Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի անփոխարինելի առաջնորդն է. Ում դուրը չի գա՝ թող գնա կուսակցություն բացի

    • Հարցազրույց - 08 Դեկտեմբերի 2017, 10:50
Մեր զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

Կարեն Կարապետյանն ԱԺ-ում հայտարարեց, որ մեկ տարի առաջ նշել էր, որ տնտեսության վիճակը ծանր է, իսկ հիմա կառավարելի է։ Դուք համամի՞տ եք այս գնահատականների հետ, և այդ 7,1 տոկոս տնտեսական աճը և մյուս տնտեսական ցուցանիշները, որի մասին խոսում են, իմիտացիոն չե՞ն՝ հաշվի առնելով այն, որ  քաղաքացու կյանքի կենսամակարդակն ու որակն այդպես էլ չեն փոխվում։

Այո, կառավարության կողմից ներկայացված բյուջեն իրատեսական է, տնտեսությունը կայունացման միտումներ ունի։ Ես կոչ եմ արել կողմ քվեարկել բյուջեին՝ հաշվի առնելով երկու հանգամանք։ Նախ՝ Հայաստանի կառավարությունը այս բյուջեով դնում է 4,5-5 տոկոս տնտեսական աճ, որն այս փուլում լավագույնն է ԵՏՄ երկրներում։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ համեմատած մեր աճի միտումները շատ ավելի դրական են, էլ չեմ ասում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի մասին։ Մենք պետք է գնահատականներ տանք աշխարհատնտեսական իրողություններից ելնելով։ Եթե տարածաշրջանում չկա մի երկիր, որն ավելի մեծ տնտեսական աճ է ապահովում, քան Հայաստանը, և ասել, որ կառավարությունը վատ է աշխատում, արդարացի չէ։ Այլ բան է՝ մենք ունե՞նք ավելի լավ աշխատելու տեղ, իհարկե ունենք, մեր ցանկություններն ավելի մեծ են։

Երկրորդ, այս բյուջեն մեծ հնարավորություններ է տալիս անվտանգության առումով, անվտանգությանն ուղղված ծախսերը բավական ավելացել են բյուջեի նախագծում։ Սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ մարտահրավերներով լի մեր տարածաշրջանում թիվ մեկ մարտահրավերն անվտանգության ապահովումն է։ Այդ առումով ես Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը գնահատել եմ հուսադրող, դրական դինամիկա պարունակող և նշել եմ, որ դա միայն Կարեն Կարապետյանի կառավարությունը չէ, այն ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միացյալ կառավարությունն է։  Մենք այսօր ապրում ենք գլոբալացված աշխարհում, և արդարացի չէ, երբ քննադատները փորձում են Հայաստանը մեկուսացնել, կղզյակ դարձնել և քննադատել։ Հայաստանում ինչ որ կա, դրսից եկող ազդեցությունը շատ մեծ է։ Այս իրողություններից ելնելով՝ 2018 թվականի բյուջեի նախագիծը իրատեսական է և այն իրականացնելու դեպքում լավ հիմքեր են առաջանալու, որպեսզի 2018-ից հետո կարողանանք երկարաժամկետ հեռանկարում ապահովել հետևողական տնտեսական աճ։ Իսկ որպեսզի մեր հասարակությունն իր վրա զգա դրական փոփոխությունները, միգուցե երկնիշ տնտեսական աճ է անհրաժեշտ ամեն տարի։ Իսկ դա երկնքից չի կարող գալ, մենք աստիճանաբար պետք է գնանք դրան։

Նախկին կառավարությունից էլ ՀՀԿ-ն գոհ էր, բայց ասում էր, որ տեմպերը չեն բավարարում։

Գոհ և դժգոհ լինելը քաղաքական կատեգորիաներ չեն։ Նախկին կառավարության վերաբերյալ և նախկին վարչապետը, և կուսակցությունը, և կուսակցության նախագահը գնահատականներ տվել են։  Յուրաքանչյուր կառավարության գործունեություն պետք է նայել իր ժամանակին եղած մարտահրավերները դիմակայելու մեջ, կոնտեքստից չպետք է հանել։ Ես կարծում եմ, որ մեր առաջին կառավարությունից՝ Վազգեն Մանուկյանից մինչև Կարեն Կարապետյան բոլոր կառավարությունները հնարավոր ամեն ինչ արել են, որ Հայաստանում քարը քարի վրա դրվի։ Մեկի մոտ դա լավ է ստացվել, մյուսն ավելի դժվար պայմաններում է աշխատել, բայց ես կարծում եմ, որ բոլոր կառավարությունների նպատակն է եղել քայլ առ քայլ Հայաստանը հզորացնել։ Ու եթե մենք մի պահ հետ նայենք ու տեսնենք, թե որքան ենք մենք առաջ գնացել, կարծում եմ, ակնհայտ է դա։ Երեխան էլ, երբ ծնողի աչքի առջև մեծանում է, ծնողը չի տեսնում, որ երեխան մեծացավ, փարթամացավ, ուժեղացավ, ավելի խելացի դարձավ, որովհետև նա ամեն օր քո աչքի առաջ է։ Նույնն էլ մեր պետությունն է, մենք չենք նկատում փոփոխությունը։ Բայց մարդիկ, որոնք գնում են, հետո գալիս են՝ տեսնում են, թե ինչքան է փոխվել Երևանը։

Նույնը վերաբերում է նաև պետական համակարգին, խոսքի ազատությանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ Երեք տարի առաջ կերազեինք, որ և ԵՏՄ-ի անդամ լինենք, և ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքենք։ Այսօր երբ դա լինում է, դրական էմոցիաները մեկ օր են տևում, հաջորդ օրը դա ընդունում են որպես իրողություն ու ասում՝ էդ ի՞նչ մի մեծ բան է որ։ ՀԱՊԿ-ն արդեն երկու անգամ՝ և Երևանում, և Մինսկում հայտարարություն է ընդունում, որը բխում է Հայաստանի և Արցախի շահերից։ Երբ չի լինում, ասում են՝ վայ, ինչի՞ է ՀԱՊԿ-ն լռում, ինչի՞ հայտարարություն չի անում, իսկ երբ լինում է, Շարմազանովն էլ հայտարարում է, որ դա Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հաջողությունն է, ասում են՝ էդ ի՞նչ մի մեծ բան է որ։ Բա եթե մեծ բան չէր, ինչո՞ւ էիք բողոքում, երբ վատ էր լինում։ Հիմա էլ ասում են 4,5 տոկոս տնտեսական աճն ի՞նչ մի մեծ բան է, բայց ամեն ինչ համեմատության մեջ պետք է նայել։ Այսօր մեր հարևան երկրներում տնտեսական աճը չունի նման միտումներ, Հայաստանն էլ պլանային փակ տնտեսություն չէ, բաց տնտեսություն է, որն իր վրա կրում է աշխարհի տնտեսական դինամիկայի և դրական, և բացասական տարրերը։

Հայաստանում կյանքի որակը չի փոխվել, թոշակն ու աշխատավարձը չեն բարձրանում, իսկ ապրանքները համատարած թանկանում են ու դեռ թանկանալու են։ Սրանք կարելի՞ է ձեռքբերում համարել։

Թոշակն ու աշխատավարձը չի բարձրացել, որովհետև դրա պատճառները կան, դրա փոխարեն անվտանգության համակարգում ավելի մեծ ձեռքբերումներ ունենք, որը շատ ավելի կարևոր է։ Եթե մենք 2018 թվականին ապահովենք այն տնտեսական ցուցանիշները, որոնք դրված են բյուջեում, 2019 թվականից կունենանք երկարաժամկետ տնտեսական աճ, կլինի և թոշակի բարձրացում, և աշխատավարձի։ Բայց եթե ես պետք է այսօր թոշակն ու աշխատավարձը բարձրացնեմ ու դրանով պետության տնտեսական աճը կանգնի, ավելի անկում գնա, դրա նպատակը ո՞րն է։ Եթե 6 ամիս հետո չկարողանամ այդ մարդկանց աշխատավարձը տամ, թղթի վրա գրված լինի, որ աշխատավարձը բարձր է, բայց չկարողանամ տալ աշխատավարձ, դա ո՞ւմ է պետք։ Ես կարծում եմ, որ այս տնտեսական պայմաններում 2018-ի բյուջեն բավական իրատեսական է։ Իհարկե, դա մեր երազանքների բյուջեն չէ, բայց քաղաքական գործիչը պետք է առաջնորդվի իրողություններից ելնելով։ Ընդդիմությունը քննադատում է, բայց որևէ այլընտրանքային նախագիծ, էլ չեմ ասում այլընտրանքային բյուջեի նախագիծ չենք տեսել։

Նախօրեին պարզ դարձավ, որ Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահական ընտրություններում։ Հայտարարում են, թե նրան խնդրել-աղաչել են, որ առաջադրվի։ Հիմա նույն սցենարի կրկնությունը հնարավո՞ր է Հայաստանում՝  խնդրեն, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ ու մնա իշխանության ղեկին։

Ոչ, նույն սցենարը հանարավոր չէ, որովհետև Ռուսսաստանը նախագահական երկիր է, իսկ Հայաստանը անցել է խորհրդարանական կառավարման։ Հայաստանում նախագահական ընտրություններ այլևս չեն լինելու։ Մեզ մոտ խորհրդարանական ընտրությունները եղել, ավարտվել են, որտեղ ՀՀԿ-ն հաջողության է հասել, ժողովուրդն իր վստահության մանդատը տվել է։ Զուգահեռներ անցկացնելը պուտինյան Ռուսաստանի, այդ երկրում սպասվող նախագահական ընտրությունների և ապրիլին Հայաստանում կառավարության փոփոխության միջև, կարծում եմ, առնվազն ճիշտ չէ, օբյեկտիվ չէ, որովհետև Ռուսաստանը գնում է համապետական ընտրությունների, իսկ մենք մեր համապետական ընտրությունները ավարտել ենք։ Անկախ նրանից, թե ինչ տեսք կունենա կառավարությունը, ովքեր կլինեն այդ կառավարության կազմում, պատասխանատու քաղաքական ուժը չի փոխվելու մինչև 2022 թվականը։ Քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում ՀՀԿ-ն է։

Նկատի ունեմ Սերժ Սարգսյանի՝ իշխանության ղեկին մնալու առումով ՀՀԿ-ն խնդրի նրան։

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի անփոխարինելի առաջնորդն է՝ անկախ նրանից, դա ում դուրը կգա, ում դուրը չի գա։ Ում դուրը չի գա, թող գնան իրենց համար կուսակցություն բացեն ու իրենց առաջնորդին երկրպագեն։ Մենք ունենք մեր կուսակցությունը, մեր կուսակցության համագումարի ներկայացուցիչները միաձայն ընտրել են կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին, և մեր կուսակցությունն ուրիշ առաջնորդ չունի, բացի Սերժ Սարգսյանից։ Սերժ Սարգսյանը և Շարմազանովի, և Կարեն Կարապետյանի, և Աշոտյանի, և Արա Բաբլոյանի, և Գալուստ Սահակյանի, և Արփինե Հովհաննիսյանի ու Հերմինե Նաղդալյանի, Գագիկ Բեգլարյանի ու Տարոն Մարգարյանի քաղաքական թիմի առաջնորդն է։ Թե որ դիրքում, որ դերում մենք կտեսնենք պարոն նախագահին, թե պարոն նախագահն իրեն կտեսնի, ժամանակը կգա, կքննարկենք։ Բայց այն, որ նա մեր քաղաքական թիմի առաջնորդն է, դա անբեկանելի ճշմարտություն է։

Ամենաընթերցվածը