Ծիրանի մթերման գործում խառնաշփոթ է

  • Բիզնես - 24 Հունիսի 2013, 14:22
Ծիրանի մթերման սեզոնին, ինչպես և սպասվում էր, գյուղացիները դժգոհ են մթերման գներից: Արարատի ու Արմավիրի մարզերում վերջին օրերին գյուղացիները դժգոհում են, որ մթերող կազմակերպություններն աշխատում են հնարավորինս էժան գներով մթերել ծիրանը, արհեստականորեն իջեցնում են ապրանքի գինը: Օրեցօր մթերման գները նվազում են, այսօր Արմավիրի մարզում գյուղացիները փակել են Արմավիրի ճանապարհը` դժգոհելով, որ մթերողները ցանկանում են ծիրանը 50 դրամով գնել:

Արարատի մարզի գյուղացիներից էլ ստացված տեղեկատվության համաձայն` մթերող ընկերություններն ասել են, որ մեկ կիլոգրամ լավորակ ծիրանի դիմաց 70-80 դրամ են վճարելու մարդկանց:

Գյուղացիների դժգոհությունը բնական է, քանի որ դեռևս մթերման սեզոնը չմեկնարկած գյուղատնտեսության նախարարն ու նրա ենթակաները մեծ-մեծ խոստումներ էին տալիս մարդկանց, թե չմթերված բերք չի մնա, ծիրանն էլ կմթերվի կիլոգրամը 400-500 դրամով:

Մի կողմից, գյուղնախարարության պաշտոնյաները հայտարարում էին, թե չեն կարող մասնավոր գործարաններին գին թելադրել ու մթերվող բերքի քանակություն սահմանել, մյուս կողմից էլ վերոնշյալ խոստումներն էին հնչեցնում:

Չնայած Արմավիրի մարզի մի շարք համայնքներում կարկուտի հասցրած վնասին, այս տարի մարզում ծիրանի առատ բերք է ստացվել, հետևաբար գները նվազել են: Բացի այդ, Արմավիրի գյուղացիները դժգոհում են, որ էժան մթերելուց բացի, գործարաններն իրազեկել են, թե ի վիճակի չեն մթերելու ամբողջ բերքը:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը Lragir.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ 50 դրամով վերամշակող կազմակերպությունները մթերում են Արմավիրի կարկտահարված բերքը, որն անգամ տեղական շուկայում չի իրացվի: «Էդ բերքը շուկայում վաճառքի ենթակա չէ, արտահանման ենթակա չէ: Մթերողները հիմա վատ որակի ծիրան են մթերում: Մենք խնդրել ենք, որ վերամշակողները կարկտահարության բերքը մթերեն, որակով բերքն ավելի բարձր գնով ատահանում են»,- ասաց Ռոբերտ Մակարյանը:

Նա նշեց, որ արտահանվող ծիրանի գներն ամեն օր փոփոխվում են, հիմա 300-500 դրամ է, «բայց բերքը հասնում է, ծավալը ավելանում է, պետությունը չի կարող գին ֆիքսել, շուկան է թելադրում գները: Նա նաև հավատացրեց, որ արտահանող կազմակերպություններն այս օրերին Արմավիր մարզից ծիրան են գնում ու արտահանում: «Հիմա Սպայկայի ներկայացուցիչը մեզ հետ գալիս է մարզ, իրենք այնտեղից գնում են ծիրան, տեսնենք ինչ խնդիր կա»,- ընդգծեց նա:

Արմավիրի Մարզի Մյասնիկյանի գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանը, սակայն, հակառակն է պնդում: Lragir.am-ին գյուղապետը տեղեկացրեց, որ առավոտվանից իրենց գյուղացիներն էլ են միացել բողոքի ակցիային, քանի որ տարածքում ծիրան մթերող «Նոյան» ընկերությունը լավորակ ծիրանը մթերում է 50 դրամով: «Մեր մոտ կարկուտ չի եկել, նոմալ ծիրանն են մթերում 50 դրամով, հերթն էլ շատ է, չեն ընդունում բերքը, թե ինչ պետք է լինի, չգիտենք: Բերքն էլ այս տարի երեք անգամ ավելի է»,- ասաց գյուղապետը:

Նա նաև նշեց, որ արտահանող ընկերություններն ընդամենը երկու օր են եկել տարածքի գյուղեր. «Երկու օրից իրանց լիմիտը լրացավ, երրորդ օրն էլ չեկան»:

Անդրանիկ Պետրոսյանը նաև ասաց, որ իրենց գյուղից արտահանողները ծիրանը գնել են 200-300 դրամով:

Ամենաընթերցվածը