ՊԵԿ-բիզնես on line շփման կատարելագործում

  • Բիզնես - Երեքշաբթի, 29 Մայիսի 2012, 17:19

ՊԵԿ-հարկ վճարող on line շփումը խրախուսելու նպատակով կոմիտեում գործարկվել են հարկային և մաքսային ծառայությունների պաշտոնական կայքէջերը` լիովին թարմացված տարբերակով: Կոմիտեում այսօր տեղի է ունեցել www.taxservice.am և www.customs.am կայքերի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՊԵԿ ղեկավարությունը, միջազգային հեղինակավոր կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ:

Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը ընդգծել է, որ վերջին տարիներին կառույցում մեկնարկած բարեփոխումների շղթայում կարևորվում է, թե ինչ միջոցներով է կապ հաստատվում հասարակայնության և բիզնես միջավայրի միջև:

Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի, ներդրվել են մի շարք նորամուծություններ, դրանցից մեկը կայքում զետեղված տեղեկատվության դասակարգումն է ըստ օգտվողների խմբերի: Հարկային ծառայության կայքի նորամուծություններից  է հարկային օրացույցի և նրա ժամանակակից էլեկտրոնային ծանուցման ծառայությունը, ինչը հնարավորություն է տալիս գրանցվել և պարբերաբար ստանալ ծանուցումներ՝ հարկերի, տուրքերի, վճարների, դրանց վճարման և հաշվետվությունների ներկայացման ժամանակահատվածների վերաբերյալ:

Կայքում ավելացվել է հարկ վճարող-ՊԵԿ անմիջական կապի հաստատման հնարավորություն՝ ըստ հարկատուի գործունեության կազմակերպա-իրավական տեսակի:

Իսկ մաքսային ծառայության կայքի նորամուծությունը Ներքին տարանցման փնտրման համակարգն է, ինչի  շնորհիվ տնտեսվարողն արագ և հստակ կարող է տեղեկատվություն ստանալ՝ վերջին 10 օրում  ցամաքային փոխադրամիջոցներով ներմուծված ապրանքների  վերաբերյալ: Կայքում երևում է ՀՀ բոլոր ցամաքային մաքսային կետերում կատարված վերջին 20 փոխադրման ամփոփագրերի գրանցման ժամային պարբերականությունը: Ներդրված էլեկտրոնային փոստային առաքման ծառայության շնորհիվ էլ այցելուն կարող է տեղեկացված լինել հարկային դաշտի վերջին նորություններին:

Ի դեպ, կայքերը գործում են հայերեն և անգլերեն լեզուներով: Նորամուծությունների արդյունքում այցելուները կարող են զետեղված տեղեկատվությամբ  կիսվել(share)  նաև սոցիալական ցանցերում: Իսկ որպեսզի դյուրացվի կայքերից օգտվելու գործընթացը, սպասարկման կենտորններում հարկ վճարողներին ուղեցույցեր կտրամադրվեն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ամենաընթերցվածը