Հայաստանում առաջիկայում թանկանալու է նոտարական ծառայությունը, քանի որ ներդրվում է լատինական նոտարական համակարգ: Դրանով բարձրանալու է նոտարիատի կշիռը, իսկ համակարգի էությունն էլ այն է, որ նոտարն իր գործողության ամբողջ պատասխանատվությունը վերցնում է անձնապես իր վրա: Այդ մասին Ազատություն ռադիոկայանին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էր ասում: Նա բացատրում էր նաեւ, թե հենց դրա համար էլ պետք է նոտարի ծառայությունը թանկանա:
«Եթե առք ու վաճառքի պայմանագիրն արժի, ասենք, 20 հազար դրամ, իսկ առք ու վաճառքի առարկան այս դեպքում 10 միլիոն դոլար արժողությամբ շենք է, ի՞նչ եք կարծում, եթե այդ նոտարը խելագար չի, այդ 20 հազար դրամի հիման վրա այդ ռիսկին կգնա՞: Չի գնա, իհարկե», ասում է նախարարը:
Մնում է, որ Հրայր Թովմասյանն ասի, թե որն է պայմանագրի այն համարժեք գինը, որի պարագայում նոտարը կգնա 10 միլիոն դրամ արժեցող գործարքի ռիսկին: Զարմանալի տրամաբանությամբ է Հայաստանի կառավարությունը թանկացնում նոտարական ծառայության գինը:
Եթե նոտարը որեւէ գործարք է կնքում, ապա նրա պատասխանատվությունը չպետք է պայմանավորված լինի սխալի դեպքում փոխհատուցվելիք փողի ռիսկով: Նոտարը պետք է սխալ թույլ չտա, անկախ այն բանից, թե ինչ գին է վերցնում իր ծառայության դիմաց կամ ինչ արժեք ունի խնդրո առարկան:
Այլապես, պարզ է, որ անհնար է նոտարի ծառայության այնպիսի գին սահմանել, որ համարժեք լինի գործարքների գնին: Օրինակ, եթե ինչպես նախարարն է նշում՝ 10 միլիոն է առքուվաճառքի առարկան, ապա նոտարին առնվազն 5 միլիոն պետք է վճարել, որ արդարացված լինի նրա անձնական ռիսկը: Դա եթե նայում ենք հենց այդ ռիսկի արդարացվածության տրամաբանությամբ:
Նույն տրամաբանությամբ կարելի է ցանկացած պետական ծառայության գին բարձրացնել, ասելով, որ պաշտոնյայի համար ռիսկի հարց կա:
Այլ խնդիր է, եթե ծառայության գինը բարձրանում է որակական լրիվ նոր լուծումների, քաղաքացու սպասարկման լրիվ նոր աշխատաոճի պատճառով: Ընդ որում, անգամ այդ թանկացումը պետք է լինի այնպիսին, որ մարդկանց համար նոտարի ծառայությունից օգտվելը չդարձնի բժշկի ծառայությունից օգտվելուն հավասարազոր, երբ մարդկանց հսկայական մասը չի դիմում բժշկի՝ ունենալով դրա նույնիսկ էական անհրաժեշտությունը, որովհետեւ չունի համապատասխան փող:
Արդարադատության նախարարն ասում է, որ նոտարը պետք է հարուստ լինի, որովհետեւ իր սեփական միջոցներով է ռիսկ կրում: Ոչ ոք դեմ չէ, թող նոտարը հարուստ լինի, բայց նոտարի հարստություն ապահովող կառավարությունն էլ թող չմոռանա, որ երկրում կա 30 տոկոսից ավելի աղքատություն, հետեւաբար նոտարներին հարստացնելիս կառավարությունը թող աշխատի այնպես անել, որ դա տեղի չունենա աղքատ կամ սոցիալապես անապահով քաղաքացիների գրպանի հաշվին:
Թեեւ, Հայաստանում իհարկե հարստանալու այլ ձեւ իշխանությունը յուրայինների համար կարծես թե չի էլ ապահովել մինչ այժմ: Նրանք բոլորն էլ հարստանում են ժողովրդի կամ պետության հաշվին, ինչն ըստ էության նույն բանն է:
Այնպես որ, նոտարական նոր համակարգը ըստ երեւույթին անունով է լինելու լատինական, իսկ ըստ էության այն երեւի թե լինելու է զուտ հայկական, երբ իշխանությունը մարդկանց որոշակի շրջանակի համար կապահովի բիզնեսի եւ հարստության նոր աղբյուր, հատկապես երբ շատ աղբյուրներ ցամաքում են օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարբեր պատճառներով:
