Վարչապետը նշանակվեց այն ժամանակ, երբ նա պետք էր Սերժ Սարգսյանին, որպես զիջում նրա խնամուն

    • Հարցազրույց - 08 Սեպտեմբերի 2016, 12:46
Մեր զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը

Պարոն Ենոքյան, վարչապետի ու կառավարության փոփոխության հարցը ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու համատեքստո՞ւմ է։

Տարբեր են մեկնաբանությունները,  կա մեկնաբանություն, որ իշխանությունը գիտակցել է երկրում ստեղծված ծանր իրավիճակը, փոփոխություններ անելու անհրաժեշտությունը, և դրա համար անհրաժեշտություն է առաջացել փոխել նախարարներին։ Մեկնաբանություն կա, որ Սերժ Սարգսյանը նախընտրական խնդիրներ է լուծում, և ըստ այդմ այն ուժերին, որոնք իրեն այլևս պետք չեն, փորձում է նրանցից ազատվել։ Եվ ընդհանրապես, մի քիչ «արյունաթողություն» է անում, որը կբարձրացնի իր վարկանիշը։ Բայց իհարկե ակնհայտ է, որ ներկա վարչապետը նշանակվեց այն ժամանակ, երբ նա պետք էր Սերժ Սարգսյանին, որպես զիջում նրա խնամուն։ Բայց այն բանից հետո, երբ այլևս ասպարեզից դուրս բերվեց Գագիկ Ծառուկյանը, երբ այլևս նրա հետ չկային մյուս ուժերը, այլևս անիմաստ էր Հովիկ Աբրահամյանին պահել այդ պաշտոնում։ Որովհետև ոչ մի լուրջ ոչ քաղաքական, ոչ տնտեսական հարց նա չլուծեց և չէր էլ կարող լուծել։

Իսկ Ձեր կարծիքով, ո՞րն է ամենահավանական տարբերակը։

Կարծում եմ՝ սրանցից յուրքանչյուրն էլ ունի ճշմարտության իր բաժինը։ Ամենակարևորն այն է, որ իսկապես ժամանակն էր այս կառավարությունը փոխելու։

Վարչապետի պաշտոնի համար շրջանառվում է Կարեն Կարապետյանի անունը, ով համարվում է Ռուսաստանի «դրածոն»։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ հենց նրա վրա է կանգ առնում իշխանությունը։

Ես մի փոքր դեմ եմ այն խոսակցություններին, թե իբր սրանով Սերժ Սարգսյանը փորձում է փոխել իր ռուսամետ կոստյումը։ Ոչ, նա մնալու է ռուսամետ տրամաբանության մեջ, նա դրանից չի կարող դուրս գալ, և բնականաբար, Կարեն Կարապետյանը ռուսական այդ ուղու դրածոն ու ներկայացուցիչն է։ Իսկ ով, եթե ոչ նա, կամ այսօր իշխանական շրջանակներում արդյոք կա մի քաղաքական գործիչ, որը կարող է չհամարվել ռուսամետ գործիչ։

Նկատի ունեմ այն, որ Կարեն Կարապետյանը աշխատել է մի ոլորտում՝ «Գազպրոմում», որն ուղղակիորեն ռուսական ենթակայության տակ է։

Խոսակցություն կա, որ անհրաժեշտ է վերանայել հարաբերությունները նույն «Գազպրոմի» հետ, էներգետիկ հարաբերությունները հարևանների հետ։ Ենթադրվում է, որ նա քաջահմուտ կլինի այդ հարցերում։ Խոսակցություններ կան նաև էներգետիկայի նախարարի փոփոխության մասին։ Պետք է սպասենք, տեսնենք ինչ փոփոխություններ են կատարվում, որովհետև վերջին շրջանում Սերժ Սարգսյանը մեծ թվով նախարարներ նշանակեց անմիջապես իր աշխատակազմից։ Պետք է տեսնել, թե արդյոք նա գոհ է նրանց աշխատանքից, որովհետև ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հասարակությունը գոհ չէ նրանց աշխատանքից։ Հասարակությունը գոհ չէ ոչ էներգետիկայի նորանշանակ նախարար Յոլյանի աշխատանքից, ով չկարողացավ այս ողջ ընթացքում մի փոքր գոնե Ռուսաստանի ազդեցության տակից դուրս գալ, էլէներգիայի սակագինը բարձրացավ, չկարողացավ օգտագործել բացվող Իրանի հնարավորությունները։ Հասարակությունը գոհ չէ նաև Պետեկամուտների կոմիտեի նոր պետ Հովհաննես Հովսեփյանի աշխատանքից, որովհետև այս ընթացքում հարկային եկամուտները չեն ավելացել, հարկային միջավայրը չի բարելավվել, ձեռնարկությունները, բիզնեսները գնալով փակվում են, գործազրկությունն ավելանում է։ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի աշխատանքն ընդհանրապես պարզ չէ՝ ինչ արդյունք տվեց։ Բացի այդ, մայիսին Հովիկ Աբրահամյանը կտրուկ հայտարարություններ արեց կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի մասին, հանձնարարականներ տվեց, բայց ոչ մի արդյունք չեղավ, ոչինչ չկատարվեց այս առումով։ «Սասնա ծռերի» դեպքը ցույց տվեց, որ Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ պետ Կուտոյանը ևս կոմպետենտ չի։ Հիմա պետք է սպասել, տեսնել, թե Սերժ Սարգսյանն ինչպես է գնահատում նրանց աշխատանքը։

Կարծում եք, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությանը կարող են հաջորդել ա՞յլ պաշտոնանկություններ։

Ենթադրում եմ՝ այո, որովհետև, ըստ էության, չի լինում վարչապետի հրաժարական, լինում է կառավարության հրաժարական։ Հիմա պետք է տեսնել, թե նոր կառավարությունն ումով են հավաքում։

Կարո՞ղ ենք արձանագրել, որ «Սասնա ծռերի» պահանջներից մեկը՝ կառավարության հրաժարականը, ըստ էության, կատարվում է։

Ոչ, որովհետև Հայաստանում գործադիր իշխանության ղեկավարը Սերժ Սարգսյանն է, և եթե խոսում ենք կառավարության հրաժարականի մասին, իհարկե, առաջին հերթին խոսքը գործադիր իշխանության հրաժարականի մասին է։