Ամերիկյան JP Morgan Chase բանկի վերջին շաբաթների անհաջող ֆինանսական գործարքները, որոնց հետեւանքով բանկը 2 մլրդ դոլարի կորուստ է ունեցել, վկայում են Ուոլ սթրիթի բարեփոխման անհրաժեշտության մասին: Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«JP Morgan Chase-ի կառավարումը ամենալավերից մեկն է, իսկ նրա գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնն ԱՄՆ-ում ամենաորակավորված մասնագետներից է: Եվ, այդուհանդերձ, բանկի վնասները կազմում են 2 մլրդ դոլար», ասել է Օբաման՝ նշելով, որ տեղի ունեցածի մանրամասները պետք է պարզի հատուկ հետաքննությունը:
Նախագահի խոսքով, եթե նման կորուստներ ունենար մեկ այլ ոչ այդքան կայուն ու բարձր եկամտաբերություն ունեցող բանկ, հնարավոր է, պետությունը ստիպված լիներ միջամտել: Հենց այդ պատճառով էլ, ըստ Օբամայի, պետք է բարեփոխումներ անցկացնել Ուոլ սթրիթում:
Մի քանի օր առաջ ակտիվների ծավալով ԱՄՆ խոշորագույն բանկի գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ վարկային ածանցյալների սխալ գործարքների հետեւանքով 2 մլրդ դոլարի կորուստ են ունեցել: Սակայն, Դայմոնի խոսքով, բանկը շարունակում է շահութաբեր լինել: Ի դեպ, հենց Դայմոնն էր հանդես գալիս բարեփոխումների դեմ եւ քննադատում էր կոշտ ֆինանսական կարգավորում հաստատլու կոնգրեսականների մտադրությունը:
