Այս տարի ծիրանի արտահանման և մթերման ծավալների ավելացում է նկատվում: Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, այս տարի հանրապետությունից արտահանվել է 6400 տոննա պտուղ-բանջարեղեն, որից 4407 տոննա ծիրան: Այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանված ծիրանի ծավալը կազմել էր 2618 տոննա:
Ծիրանի արտահանման և մթերման գործընթացը այս փուլում շարունակվում է: Գյուղանախարարությունը ծիրանի արտահանման և մթերման ծավալների էական աճ է սպասում` հաշվի առնելով, որ այս տարի բերքի ծավալների աճ է արձանագրվել: Փոխնախարարի հավաստմամբ` արտահանման ենթակա ծիրանի մեկ կգ-ն գյուղացուց գնում են 300-400 դրամով:
Գյուղատնտեսության նախարարությունը գտնում է, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գրավականը արտահանման ծավալների ավելացումն է: Ռոբերտ Մակարյանը կարծում է, որ սխալ է արտահանումների վրա սահմանափակում դնելը: Հայաստանից գյուղմթերքն արտահանվում է հիմնականում Ռուսաստան, Վրաստան և Ուկրաինա:
Այս տարի հանրապետության մթերող ձեռնարկությունների կողմից արդեն մթերվել է 3300 տոննա պտուղ-բանջարեղեն, որից շուրջ 2000 տոննան ծիրանի մասնաբաժինն է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մթերվել էր գրեթե նույն ծավալի ծիրան: Մթերվող գյուղմթերքի գինն այնքան էլ բարձր չէ` տատանվում է 70-120 դրամի սահմաններում:
Հանրապետության վերամշակող ձեռնակություններն այսօրվա դրությամբ գյուղացիների հետ կնքել են 4270 պայմանագիր: Գյուղացիական տնտեսություններին մթերող ձեռնարկությունների կողմից հատկացվել է 120 մլն դրամի կանխավճար:
