Շատ արագ ամեն ինչ պարզ կդառնա

    • Հարցազրույց - 08 Սեպտեմբերի 2016, 10:40
Մեր զրուցակիցն է հրապարակախոս, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը

Այսօր անցկացվելու է ՀՀԿ խորհրդի նիստ, որի ժամանակ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը կուսակիցներին հայտնելու է վարչապետի ու կառավարության հրաժարականի մասին: Այս փոփոխությունը, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված։

Եթե ֆորմալ դիտենք, ապա բոլոր պատճառները կային, որովհետև կառավարությունը, մասնավորապես վարչապետը խոստացել էր եվրասիական միության շրջանակներում ապահովել տնտեսական աճ և դրանից բխող սոցիալական իրավիճակի բարելավում: Բայց փաստերը ցույց տվեցին, որ, ընդհակառակը, գրանցվել է տնտեսական ցուցանիշների նվազում, և իհարկե այդ պարագայում յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրի կառավարություն պետք է հրաժարական տա, բայց դա առերևույթ պատճառն է։ Իսկ ներքին պատճառները երեք գործոնով են պայմանավորված. Վերջին՝ Սասնա ծռերի և գլոբալ տարածաշրջանային իրադարձությունների ֆոնին, կարծում եմ, անհրաժեշտ էր փոփոխություն կամ դրա իմիտացիա: Մենք դեռ չգիտենք՝ այդ փոփոխությունն իրական փոփոխություն է, թե մնացած բոլոր փոփոխությունների պես կսահմանափակվի միայն անձի փոփոխություններով, պետք էր մի բան ձեռնարկվեր, որպեսզի դժգոհության ալիքը փոխարինվի սպասման ալիքով, որովհետև մի որոշ ժամանակ բոլորը սպասելու են, թե ինչ է լինելու այդ փոփոխության արդյունքը։

Երկրորդ պատճառը՝ գուցե հաշվի առնելով, որ ենթադրվող վարչապետը խոշոր բիզնես կապեր ունի, երևի մտածում են, որ գուցե նա կկարողանա այդ կապերն օգտագործել պետության որոշակի հարցեր լուծելու համար, մասնավորապես ենթադրվում է, որ Գազպրոմի հետ կնճռոտ խնդիրներն ինչ-որ լուծում կգտնեն։

Իմ կարծիքով, այս բոլոր նշանակումները և բոլոր փոփոխություններն էլի իրականացվում են ռուսական համակարգի շրջանակներում, իսկ մենք դրա բոլոր պտուղները արդեն բազմիցս ճաշակել ենք տարբեր անձանցով, տարբեր կառավարություններով, և որևէ բան չի փոխվել։ Համենայն դեպս, եվրասիական միության տարածքն ինքնին տնտեսապես անկում ապրող տարածք է, և ես չեմ պատկերացնում՝ նոր վարչապետն ինչ տիտանական ջանքեր պետք է գործադրի, որ Հայաստանի համար ապահովի տնտեսական ստաբիլություն կամ առավել ևս տնտեսական աճ։

Այսինքն՝ հաջորդ վարչապե՞տն էլ է ձախողելու։

Կան օբյեկտիվ պատճառներ, որոնք անհաղթահարելի են։ Եվ այդ օբյեկտիվ պատճառների ֆոնին ինչ կտրուկ ծրագրեր պետք է աշխատեն, որ Հայաստանը կարողանա իր տնտեսական ստաբիլությունը ինչ-որ կերպ պաշտպանել և այս ճահճից դուրս գալ։ Բարդ է և խնդրահարույց։

Ըստ շրջանառվող լուրերի՝ վարչապետի հրաժարականին կհաջորդեն մի քանի նախարարների հրաժարականներ, մասնավորապես ԱԳ նախարարինը։ Սա կարո՞ղ է ինչ-որ բան փոխել։

ԱԳ նախարարի անձից կարելի է հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ է շարժվելու Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը, որովհետև մենք գիտենք, որ ցավոք, ոչ այնքան քաղաքական ծարգրերն են դոմինանտ, որքան այն անձերը, ովքեր առաջ են մղում այդ քաղաքական տեսլականները։ Եվ կարելի է գլխի ընկնել վարչապետի առաջին իսկ ելույթից, թե որոնք են այն թիրախները, որոնց վրա կենտրոնանալու է վարչապետը։ Թեև չի բացառվում, որ այս ամենը թատերական ներկայացում է։

Արդեն իսկ խոսվում է այն մասին, որ Հովիկ Աբրահամյանին այս պաշտոնից հեռացնելուց հետո իրենց համար շատ ավելի կարևոր՝ ընտրական շտաբի պետի աշխատանքը կվստահեն։

Եթե նրանք մտածում են, որ այս պաշտոնն է կարևոր, դրանով նսեմացնում են պետության դերը։ Եվ ինչ ընտրություններ էլ լինեն երկրում, պետության համար, անկախ նրանից, թե ով է վարչապետը, վաչապետի պաշտոնը և նրա վարած քաղաքականությունը շատ ավելի կարևոր են, քան ընտրական գործընթացը։ Ի վերջո, ընտրական գործընթացն ընդամենը ընտրական գործընթաց է։

Այսինքն՝ կլինեն կոսմետի՞կ փոփոխություններ։

Դա կերևա ելույթից և փոփոխվող կառավարության անձնական դիմագիծը ճշտելուց հետո։ Հույս ունենանք, որ շատ արագ ամեն ինչ պարզ կդառնա։