2012 թվականը համաշխարհային տնտեսության համար լինելու է պարենային ճգնաժամային տարի: Այսօրվա ասուլիսում նման դիտարկում արեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ նշելով, որ դա չի շրջանցի Հայաստանի պարենի շուկան:
Տնտեսագետի խոսքով՝ պարենի ճգնաժամից խուսափելու համար առաջին հերթին պետք է զարգացնել տեղական արտադրությունը, ինչի ուղղությամբ Հայաստանում նախորդ տարվանից աշխատանքեր տարվում են: Մյուս կողմից պետք է ընդարձակվեն երկրի պարենի պետական պաշարները:
«Բավականին մտահոգիչ խնդիրներ կան: Ինքս անձամբ շփվում եմ գյուղացիների հետ, ամեն օր գյուղերում եմ լինում, և առայժմ կրիայի քայլերով են առաջ գնում: Դեռ մշակովի տարածքների կեսից ավելին չի օգտագործվում: Մենք ի վիճակի ենք բեկում մտցնել այստեղ, շատ ավելի վճռական պետք է լինենք»,- նշեց տնտեսագետը:
Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ զարմանալի է, որ այս փուլում համատարած մտահոգություն է նկատվում դոլարի արժևորման մասով: Տնտեսագետի կանատեսումերով՝ հուլիսին կնկատվի դրամի արժևորում՝ պայմանավորված տնտեսության որոշ ոլորտների աշխուժացմամբ:
«Բազմաթիվ մտահոգություններով հանդերձ կարող եմ ասել, որ արտաքին ազդակները, որոնք բերում են դրամի արժեզրկմանը, բացասական առումով որոշիչ ազդեցություն չեն ունենա տնտեսական գործընթացների վրա»,- ասաց նա:Թաթուլ Մանասերյանը նաև նշեց, որ այս փուլում գյուղմթերքի գների նվազումն ազդում է ընդհանուր սպառողական գների ինդեքսի վրա, և երկրում էական գնաճ չի արձանագրվում:
