WEF. Մրցունակությամբ Հայաստանն 82-րդն է

  • Բիզնես - 05 Սեպտեմբերի 2012, 11:51

Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները ներկայացրել են «Համաշխարհային մրցունակություն 2012-2013» զեկույցը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանն առաջընթաց է արձանագրել 10 տեղով:

Հետխորհրդային երկրներից (չհաշված Մերձբալթյան պետությունները) լավագույն ցուցանիշն ունի Ադրբեջանը՝ 46-րդ, որին հաջորդում է Ղազախստանը՝ 51-րդ: Ռուսաստանը 67-րդն է: Վրաստանը զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը:

Վարկանիշի հիմքում ընկած է 144 պետությունների ավելի քան 14 հազար ընկերությունների ղեկավարների շրջանում անցկացված հարցումների արդյունքները: Այսինքն, յուրաքանչյուր պետությունում հարցվել է 100 գործարար: Վարկանիշը կազմելիս հաշվի է առնվել 113 ցուցանիշ, որոնք ազդում են բիզնես-կլիմայի վրա:

Պետական ինստիտուտների գործունեության առումով Հայաստանը 76-րդն է, ենթակառուցվածքների՝ 70-րդ, մակրոտնտեսական միջավայրի՝ 83-րդ, առողջապահության եւ միջնակարգ կրթությամբ 80-րդը, բարձրագույն կրթության որակով՝ 70-րդը, ապրանքների շուկայի արդյունավետությամբ՝ 72-րդը, աշխատուժի շուկայի արդյունավետությամբ՝ 30-րդը, ֆինանսական շուկայի զարգացվածությամբ՝ 78-րդը, տեխնոլոգիական պատրաստվածությամբ՝ 92-րդը, շուկայի ծավալով՝ 115-րդը, նորարարություններով՝ 98-րդը:

Հայաստանն Ադրբեջանին գերազանցում է առողջապահության եւ միջնակարգ կրթության որակով՝ 27 տեղով, բարձրագույն կրթության որակով, ֆինանսական շուկայի զարգացվածությամբ: Վրաստանին Հայաստանը գերազանցում է մակրոտնտեսական միջավայրի որակով, բարձրագույն կրթության որակով, ապրանքային շուկայի եւ աշխատուժի արդյունավետությամբ, ֆինանսական շուկայի զարգացվածությամբ: Վերոնշյալ մյուս բոլոր ցուցանիշներով Հայաստանը զիջում է Հարավային Կովկասի մյուս 2 պետություններին: Հայաստանն իր հարեւաններից հետ է մնում հատկապես ենթակառուցվածքների զարգացվածության եւ տեխնոլոգիական պատրաստվածության առումով:

Վարկանիշում Շվեյցարիան պահպանել է առաջին տեղը: Զեկույցում նշված է, որ Շվեյցարիան 4-րդ տարին անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում վարկանիշում նորարարությունների եւ արդյունավետ աշխատաշուկայի շնորհիվ: Որպես առավելություն՝ նշվում է, որ արդյունավետ են աշխատում պետական ինստիտուտները, որոնք ամենաթափանցիկներից են աշխարհում: Շվեյցարիայի մրցունակությունը պայմանավորված է նաեւ զարգացած ենթակառուցվածքներով եւ ֆինանսական շուկաներով, իսկ շվեյցարական մակրոտնտեսական միջավայրն ամենակայուններից մեկն է աշխարհում:

2-րդ եւ 3-ր հորիզոնականները զբաղեցրել են Սինգապուրը եւ Ֆինլանդիան: 4-րդ տեղը բաժին է ընկել Շվեդիային: 5-րդը Հոլանդիան է, 6-րդը՝ Գերմանիան: Տասնյակը եզրափակում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Հոնգ Կոնգը եւ Ճապոնիան:

Ամենաընթերցվածը