայով, մարդիկ ավելի են հեռանում թե՛ տոնից, թե՛ անկախությունից։

- Ինչպես կրթել դաստիարակել ժողովրդի մեջ կարևորն ու երկրորդականը: Ինչպես սերմանել  արժեքներ:

- Երբ Ֆեյսբուքում սկսեցի 25-ամյակի, այսպես կոչված՝ արշավը, առաջին օրերին ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ինձ ուղարկեց ծավալուն մի փաթեթ՝ անկախության օրը նշելու հիմնավորված առաջարկներով։ Այդ փաթեթը նա մի քանի անգամ ներկայացրել է կառավարությանը՝ տարբեր նախարարությունների, բայց դրանք ոչ միայն չեն ընդունվել, այլեւ, ինչպես գրել էր տիկին Խառատյանը, ուշադրության չեն արժանացել անգամ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ իշխող-կառավարողները չեն ուզում բովանդակություն դնել տոնի մեջ։

Բովանդակություն դրեցիր, անկախությունը դառնում է իրականություն։ Դարձավ իրականություն, մեծանում են հասարակության պահանջները, հետեւաբար նաեւ իրենց՝ իշխող-կառավարողների պարտավորություններն ու պատասխանատվությունը։ Հիմա մի պահ պատկերացրեք՝ տաքսու շարքային վարորդը չի ասում. «Սրանց ձեռն ի՞նչ կա, սաղ Պուտինն ա որոշում»։ Անկախությունն իրավական ձեւակերպումից ոչ մի քայլ վեր չբարձրացնելով, իշխանություններն ապրում են Պուտինի տաքուկ ստվերում։ Իմ կարծիքով՝ առաջին հերթին կարեւոր է, որ տաքսու շարքային վարորդն այլ կերպ մտածի։

- Ի՞նչ եք կարծում, կհաջողվի ձեր նախաձեռնությունը մեծ թվով մարդկանց դուրս հանել փողոց անկախության տոնի առիթով:

- Ես կոչեր չեմ անում, խոսում եմ մարդկանց հետ, հայտնում իմ կարծիքը, դրա համար չեմ կարող պատասխանել հաջողել-չհաջողելու մասին տված ձեր հարցին։ Իհարկե, լավ կլիներ, որ մարդիկ տոնական տրամադրությամբ դուրս գային փողոց, իրենցով լցնեին մեր քաղաքներն ու գյուղերն ու տեսնեին, որ իրենք կան, որ իրենք նույնն են, ինչ 88-ին, ինչ 91-ի սեպտեմբերի 21-ին, երբ «այո» էին ասում անկախությանն ու ժողովրդավարությանը։