RM Auctions աճուրդի տունը վաճառքի է հանել 1928թ արտադրության զրահապատ Cadillac V-8 Town Sedan ավտոմեքենան, որը պատկանել է ամերիկյան գանգստեր Ալ Կապոնեին: Ավտոմեքենայի արժեքը գնահատվում է 300-500 հազար դոլար: Աճուրդը տեղի կունենա Միչիգան նահանգի Փլիմութ քաղաքում: Այդուհանդերձ, նշվում է, որ ոչ մի հաստատող փաստաթուղթ չկա, որ ավտոմեքենան պատկանել է Ալ Կապոնեին: Դա պնդում է ավտոմեքենայի նախորդ տերը:
RM Auctions-ի տեղեկություններով, ավտոմեքենան զրահապատվել է Ալ Կապոնեի պատվերով: Զրահի ընդհանուր քաշը կազմում է 1.3 տոննա: 2008թ Ռիչարդ Քափսթրանը, ում հայրը զբաղվել է ավտոմեքենաներ զրահապատելու գործով, հայտարարել է, որ Կապոնեն աշխատանքի համար պայմանավորվածից կրկնակի ավել է վճարել: 90 ձիաուժ հզորությամբ Կադիլակն կարող է ժամում 112 կմ արագություն զարգացնել:
Իտալական ծագումով հանցագործ Ալֆոնսո Կապոնեն 20-րդ դարի 20-30-ականներին ԱՄՆ-ում «չոր օրենքի» տարիներին զբաղվում էր ալկոհոլի վաճառքով, կողոպուտով եւ ռեկետով: 1931թ նա դատապարտվել է ազատազրկման: Նա բանտից դուրս է եկել 1939թ, իսկ 1947թ մահացել է Ֆլորիդայում:
