Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ պայմանագիր են կնքել մայրաքաղաքի մետրոյի վերակառուցման և վերազինման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար 5 մլն եվրո տրամադրելու վերաբերյալ:
Բացի ՎԶԵԲ-ի 5 մլն եվրո վարկից, ծրագիրը կհամաֆինանսավորվի նաև Եվրոպական ներդրումային բանկի կողմից 5 մլն եվրո և նույն չափ գումարով Եվրոպական միության կողմից ներդրումային դրամաշնորհով:
Պայմանագրի ստորագրումը նախատեսում է մետրոյի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը: Ծրագրի առաջին փուլը եվս ֆինանսավորվել է ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի և ԵՄ-ի կողմից ընդհանուր 15 մլն եվրոյի չափով 2010 թ-ին` մետրոյի կայունությունը, էներգաարդյունավետությունը և անվտանգությունը բարելավելու նպատակով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է , որ ՎԶԵԲ-ը վստահելի և լուրջ գործընկեր է Երևանի քաղաքապետարանի համար և համոզմունք է հայտնել, որ երկուստեք ծրագրերը կշարունակվեն առաջիկայում ևս ու կընդգրկեն քաղաքային տնտեսության այլ ոլորտներ: Անդրադառնալով մետրոյի վերականգնման ծրագրին քաղաքապետը նշել է. “Մետրոն մայրաքաղաքի կարևոր տրանսպորտային միջոցներից մեկն է և Երևանի մետրոպոլիտենը գտնվում է քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում: Մենք շատ ենք կարևորում այս ծրագրի իրականացումը, որով առաջին հերթին մեր բնակիչների անվտանգության խնդիրներն ենք լուծում”:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ իր հերթին նշել է, որ այս փուլի ստորագրմամբ ըստ էության կամբողջանա Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագիրը. “ՀՀ կառավարությունն իր հերթին մշտապես ուշադրության կենտրոնում պահելով Երևանի ենթակառուցվածքների զարգացումը, փորձում է վարկային միջոցներ ներգրավել այդ ուղղությամբ”,նշել է ՀՀ ֆինանսների նախարարը:
Ծրագրի երկրորդ փուլի հիմնական շեշտը կդրվի մետրոյի թունելներում ջրահեռացման խնդրի լուծման վրա, միաժամանակ ապահովելով էլեկտրաէներգիայի էական խնայողություն: Ծրագրի կարևոր բաղադրիչ է նաև շարժակազմերի արդիականացումը:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար պատրաստակամություն և ցանկություն է հայտնել շարունակելու Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև իրականացվող ծրագրերը քաղաքային տնտեսության այլ ոլորտներում:
Տեղեկությունը տրամադրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
