Բրյուսելում տեղի է ունեցել հայ-բելգիական գործարար համաժողով

  • Բիզնես - 06 Դեկտեմբերի 2017, 13:23
Բրյուսելում դեկտեմբերի 1-ին տեղի ունեացավ «Նոր հնարավորություններ Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում» խորագրով գործարար համաժողով, որը կազմակերպել էր Բելգիայում ՀՀ դեսպանությունը և ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչի գրասենյակը` Հայ-բելգիական առևտրի պալատի հետ միասին, Վալոնիայի արտահանման ու ներդրումների, Ֆլանդրիայի ներդրումների ու առևտրի գործակալությունների և Ագորիա գործարար ակումբի հետ համագործակցաբար: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Համաժողովին մասնակցում էին նաև ԵՄ կառույցների պաշտոնյաներ, «EU4Business» նախաձեռնության, Բրյուսելում ՎԶԵԲ գրասենյակի ու շուրջ չորս տասնյակ բելգիական և հոլանդական ընկերությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:

Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր բացման խոսքում նշեց, որ հայ-բելգիական հարաբերությունների ներկա մակարդակն ու դինամիկան նպաստում են տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության զարգացմանը, այդ թվում՝ առևտրի, գիտության, ներդրումների, զբոսաշրջության և այլն: 

Դեսպանը նաև հավելեց, որ Բելգիան ավանդաբար եղել է հայկական ապրանքների արտահանման կարևոր ուղղություններից մեկը, և Հայաստանը հետաքրքրված է ընդլայնել իր ներկայությունը բելգիական շուկայում: Դեսպանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը, որը նոյեմբերի 24-ին ստորագրվեց Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, ինչպես նաև մի շարք կարևոր ոլորտային այլ համաձայնագրեր նպաստում են Հայաստանում՝ բելգիական ու այլ ձեռնարկությունների կողմից գործունեություն ծավալելու համար առավել կայուն միջավայրի ձևավորմանը: «Մենք խրախուսում ենք բելգիական ընկերություններին ուսումնասիրել ներդրումային հնարավորությունները Հայաստանում և մասնակցել ներդրումային ծրագրերին»,- նշել է դեսպան Մարգարյանը:

Համաժողովի ընթացքում ելույթներ ունեցան Եվրոպական Հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ԱՊՀ երկրների բաժնի ղեկավար Պ. Սուրմելիսը, ՀՀ Տնտեսական Զարգացման և Ներդրումների Նախարարության Նեդրումների ներգրավման վարչության պետ Վահագն Լալայանը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի առաջին փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը, Հայ-բելգիական առևտրի պալատի պատվավոր նախագահ Բ. Կուլին, «Սմարթգեյթ» ընկերության հիմնադիր գործընկեր Ա.Արզումանյանը, Հայաստանի Զարգացման Հիմնադրամի ներդրումների հարցերով տնօրեն Ա. Հովհաննիսյանը և ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը: 

Պ. Սուրմելիսը ներկայացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի տնտեսական բաղադրիչը և այն տարրերը, որոնք ուղղված են նոր ներդրումների նեգրավվմանը և արտահանման խրախուսմանը: Վ. Լալայանն իր ելույթում հանգամանորեն անդրադարձավ ՀՀ կառավարության ներդրումային քաղաքականությանն ու նեդրումային հնարավորություններին: Բ. Ենգիբարյանը ներկայացրեց Բելգիայի հետ իրակացվող աշխատանքների առաջընթացը, մասնավորապես, 5G կապի ոլորտում տարվող հայ-բելգիական համատեղ աշխատանքները, ինչպես նաև ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականությունն ու ներդրումային հնարավորությունները: Մ. Ապրեսյանի կողմից ներկայացվեցին զբոսաշրջության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև հայ-բելգիական գործակցության ներուժը:

Այնուհետև, ներկա գործարարների մասնակցությամբ շահագրգիռ քննարկումներ ծավալվեցին: Մի շարք բելգիական ընկերությունների հետ քննարկվեցին նրանց առանձին ծրագրերն ու նախագծերը, ձեռք բերվեցին առաջիկայում Հայաստան այցելելու պայմանավորվածություններ:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հայկական գինիների և «Արարատ» կոնյակի համտես-վաճառք:

Ամենաընթերցվածը