Իշխանությունը ոչ թե վախեցած է, այլ պետք է տա համարժեք գնահատականներ

    • Հարցազրույց - 07 Սեպտեմբերի 2016, 11:41
Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը

Պարոն Մելիքյան, ՀՀԿ-ն կադրային խնդի՞ր ունի, որ Գյումրիում նախկին ԲՀԿ-ական, ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանին առաջադրեց։

Կուսակցական պատկանելությունը այստեղ որևէ էական ազդեցություն չի կարող ունենալ։ Մենք ամեն տեղ էլ թեկնածուներ ունենք՝ լավն  էլ, վատն էլ, ամենալավն էլ, միջինն էլ։ Մենք բոլոր բնագավառներում էլ ունենք թեկնածուներ։ Հիմա նախընտրել ենք այս թեկնածուին։ Ժողովուրդը թող ընտրի նրան, ում նախընտրում է։ Կուսակցական պատկանելությունն այստեղ որևէ ազդեցություն չի կարող ունենալ։

Պարոն Մելիքյան, ասում են՝ իշխանությունը վախեցած է հուլիսյան դեպքերից, որ այդ գործողություններին կարող են հաջորդել այլ գործողություններ։

Կարծում եմ՝ իշխանությունը ոչ թե վախեցած է, այլ պետք է տա համարժեք գնահատականներ, վերլուծություններ և կատարի համարժեք գործողություններ։

Համարժեք գործողություններ կադրային փոփոխության տեսքո՞վ։

Ամեն տեսքով, ոչ միայն կադրային։

Ի՞նչ ցույց տվեցին, ինչ ապացուցեցին այդ գործողությունները, երբ հանրությունը աջակցեց զենքի դիմողներին։

Ապացուցեցին, որ կան խնդիրներ, որոնց վրա պետք է հրատապ ուշադրություն դարձնել և այդ խնդիրներն արագացված տեմպերով լուծել։

Իսկ ինչո՞ւ էին այդ խնդիրները տարիներ շարունակ անտեսված։

Որևէ մեկն այդ խնդիրները չի անտեսել, որևէ մեկը տարիներ շարունակ նման խնդիրները չի բացառել։ Խնդիրները եղել են, դրանք լուծվում են և կլուծվեն։ Չեմ կարծում, որ այն, ինչ այդ զինված խումբն իրականացրեց ահաբեկչության տեսքով, խնդիրները լուծելու ճիշտ ճանապարհն էր։ Այն խնդիրները, որոնք բարձրացվում են, այդ խնդիրների շուրջ ավելի շատ պիտի համախմբվեինք, քան ինչ-որ մի խումբ զենքի ուժով փորձեր այդ խնդիրների լուծումը պարտադրել։

Տարիներ շարունակ հասարակությունը տեսել է, որ ընտրական գործընթացներով իրավիճակ չի փոխվում, նոր մեխանիզմներ առաջ չեն գալիս։

Իշխանությունը միշտ էլ նոր մեխանիզմների դիմել է, ընտրական գործընթացներում միշտ էլ կան փոփոխություններ։

Այսինքն՝ ընտրությունները միշտ անցել են օրենքի տառին համապատասխա՞ն։ Իշխանությունն ա՞յլ Հայաստանում է ապրում։

Իշխանությունն ապրում է նույն Հայաստանում, որտեղ հանրությունն է ապրում, բայց չի կարելի հանրության անունից անհիմն հայտարարություններով հանդես գալ։ Հանրությունն այն կարծիքին չէ, ինչպես դուք հարցնում եք։ Հանրությունը շատ լավ տիրապետում է իրավիճակին, իրավիճակը ճիշտ է գնահատում, մեր ժողովուրդը բավական բարձր գիտակցություն ունի, և երբևէ չմտածեք, որ որոշ արկածախնդիրների հետևից կարող է գնալ և կգնա։ Ես տեսնում եմ, որ չի գնում։

Այսօր օրակարգ է բերվել Հայաստանի ապագաղութացման հարցը։

Հայաստանը երբեք գաղութացված վիճակում չի եղել, որ նման պահանջներով հանդես են գալիս։