Ստեփան Գրիգորյանը Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացնում, որ «պերսոնա նոն գրատա» ճանաչեն

    • Հարցազրույց - 07 Սեպտեմբերի 2016, 10:14
Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը

Որպես իշխանության ներկայացուցիչ՝ պատասխանատվություն զգո՞ւմ եք Հայաստանի այսօրվա վիճակի համար, ձեր մեղքի բաժինը ունե՞ք, որ ժողովուրդն ապստամբում է։

Բոլորս ունենք մեր պատասխանատվության բաժինը։ Ժողովուրդը չի ապստամբում, մի խումբ է ապստամբել։ Ես ի սկզբանե ասել եմ, որ չեմ ընդունում իշխանափոխությունը զինված ապստամբության միջոցով։

Դուք բավական կոշտ դիրքորոշում ունեիք ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանի վարած քաղաքականության նկատմամբ։ Հիմա քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին Ռուսաստանը մինչև 2030 թվականն արգելել է մուտք գործել ՌԴ տարածք։ Միջազգային պրակտիկայում գոյություն ունի փոխադարձության սկզբունքը, չե՞ք կարծում, որ այս քայլից  հետո Հայաստանում ևս պիտի գործեր այդ ինստիտուտը, օրինակ Ժիրինովսկու և մյուսների նկատմամբ, որոնք հակահայկական դիրքորոշումներով են հանդես գալիս, նրանց նկատմամբ արգելքներ պիտի՞ կիրառվեն։

Ինձ համար շատ զարմանալի էր Ստեփան Գրիգորյանի նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների այդ վերաբերմունքը։ Ես մինչև այդ օրը գիտեի՝ նա ռուսամետ մարդ է, ռուսական կրթություն ունի։ Նա շատ հավասարակշռված, գրագետ քաղաքագետ է, միշտ տեսել եմ հեռուստատեսությամբ։ Ինձ համար շատ զարմանալի է, քանի որ ոչ մի հակառուսական ելույթ նրա կողմից չեմ տեսել։

Բայց նա իր ելույթներում, հարցազրույցներում ԵՏՄ-ին էր դեմ արտահայտվում։

Գիտեք ինչ կա, ԵՏՄ-ին բոլորն են դեմ արտահայտվում կամ շատերը։ Ես ԵՏՄ-ին կողմ եմ քվեարկել, բայց շատերն են դեմ։ Հիմա ի՞նչ, ով գնա Ռուսաստան, պետք է հետ տա՞ն։ Չկա մի երկիր, որ ասենք մտնի որևէ բլոկի մեջ, և բոլորը միանգամից ձեռքները բարձրացնեն։

Այսինքն՝ դատապարտո՞ւմ եք Ստեփան Գրիգորյանի հետ տեղի ունեցածը։

Ես դատապարտելու իրավունք չունեմ, բայց ինձ համար գոնե զարմանալի է կատարվածը, և կարծում եմ՝ Ստեփան Գրիգորյանը Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացնում, որ «պերսոնա նոն գրատա» ճանաչեն։

Ձեր կարծիքով, պետք է Ռուսաստանի որոշ գործիչների նկատմամբ նման արգելքներ կիրառել։

Նրանք, որոնք Հայաստանի անվտանգության համար վտանգ են ներկայացնում, իհարկե, մենք էլ պետք է այդպես անենք։ Եթե ասենք Ռուսաստանում թուրքական հատուկ ծառայության հետ համագործակցում է մի ռուս քաղաքացի, մենք հո ձեռքներս ծալած չենք նստելո՞ւ։ Բայց ես չեմ կարծում, որ Ստեփան Գրիգորյանը ռուսների համար ինչ-որ մի վտանգ է ներկայացնում։