Դեպի ծայրահեղ աջ

  • Բիզնես - 10 Հուլիսի 2012, 17:48

Կայացած երկրներում պետության տնտեսական քաղաքականության մասին քննարկումներն ունեն երկու տեսակետ:

Մի կողմը համոզված է, որ պետության միջամտությունը պետք է նվազագույնը լինի: Հարկերը պետք է ցածր լինեն, արդյունքում բիզնեսը կծաղկի: Աշխատասերները կաշխատեն և լավ կապրեն: Մյուսների համար էլ ուժեղանալու լրացուցիչ խթան կառաջանա: Սրանց անվանում են աջ ուժեր: Գործարարները, որպես կանոն, սատարում են աջ ուժերին:

Մյուս կողմը, որ կոչվում են ձախեր, կողմ են հարկերն ու պետության միջամտությունն ավելացնելուն: Նրանք կարծում են, որ պետությունը հավաքված լրացուցիչ միջոցները պետք է ուղղի ինչ-ինչ տնտեսական և սոցիալական ծրագրերի:

Այս երկրորդ մոտեցման կողմնակիցներն են նաև չինովնիկները և կառավարական զանազան կառույցները (բյուրոկրատիան): Նրանք փաստարկներ են բերում, որ իրենց միջամտության շնորհիվ տնտեսությունը «ավելի լավ» կզարգանա, սակայն իրական շարժառիթները բնականաբար բոլորովին այլ են: Նրանք պարզապես ցանկանում են, առանց ռիսկերի և պատասխանատվության, տնօրինել ուրիշների վաստակածը:

Հայաստանում չկան աջ և ձախ քաղաքական ուժեր, որ տանեն այս բանավեճը: Դրանց բացակայության պարագայում այս վեճն ընթանում է գործարարների և բյուրոկրատների միջև:

Մի քանի մեջբերում անեմ արդեն տասը տարի ընթացող այդ քննարկումներից: Մեջբերումները առնչվում են Տեղեկատվական Տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորին, զուտ այն պատճառով, որ ես ավելի ծանոթ եմ այդ ոլորտին:

13.04.2002թ. Դելովոյ Էքսպրեսս. «Ի դեպ, Տեղեկատվական Տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը նորմալ զարգանում էր, քանի դեռ կառավարությունը այն չէր հայտարարել գերակա ուղղություն: Այն բանից հետո, երբ այդ ոլորտը զարգացնելու կոչված մի քանի պետական մարմիններ ստեղծվեցին, այդ շուկայի մասնակիցների խնդիրները միայն շատացան»:

15-21.07.2004թ. Դելովոյ Էքսպրեսս. «Ինչու՞ Կառավարությունը որոշեց, որ ինքը կարող է զարգացնել ՏՏ ոլորտը: Որտե՞ղ և ե՞րբ են մասնագիտացել այդ մարմիններում աշխատող մարդիկ: Այդ մարմիններում չկա գեթ մի մարդ, որը գոնե մի բան հասկանա ՏՏ ոլորտում կամ բիզնեսում: Այդ մարդիկ բացարձակ ոչ կոմպետենտ են: Իսկ եթե կառավարությունն անպայման ուզում է մի բան անել այդ ոլորտի զարգացման համար, թող մեծացնի ԲՈՒՀ-երում ծրագրավորման ուսանողների թիվը»:

00:34, 18 մայիսի, 2005 hetq.am. «Մենք չունենք որեւէ խնդիր, որը վերաբերում է միայն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին։ Մենք ունենք ընդհանուր՝ երկրին եւ ազգին վերաբերող խնդիրներ: Եթե դրանք լուծվեն, ապա ամենաառաջին հերթին դա դրականորեն կանդրադառնա ՏՏ-ի ոլորտի վրա, քանի որ այստեղ ամենակենսունակ ուժերն են հավաքված»:

Հակառակ կողմն էլ միշտ խոսում է զանազան նորանոր ստրուկտուրաներ ստեղծելու անհրաժեշտության մասին, որոնք իրականում լրացուցիչ ֆինանսական ծախս և ադմինիստրատիվ խոչընդոտ են լինելու բիզնեսի ուսերին:

Ինչպես տեսնում ենք, սա բոլորովին աջերի և ձախերի խոսակցություն չէ: Սա խոսակցություն է պետության ավելորդ միջամտությունից և ծախսերից վախեցող գործարարի և բյուրոկրատիայի միջև:

Մեր տեսակետը միշտ նույնն է եղել` չի կարելի բիզնեսին միջամտել: Չի կարելի թողնել, որ պատեհապաշտ և ոչ կոմպետենտ մարդիկ որոշեն բիզնեսի զարգացման ուղղությունները: Ապահովեք բարենպաստ միջավայր, և բիզնեսը Հայաստանում այնպես կծաղկի, որ դուք էլ կզարմանաք:

Ցավոք, տարբեր ստրուկտուրաների ախորժակը չի քչանում, այլ մեծանում է: Պետության միջամտությունը նույնպես մեծանում է և արդեն համակարգված էքսպանսիայի բնույթ է ստանում:

Կառավարության 2011թ. ծրագրից. «Արմատական փոփոխությունը, որն առաջարկում ենք տնտեսական քաղաքականության մեջ, այն է, որ այսուհետեև պետությունը պատասխանատու է լինելու ոչ միայն բարենպաստ բիզնես միջավայրի համար, այլև ուղղակիորեն մասնակցելու է ճյուղային արդյունաբերական քաղաքականության իրականացմանը»:

Հայաստանի ՏՏ ճյուղին 10 տարի ուղղակիորեն մասնակցելու արդյունքում, այն այսօր խորը ճգնաժամի մեջ է: Այդպես է նաև շատ այլ ոլորտներում:

ՏՏ ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկն ասում է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: NEWS.am. «ՏՏ վարչության պետի պաշտոնում նշանակելու համար ոլորտի մասնագետներին վերջերս հրավիրեցի մասնակցելու մրցույթի, ոչ ոք չեկավ, ինչո՞ւ չեկան, որովհետև աշխատավարձը ցածր էր: Ղեկավարի աշխատավարձը լինում է 140-150 հազար, մասնագետներինը՝ մոտ 70 հազար: Կա՞ն ցանկացողներ, եթե կան, խնդրում եմ եկեք»: Բարձր ինտելեկտուալ կարողություններն ու ցածր աշխատավարձը չեն համատեղվում, դա է ցույց տալիս այժմ էկոնոմիկայի նախարարության ՏՏ վարչությունում բարձրորակ մասնագետների պակասը»:

Հայաստանում ոչ միայն աջ և ձախ քաղաքական ուժեր չկան, առավել ևս չկան բավարար թվով պարկեշտ և պրոֆեսիոնալ գործիչներ, որոնք կկարողանան տնտեսական ծրագրեր իրականացնել: Փոխարենը, անթիվ գործիչներ կան, որոնք պատրաստ են ծախսել ցանկացած մեծության գումարներ: Սա որոշիչ հանգամանք է, որը խիստ սահմանափակում է պետության քայլերը:

Ինչպիսի՞ն պետք է լինի պետության դերն այս պարագայում: Պետությունը պետք է վերցնի այնքան ֆունկցիա, ինչքանի համար ունի պարկեշտ և պրոֆեսիոնալ կատարողներ: Տնտեսական հարցերում պետությունը պետք է երկու բան անի` ապահովի օրենքների կատարումը և մնացած ռեսուրսներն ուղղի կրթությանը: Այսինքն, վարի ծայրահեղ աջ տնտեսական քաղաքականություն: Բոլոր թույլ զարգացած երկրները, որոնք կարողացել են աղքատության փոսից դուրս գալ, այսպես են վարվել:

Դժվար է պատկերացնել, որ մեր պետությունը սիրով կգնա այսպիսի քայլերի: Բիզնեսն այս ուղղությամբ անելիքներ ունի: Նա պետք է պետությանը պարտադրի՝ լինել օրինապահ ու հաշվետու, և պետք է զբաղվի կրթության խնդիրներով բոլոր մակարդակների վրա, դպրոցից մինչև բարձրագույն ղեկավարություն:

Ամենաընթերցվածը