Իտալահայ գինեգործ, հայաստանյան գինեգործական ընկերություններին աջակցություն ցուցաբերող Semina Consulting ընկերության նախագահ Վահե Քեուշգուերյանը նախորդ տարվա սեպտեմբերին փորձել է Իտալիայից գինեգործական սարքավորում ներկրել Հայաստան, սակայն հանդիպել է մաքսային ծառայության խոչընդոտներին: Ավելի քան վեց ամիս է` սարքավորումը գտնվում է մաքսատան մաքսային ծառայության աշխատակիցների մոտ, իսկ գործարարին հստակ պատասխան այդպես էլ չեն տալիս:
«Վարորդը մոռացել էր ֆակտուրան վերցնել, բայց մյուս թղթերը նորմալ էին: Այդ խնդրի պատճառով վեց ամիս է` սարքը դեռ մաքսակետում է: Կարևոր սարք է, գինեգործական ընկերություններն անընդհատ հետաքրքրվում են` ինչ եղավ սարքը»,- Lragir.am-ի թղթակցին պատմեց Վահե Քեուշգուերյանը:
Ըստ նրա, սարքը պահելով իրենց մոտ, մաքսային ծառայության աշխատակիցներն այդպես էլ որևէ տեղակատվություն չեն հայտնել խնդրի մասին, չեն ասել, թե հետագայում ինչ է լինելու այդ սարքավորման ճակատագիրը:
«Մինչև իրավաբան չգտանք, այդպես էլ ոչ մի օր գրավոր նամակ չստացանք, որ սարքը մեզ մոտ է, պրոբլեմ կա, հարցը լուծում ենք, այսքան ժամամանակից կլուծվի: Վեց ամիս է` մենք հիմարի նման սպասում ենք: Վեց ամիս անց նոր տեղեկացրել են, որ հարցում են կատարել Իտալիա: Չի կարելի մի բան խոսել, բայց նման անկապ բաներ անել: Երևի ուզում են` գնամ մեկ ուրիշ ձևով լուծեմ հարցերս, ես էլ չեմ գնում»,- դժգոհեց նա:
Վահե Քեուշգուերյանն արձանագրում է, որ պետությունն այսօր գործարարին օգնելու փոխարեն անհարկի խոչընդոտներ է ստեղծում մարդկանց համար, չեն թողնում, որ գործարարներն աշխատեն:
Գինեգործները խոչընդոտների են հանդիպում նաև գինու նմուշներն այլ երկրներ ուղարկելու դեպքում: «Ենթադրենք ֆրանսիացի մեկն ուզում է համտես անել իմ գինին, նոր պատվիրել: Գինու նմուշն օրերով տեղ չի հասնում, թղթաբանությունը շատ է, ամեն հինգ րոպեն մեկ թուղթ ու պեչատ են ուզում»,- նշեց նա:
Եթե շատ երկրներից այլ երկրներ գինու նմուշ ուղարկելն ընդամենը ժամերի հարց է, ապա մեզ մոտից ուղարկելն, ըստ գինեգործի, տևում է ավելի քան մեկ շաբաթ:
Ըստ Վահե Քեուշգուերյանի` Հայաստանում արտադրված գինու որակը չի բարձրանում, քանի որ պետական հսկողություն չի իրականացվում: «Շուկայում վաճառվում է մի անունով գինի, որի խաղողի սորտից սակայն Հայաստանում չկա, եվրոպական սորտ է: Ընդ որում, այդ սորտից միայն սպիտակ գինի կարելի է ստանալ, սակայն սա կարմիր գինի է: Դա ամոթ է: Մի կողմ թողնենք խաբողին, բայց ով պետք է վերահսկողություն իրականացնի: Եթե որակի վերահսկում չլինի, շուկան չի զարգանա, լրջության պակաս կա այստեղ»,- ընդգծեց նա:
Իտալահայ գինեգործը իշխանություններին կոչ է անում լրջորեն վերհսկել այս շուկան, չկանգնել մասնավորի ճանապարհին և անհարկի խոչընդոտներ չստեղծել: Ըստ նրա` Հայաստանի հիմնական խնդիրն այն է, որ օրենքը չի հարգվում և տարբեր մարդկանց համար տարբեր կերպ է գործում:
