ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է դրամի արժեզրկման հանգամանքին:
«Այս օրերին ինձ շատ են դիմում քաղաքացիներն ու լրատվամիջոցները՝ խնդրելով մեկնաբանել դրամի արժեզրկման հետ կապված հանգամանքը։ Բացի այդ մարդկանց հուզում է հետևյալ հարցը՝ ինչպես կարելի է նվազեցնել կորուստները արժեզրկման միտումների շարունակման դեպքում։ Սրա հետ կապված ուզում եմ նշել հետևյալը։
1. Կարծում եմ, որ 2012-ի ընթացքում դրամի արժեզրկման միտումները կգերակայեն դրա արժևորման միտումների նկատմամբ։ Ուզում եմ հուսալ, որ կլինի սահուն արժեզրկում, 2012-ին գահավիժում չի լինի։ Գահավիժում կամ ավելի տեմպով արժեզրկում սպասում եմ 2013-ին, նախագահական ընտրություններից հետո, երբ հերթական ընտրակաշառքի արդյունքում փողի (դրամի) բազան կավելանա, ինչպես նաև հարկ կլինի վճարել շուրջ 500 մլն դոլարի արտաքին պարտք։ Անշուշտ վերը նշվածը կարող է ի չիք դառնալ, եթե հանկարծ նավթի գները սկսեն աճել, և դոլարը արժեզրկվի, կամ էլ մեկ էլ տեսար կառավարությունը կամ ԿԲ-ն նորից պարտք վերցնեն և խնդիրը մի քանի տարով հետաձգեն։
2. Դրամի արժեզրկումը կբերի լրացուցիչ գնաճի։ Տնտեսության առանցքը ներմուծումներն են, իսկ այս դաշտը մոնոպոլ կամ օլիգոպոլ դաշտ է։ Դատելով նրանից, որ մենաշնորհ օլիգարխները գրեթե առանց փոփոխության անցան ԱԺ, ՀՀԿ-ն ստացավ ('գնեց') էլ ավելի 'մեծ' մեծամասնություն, հակամենաշնորհային քաղաքականությունը բացառված է։ Այս պայմաններում դրամի ցանկացած արժեզրկում ավտոմատ բերելու է գնաճի։
Այնուամենայնիվ, ի՞նչ խորհուրդ կարելի է տալ հասարակ քաղաքացուն կամ փոքր բիզնեսի ներկայացուցիչներին։
Ա. Բոլոր խնայուղությունները պահել դոլարով (ծայրահեղ դեպքում ռուսական ռուբլով, իսկ էլ ավելի ծայրահեղ դեպքում՝ եվրոյով)։ Հասկանում եմ, որ սովորական մարդիկ խնայողություն քիչ ունեն կամ բոլորովին չունեն։ Է, ինչ որ ունեն։ Չգայթակղվել դրամի վրա բանկերի կողմից տրված բարձր դեպոզիտներով։
Բ. Աշխատել ապրանքների ու ծառայությունների գնման պայմանագրերը անել դրամով, վաճառքինը՝ դոլարով։
Գ. Չհրապուրվել երկարաժամկետ դեպոզիտների բարձր տոկոսներով։
Դ. Հնարավորության սահմաններում ստեղծել առաջին անհրաժեշտության ապրանքների պաշարներ։ Հաջողություն եմ մաղթում»,- գրել է նա։
