Գործում է չգրված կանոնը

    • Հարցազրույց - 09 Սեպտեմբերի 2016, 11:08
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը

Միքայել, ի՞նչ տեղի ունեցավ, ըստ Ձեզ, ինչո՞ւ հրաժարական տվեց վարչապետը, ի՞նչ գործոններով էր պայմանավորված:

Մինչև վերջերս իշխանության ներսում տարբեր խմբավորումների միջև որոշակի փոխհամաձայնություն կար, ավելի ճիշտ՝ հավասարակշռություն: Վերջին ամիսների ընթացքում, ապրիլյան և հուլիսյան դեպքերի հետևանքով, ինչպես նաև մոտեցող ընտրությունների հետ կապված այդ հավասարակշռությունը խախտվեց: Դրա հետևանք էր Հովիկ Աբրահամյանի հեռանալը: Իսկ թե կոնկրետ որ իշխանական թևի որ գործողությունների արդյունք էր դա, մենք չենք կարող հաստատապես իմանալ, քանի որ այդ գործընթացները փակ են: Ի վերջո, դա այնքան էլ կարևոր չէ. բավական է հասկանալ, որ իշխանական համակարգում առկա է որոշակի ճեղքվածք:

Հովիկ Աբրահամյանը իր ելույթում նշեց, որ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ: Կարծում եք՝ նոր մոտեցումների ականատես կարո՞ղ ենք լինել:

Սա ընդամենը հռետորաբանություն է, պետք չէ ինչ-որ լուրջ իմաստ որոնել այդ բառերում: Պարզ է, որ իշխանությունը պետք է խոսի նոր մոտեցումներից: Սակայն գոյություն ունեցող համակարգը չի փոխվելու, քանի դեռ տեղի չեն ունեցել շատ ավելի լուրջ զարգացումներ: Կարող են լինել ինչ-որ կոսմետիկ կամ տեխնիկական փոփոխություններ: Հնարավոր է նաև առանձին ազդեցիկ անձանց կամ կլանների միջև պայքար, և դրա արդյունքում ունեցվածքի և ազդեցության ոլորտների վերաբաշխում: Դրա արդյունքում բացառված չէ, որ տնտեսության այս կամ այն ոլորտում կտեսնենք որոշակի դրական, կամ, ընդհակառակը, բացասական զարգացումներ, սակայն համակարգային փոփոխություններ ես չեմ սպասում:

Նոր վարչապետը Կարեն Կարապետյանն է: Նրան կարճ ժամանակ տեսել ենք քաղաքապետի պաշտոնում: Դատելով նրա գործունեությունից՝ որքանո՞վ նա կկարողանա իր առջև դրված խնդիրը լուծել, արդյոք հանրությունը փոփոխությունների ականատես կլինի՞, խաղի նոր կանոններ հնարավո՞ր է լինեն:

Կարեն Կարապետյանի առավելությունն այս իրավիճակում այն է, որ նա համեմատաբար ընդունելի է իշխանության տարբեր թևերի համար, այսպես ասած, փոխզիջումային թեկնածու է: Նաև ընդունելի է Ռուսաստանի համար: Վերջապես, համեմատաբար ընդունելի է, կամ առնվազն ատելի չէ հանրության լայն շերտերի համար: Այնպես որ, վերնախավի տեսակետից նա իդեալական թեկնածու է: Իհարկե, սա չի նշանակում, որ Կարեն Կարապետյանն ինչ-որ համակարգային փոփոխություններ է ձեռնարկելու, ճիշտ հակառակը: Ճիշտ է, նա ունի այսպես ասած արդյունավետ մենեջերի համբավ, բայց դեռևս պետք է տեսնել, թե որքանով է այդ համբավը իրականության վրա հիմնված: Ի վերջո, մի բան է լինել արդյունավետ մենեջեր ռուսական ընկերությունում, մեկ այլ բան՝ լինել արդյունավետ որպես ՀՀ վարչապետ: Սակայն, մյուս կողմից, իշխանության հանդեպ սպասելիքներն այսօր այնքան ցածր են, որ անգամ ինչ-որ մինիմալ ադեկվատ քայլերը կարող են որոշակի դրական տպավորություն թողնել: Ամեն դեպքում, համակարգային փոփոխություններ, կրկնվեմ, սպասել պետք չէ:

Ի վերջո Հովիկ Աբրահամյանին Սերժ Սարգսյանը կնեղացնի՞, թե նա առանց պաշտոն չի մնա:

Ընդհանրապես մեր վերնախավում գործում է չգրված կանոն՝ վերնախավի անդամներին չեն նեղացնում, եթե, իհարկե նրանք խաղի կանոնները չեն խախտել: Այնպես որ, ամեն ինչ կախված է նրանից՝ Աբրահամյանը խաղի կանոնները խախտե՞լ է, թե՞ ոչ: Իմ տպավորությամբ՝ չի խախտել, կամ գոնե շատ կոպիտ չի խախտել: Եթե այդպես է, ուրեմն որոշ ժամանակ հետո նորից Աբրահամյանին կտեսնենք բարձր պաշտոններում, թեև երևի ոչ այսքան բարձր: Բայց, իհարկե, մենք շատ բանի մասին կարող ենք չիմանալ: Այնպես, որ մի քիչ սպասենք, և շուտով կիմանանք: