«ԱրմենՏել»-ը շարունակում է ընդլայնել բջջային ցանցը սահմանամերձ գյուղերում

  • Բիզնես - 08 Օգոստոսի 2013, 13:27
8 օգոստոսի, Երևան 2013թ. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է բջջային ցանցի ընդլայման մասին հեռավոր սահմանամերձ գյուղերում: 2013 թ օգոստոս ամսվա սկզբին ընկերությունն ընդլայնել է բջջային ցանցը Սյունիքի մարզի արևելյան սահմանի տարածքում` ապահովելով  Խնածախ և Վաղատուր գյուղերի բնակիչներին բջջային կապով և շարժական ինտերնետով: Ցանցի ընդլայմանն ուղղված աշխատանքների արդյունքում ծածկույթն ավելացել է 22 քմ. կիլոմետրով, իսկ բջջային կապի ծառայություններից և  3G ինտերնետից այսուհետ կարող են օգտվել ավելի քան 1500 բնակիչ:

«Համաձայն 2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքների «ԱրմենՏել» ընկերությունը դարձավ առաջատար լայնաշերտ ինտերնետի բաժանորդային բազայի աճով: Նման արդյունքներին հասնել հնարավոր է միայն շարունական ներդրումների շնորհիվ, որն իրականացվում է ոչ միայն մայրաքաղաքում, այլ Հայաստանի տարբեր շրջաններում: Նոր որդեգրած կորպորատիվ քաղաքականության շրջանակում մենք ոչ միայն կարևորում ենք սոցիալական բաղադրիչի ներառումը սակագնային քաղաքականության մեջ, այլ  մեծ ուշադրություն ենք դարձնում ցանցի ընդլայնմանը և որակյալ կապի տրամադրմանը անգամ երկրի ամենահեռավոր շրջաններում», - նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունն իրականացնում է նաև աշխատանքներ ուղղված ֆիքսված ենթակառուցվածքների արդիականացմանը,  ինչը մոտ ապագայում, հնարավորություն կտա վերը նշված գյուղերի բնակիչներին օգտվել նաև Hi-Line լայնաշերտ ինտերնետի ծառայություններից: 

Ամենաընթերցվածը