Ամերիկյան Yahoo! ինտերնետ-ընկերության բաժնետերերը պահանջում են ընկերության տնօրեն Սքոթ Թոմփսոնի հրաժարականը, ով այս պաշտոնը զբաղեցրել էր ընդամենը չորս ամիս առաջ: Հրաժականի պատճառն այն է, որ Թոմփսոնը ռեզյումեում իր կրթական մակարդակի վերաբերյալ նշել է ոչ հավաստի տեղեկություններ: Այս մասին հայտնում է «Ասոշիեյթիդ Պրեսը»:
Խոշորագույն բաժնետետերից մեկը` Third Point LLC հեջ-հիմնադրամի տնօրեն Դանիել Լեբը, որին պատկանում է Yahoo-ի բաժնետոմսերի 5,8 տոկոսը, իր բլոգում գրել է, որ անցկացրել է հետաքննություն և պարզել, որ Թոմփսոնն ունի հաշվապահական հաշվառման բակալավրի աստիճան, այլ ոչ թե համակարգչային տեխնոլոգիաների, ինչպես նա նշել էր իր ռեզյումեում:
Լեբը սպառնացել է, որ հայց է ներկայացնելու տնօրենների խորհրդի դեմ, եթե Թոմփսոնին աշխատանքից չհեռացնեն: Ընկերության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ «տնօրենների խորհուրդը վերանայում է այս հարցը և ավելի ուշ բաժնետերերի համար հայտարարություն կտարածի»:
Yahoo!-ի կայքից հեռացվել են գլխավոր տնօրենի մասին բոլոր տվյալները: Թոմփսոնը այն բանից հետո, երբ սկանդալը թափանցել է մամուլ, նամակ է գրել իր աշխատակիցներին` կոչ անելով «կենտրոնանալ Yahoo!-ի հաճախորդների վրա»:
Սա արդեն առաջին կոնֆլիկտը չէ ընկերության ղեկավարության և ներդրողների միջև: Անցած տարվա վերջին բաժնետերերը հասան ընկերության ղեկավար Քերոն Բարտցի հրաժարակինին, որին մեղադրում էին ընկերությունը «արժեզրկելու» մեջ:
