Կառավարությունն ակնկալում է «Doing Business» զեկույցում Հայաստանի դիրքը բարելավել 12 կետով

  • Բիզնես - 13 Սեպտեմբերի 2017, 17:21
Տնտեսության առաջընթացի և գործարար միջավայրի բարելավման շրջանակում Համաշխարհային բանկի «Doing Business» զեկույցի շրջանակում հաստատվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը։ Հաստատված 49 միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է, որ ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից, այլ հավասար պայմաններում, կբարելավվի 12 կետով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին նշված է ՀՀ կառավարության ներկայացրած 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվության մեջ: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական կարգավորումների ուղղությամբ, մասնավորապես, նվազեցվել է գյուղատնտեսության ոլորտի ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող բնական գազի սակագինը: Հստակորեն սահմանվել են հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու հանցագործություն համարվող բոլոր գործողությունները, ինչպես նաև կրկնակի բարձրացվել է դրանք չվճարելու խոշոր չափի նվազագույն շեմը` 2 միլիոնից դառնալով 4 միլիոն դրամ: Հաստատվել են ԱԱՀ գումարներն արտահանողներին վերադարձնելու պարզեցված ընթացակարգեր՝ մինչև 20 մլն ԱԱՀ գումարների վերադարձի համար սահմանելով 4 օր:

Ոչ պետական մարմիններին (լիազորված օպերատորներ` Հայփոստ, Արդշինբանկ, Ամերիաբանկ և Կոնվերս բանկ) վերապահվել է պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որոշ գործառույթներ, գործարարների հետ քննարկումների արդյունքում բացահայտվել են խնդիրներն ու մշակվել հնարավոր լուծումները; Ռուսաստանի Դաշնությունից ալմաստի հումքի մտակարարումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հստակեցվում են ընթացակարգերը։

Արդյունքում` կսկսվեն ալմաստի հումքի կանոնավոր մատակարարումները ՌԴ Գոխրանից: «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ կողմից 2016թ-ի սեպտեմբեր ամսից ի վեր թվով 63 տնտեսվարողի տրամադրվել է ընդհանուր 2․3 մլրդ դրամի չափով արտոնյալ վարկեր։ ՏՏ ոլորտում երկարաձգվել է հարկային արտոնություններից օգտվելու նախկին ժամկետը` 2020թ. հունվարի 1-ի փոխարեն արտոնություններից օգտվելու ժամկետը սահմանվել է 5 տարի: 2016թ․ սեպտեմբերից մինչ այժմ հավաստագրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 144 սկսնակ ընկերություն:

Ամենաընթերցվածը